ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Երևան քաղաքում (այսուհետ` Երևան) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկություններն ու լիազորությունները, լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության իրականացման դեպքերը և ընթացակարգը:
| Հոդված 2. | Երևանի իրավական կարգավիճակը և վարչական սահմանները |
1. Երևանը համայնք է՝ Երևանի բնակչության հանրություն:
2. Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
3. Երևանը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:
4. Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
5. Երևանի վարչական սահմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
6. Երևանը բաժանվում է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:
7. Երևանի վարչական շրջանների սահմանները սահմանվում են Երևանի ավագանու որոշմամբ:
| Հոդված 3. | Երևանի տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքները |
1. Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման սկզբունքների վրա:
| Հոդված 4. | Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց ձևավորման կարգը, իրավական կարգավիճակը և այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները |
1. Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են`
1) Երևանի ավագանին (այսուհետ` ավագանի).
2) Երևանի քաղաքապետը (այսուհետ` քաղաքապետ):
2. Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:
3. Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից:
4. Ավագանին կազմված է 65 անդամից։
5. Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
6. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը:
7. Ավագանու անդամը չի կարող միաժամանակ աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, զբաղեցնել պաշտոն Երևանի ենթակայության կազմակերպություններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ, զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը:
8. Սույն հոդվածով սահմանված անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով:
9. Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների հաշվառմամբ) և ավագանու անդամ համարվող անձը:
10. Քաղաքապետը`
1) ներկայացնում է Երևանը որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում.
2) ղեկավարում է քաղաքապետարանի աշխատանքները.
3) ավագանու անդամ է.
4) ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով.
5) օրենքով նախատեսված դեպքերում, որպես համայնքի (Երևանի) ներկայացուցիչ, հանդես է գալիս դատարանում՝ ներկայացնելով Երևանը՝ որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:
11. Ավագանու և քաղաքապետի ընտրության անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
| Հոդված 5. | Երևանում տեղական ինքնակառավարման իրավական հիմքերը |
1. Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են սույն օրենքով և այլ օրենքներով:
2. Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և այլ օրենքներով:
3. Սույն օրենքով նախատեսված համայնքային քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջների հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
| Հոդված 6. |
Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը և պաշտոնական համացանցային կայքը |
1. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` Արգիշտի փողոց 1 հասցեում:
2. Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել նաև այլ վայրում:
3. Երևանի պաշտոնական համացանցային կայքն է՝ www.yerevan.am:
| Հոդված 7. |
Երևանի խորհրդանիշները |
1. Երևանի խորհրդանիշներն են`
1) Երևանի զինանշանը.
2) Երևանի դրոշը.
3) Երևանի օրհներգը:
2. Երևանի զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև Երևանի օրհներգը սահմանում է ավագանին:
3. Ավագանու, քաղաքապետի նստավայրի շենքի վրա, ավագանու նիստերի դահլիճում և քաղաքապետի աշխատասենյակում տեղադրվում են Երևանի դրոշն ու զինանշանը:
4. Երևանի խորհրդանիշների օգտագործման կանոնները և պահանջները, ինչպես նաև դրանց պարտադիր օգտագործման դեպքերը և կարգը սահմանում է ավագանին:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՎԱԳԱՆԻՆ
| Հոդված 8. |
Ավագանու լիազորությունները |
1. Ավագանին`
1) ընդունում է իր կանոնակարգը.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրում է քաղաքապետին.
3) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ.
4) քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան) կանոնադրությունը.
5) սահմանում է քաղաքապետարանի կառուցվածքին, այդ թվում` կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին և հաստիքացուցակին ներկայացվող պահանջները, քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքապետարանի համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց առավելագույն քանակը, պաշտոնային դրույքաչափերը (այդ թվում՝ քաղաքապետի), ինչպես նաև հավելավճարների, լրավճարների չափերը և դրանց տրամադրման դեպքերը.
6) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի զարգացման հնգամյա և այլ ծրագրերի մասին.
7) քաղաքապետի ներկայացմամբ օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ (ներառյալ համայնքի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ): Նշված լիազորության իրականացման ընթացքում ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում տարբեր հարկերի, տուրքերի, վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ.
8) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի սեփականությունը համարվող գույքի գույքագրման և կառավարման կարգի վերաբերյալ, որում պետք է նշվեն Երևանի սեփականությունը համարվող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման եղանակը, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում՝ օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում՝ վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը, ընդ որում որոշմամբ օտարման առաջարկվող հողամասերի դեպքում պետք է նշվեն նաև հողամասերի գտնվելու վայրը, ծածկագրերը․
9) սահմանում է Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը.
10) որոշում է ընդունում վարկերի, փոխատվությունների (այսուհետ նաև՝ փոխառություններ) և օրենքով սահմանված այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ.
11) ի լրումն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` սահմանում է Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ.
12) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության և այդ մասնակցության դադարեցման մասին.
13) որոշում է ընդունում Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փոփոխությունների վերաբերյալ.
14) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի, հատակագծի և դրա փոփոխությունների հաստատման վերաբերյալ.
15) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երևանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.
16) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.
17) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում այլ քաղաքների և այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ.
18) քաղաքապետի կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում.
19) որոշում է ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև նրա մահվան հինգ տարին լրանալը անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում՝ այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա.
20) ի լրումն առևտրի (այդ թվում՝ բացօթյա) և ծառայությունների ոլորտում գործունեության կանոնների` սահմանում է Երևանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, կանոններ և վաճառքի ենթակա լրացուցիչ ապրանքների տեսակները.
21) ի լրումն աղմուկի և փոշու արտանետումների՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` սահմանում է Երևանում լրացուցիչ չափեր, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմաններ և կանոններ՝ ըստ առանձին վայրերի.
22) սահմանում է մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևանի հանրային բացօթյա վայրերի (փողոցի, մայթի, հրապարակի, այգու, պուրակի և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները.
23) սահմանում է առևտրի և ծառայությունների ոլորտի կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց որակավորման աստիճանների չափորոշիչները, դրանց շնորհման, կասեցման և դադարեցման կարգը.
24) սահմանում է շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները.
25) սահմանում է շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը.
26) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները հատուկ տարածք տեղափոխելու, դա կամ դրանք այնտեղ պահելու և հաշվառելու կարգը.
27) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը.
28) որոշում է ընդունում Երևանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների վերաբերյալ.
29) որոշում է ընդունում Երևանում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (այդ թվում՝ հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ.
30) որոշում է ընդունում Երևանում գտնվող համայնքային գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման կարգի, շահագործման լրացուցիչ կանոնների և սահմանափակումների վերաբերյալ.
31) սահմանում է այն շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ.
32) որոշում է ընդունում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ.
33) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» և «Թափոնների մասին» օրենքներով նախատեսված լիազորություններ.
34) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ.
35) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.
36) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու կարգը.
37) քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է քաղաքապետին և վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները.
38) սահմանում է Երևանում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը.
39) սահմանում է Երևանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման սեզոնների (ամառային և ձմեռային) ժամկետները, տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները.
40) սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, իսկ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների համար, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Կառավարության որոշումներով, սահմանում է լրացուցիչ պահանջներ.
41) սահմանում է Երևանի վարչական տարածքում տրանսպորտային միջոցների շահագործման, բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) և մատակարարման կազմակերպման լրացուցիչ պահանջները, պայմանները, սահմանափակումները.
42) սահմանում է Երևանում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները.
43) սահմանում է Երևանի խորհրդանիշների օգտագործման կանոնները և պահանջները, ինչպես նաև դրանց պարտադիր օգտագործման դեպքերը և կարգը.
44) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) ուղեփակոցների և արգելափակոցների տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.
45) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում, և տանիքին, սարքերի, սարքավորումների, այդ թվում՝ արևային կայանների, դեկորատիվ առարկաների և այլ պարագաների ու տարրերի տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.
46) սահմանում է Երևանի վարչական տարածքում ինքնակամ կառույցներ իրականացրած անձանց սեփական նախաձեռնությամբ դրանց քանդման (ապամոնտաժման) դեպքում քանդման ծախսերի իրականացման համար օժանդակության տրամադրման չափը և կարգը.
47) սահմանում է Երևանի վարչական տարածքում զբոսաշրջային գործունեություն իրականացնող տրանսպորտային միջոցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, դրանց հատուկ կայանման և կանգառի թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները.
48) սահմանում է Երևանի վարչական տարածքում ավագանու կամ քաղաքապետի կայացրած վարչական ակտերի հիման վրա (առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման) պետական և համայնքային սեփականությունը համարվող հողամասերի տիրապետման թույլատրելի դեպքերը, կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.
49) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի կամ շինությունների առանց շինարարության իրականացման նպատակային և գործառնական նշանակության փոփոխության լրացուցիչ պայմանները, պահանջները և սահմանափակումները, ինչպես նաև շինության տեսակի փոփոխության պայմանները, պահանջները և սահմանափակումները.
50) սահմանում է Երևանի վարչական տարածքում գործող բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության նկատմամբ քաղաքապետի կողմից իրականացվող վերահսկողության իրականացման կարգը, պահանջները, պայմանները.
51) սահմանում է Երևանի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև ի լրումն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում սահմանված նորմերի՝ Երևանի վարչական տարածքում հեծանվով, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով և առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարման համար նախատեսված այլ տրանսպորտային միջոցներով երթևեկելու լրացուցիչ պայմանները, պահանջները և սահմանափակումները.
52) սահմանում է քաղաքապետի կողմից քաղաքապետին կից համապատասխան բնագավառի խորհրդակցական խորհրդի եզրակացության հիման վրա ավագանու հաստատած չափորոշիչներից, կանոններից, պահանջներից և սահմանափակումներից բացառություն նախատեսող թույլտվություններ տրամադրելու կարգը.
53) օրինակելի կանոնադրության հիման վրա հաստատում է քաղաքապետի կողմից կամ համագործակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը, ինչպես նաև աշխատանքային պլանը.
54) սահմանում է Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների և այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվության կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կարգը․
55) հաստատում է քաղաքապետարանի կանոնադրությամբ նախատեսված՝ ավագանու հաստատման ենթակա պայմանագրերը (ներառյալ դրանց փոփոխությունները).
56) սահմանում է Երևանի վարչական տարածքում կենդանիներ պահելու կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները և կենդանիների հաշվառման կարգը:
2. Ավագանին կարող է իրականացնել այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
| Հոդված 9. |
Ավագանու անդամի թափուր տեղի համալրումը |
1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ դադարման դեպքում այդ մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում գտնվող անձին: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:
| Հոդված 10. |
Ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը |
1. Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե`
1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
2) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում.
3) ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում քաղաքապետի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում։
2. Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
3. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
4. Ավագանին շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը:
5. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ավագանին իրավունք չունի ընդունելու տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում, անվստահություն հայտնելու քաղաքապետին, ընդունելու կամ փոփոխելու Երևանի սեփականությունը համարվող գույքի կառավարման կարգը:
6. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումից հետո՝ ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:
| Հոդված 11. |
Ավագանու անդամի իրավունքները և պարտականությունները |
1. Ավագանու անդամն իրավունք ունի`
1) նախաձեռնելու ավագանու ակտերի ընդունումը, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով և այլ օրենքներով այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է բացառապես քաղաքապետին, ավագանու խմբակցությանը կամ ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին.
2) ստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, Երևանի ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների.
3) ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու, առաջարկություններ ներկայացնելու քննարկվող հարցերի վերաբերյալ.
4) կատարելու Երևանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ.
5) ավագանու և քաղաքապետի որոշումները, գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու կամ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով.
6) իրականացնելու սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:
2. Ավագանու անդամը պարտավոր է`
1) մասնակցել ավագանու նիստերին.
2) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.
3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երևանի բնակիչների ընդունելություններին.
4) պահպանել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները և անցագրային ռեժիմը.
5) իրականացնել սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ:
| Հոդված 12. |
Ավագանու անդամի շահերի բախումը |
1. Ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում չպետք է մասնակցի ավագանու որոշումների քվեարկությանը:
2. Ավագանու անդամը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ քաղաքապետին:
| Հոդված 13. |
Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը |
1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝
1) դադարել են ավագանու լիազորությունները.
2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.
5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.
6) նա հրաժարական է տվել:
2. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո` եռօրյա ժամկետում` գրավոր դիմում ներկայացնելով։
3. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
4. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված դեպքերում և 6-րդ կետով նախատեսված դեպքում, եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չի վերցրել, ապա համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա քաղաքապետը, իսկ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքապետի պաշտոնակատարը կամ աշխատակազմի ղեկավարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:
6. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետին կամ քաղաքապետի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Քաղաքապետի կամ պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին։ Մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումն ընկած ժամանակահատվածում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
7․ Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացվում է խմբակցության ղեկավարի կամ ավագանու անդամի ներկայացուցչի միջոցով:
| Հոդված 14. |
Ավագանու անդամի գործունեության համար փոխհատուցումն ու գործունեության երաշխիքները |
1. Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու սահմանած կարգով կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը և խմբակցության քարտուղարը կարող են ստանալ քառապատիկի, իսկ մշտական հանձնաժողովի նախագահը և խմբակցության ղեկավարը՝ հնգապատիկի չափով:
2. Քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան գրավոր դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, ընդունել նրան:
3. Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է ավագանու անդամի պահանջով ամսական առնվազն մեկ օր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի վարչական շենքերում կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել ավագանու անդամին` Երևանի բնակիչների ընդունելություն, ինչպես նաև հանրային հանդիպումներ կազմակերպելու համար:
4. Ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել ավագանու՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ քվեարկության, ինչպես նաև ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ:
| Հոդված 15. |
Ավագանու իրավական ակտերը և դրանց ընդունման կարգը |
1. Ավագանին ընդունում է որոշումներ, իսկ Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմինների:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման Երևանի վարչական տարածքում:
3. Ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդով, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի։
4. Ավագանու հայտարարությունները և ուղերձները մեկշաբաթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է քաղաքապետը:
5. Ավագանու որոշումներն ստորագրում և հրապարակում է քաղաքապետը՝ սույն օրենքով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Ավագանու նորմատիվ իրավական ակտերն ընդունվելուց, իսկ անհատական և ներքին իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով: Ավագանու նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում և ուժի մեջ մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
7. Քաղաքապետը ավագանու ընդունած ուղերձն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, պարտավոր է քննության առնել այն և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:
| Հոդված 16. |
Ավագանու որոշումների, հայտարարությունների, ուղերձների ընդունման նախաձեռնությունը, քննարկումը |
1. Ավագանու որոշումների, հայտարարությունների, ուղերձների ընդունումը նախաձեռնելու իրավունքը պատկանում է քաղաքապետին, ինչպես նաև ավագանու անդամին, սույն օրենքով նախատեսված դեպքերում` ավագանու խմբակցությանը, ավագանու անդամների մեկ երրորդին, բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով միայն քաղաքապետի ներկայացմամբ քննարկվող նախագծերի: Քաղաքապետի պահանջով իր ներկայացրած նախագիծը քննարկվում է արտահերթ:
2. Ավագանու որոշումների, հայտարարությունների, ուղերձների ընդունումը կարող է նախաձեռնել նաև ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը:
3. Ընտրողների նախաձեռնությունները կատարելու և ավագանու նիստում դրանք քննարկելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
4. Որոշումների, հայտարարությունների, ուղերձների ընդունման նախաձեռնությունները քննարկվում են ավագանու նիստում՝ ոչ ուշ, քան չորս ամսվա ընթացքում:
| Հոդված 17. |
Ավագանու գործունեության կազմակերպումը |
1. Ավագանին գործում է իր կանոնակարգին համապատասխան` նիստերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքի միջոցով:
2. Քաղաքապետն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ավագանու՝ սույն օրենքով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով սահմանված կարգով գործունեության իրականացման համար:
3. Ավագանու նիստերն արձանագրվում են: Այդ արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում:
| Հոդված 18. |
Ավագանու հերթական նստաշրջանները և նիստերը |
1. Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթիից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթիից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ։ Նիստի օրերը որոշում է ավագանին: Ավագանու որոշած օրը նիստը չկայացած համարվելու կամ ավագանու կողմից հաջորդ նիստի օրվա վերաբերյալ որոշում չընդունվելու դեպքում հաջորդ նիստի օրը որոշում է քաղաքապետը:
| Հոդված 19. | Ավագանու հերթական նիստի օրակարգի և որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերի ներկայացումը |
1. Ավագանու նիստերի օրակարգը նիստից առնվազն երկու շաբաթ առաջ կազմում և հաստատում է քաղաքապետը:
2. Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող՝ ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում կարող են ընդգրկվել նիստից առնվազն երկու օր առաջ:
3. Նախաձեռնության հեղինակը պետք է ներկայացնի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծը և ավագանու կանոնակարգով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Յուրաքանչյուր նախագծի կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները:
4. Նիստի օրակարգը, դրանում ընդգրկված որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերը և դրանց կից փաստաթղթերը օրակարգը հաստատելուց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տրամադրվում են ավագանու անդամներին՝ կանոնակարգով սահմանված կարգով:
| Հոդված 20. |
Հանրության տեղեկացումը ավագանու հերթական նիստերի մասին |
1. Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ քաղաքապետը Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ` կցելով նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի մասին որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերը:
| Հոդված 21. |
Ավագանու նիստը |
1. Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
2. Ավագանու նիստը վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` քաղաքապետի առաջին տեղակալը: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում քաղաքապետը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
3. Ավագանու նիստը իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված ընդհանուր թվի կեսից ավելին:
4. Ավագանու անդամի գրանցումն իրականացվում է կանոնակարգով սահմանված կարգով՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, նիստերի սկզբում: Գրանցումից ուշացած ավագանու անդամի պահանջով նրան սահմանված կարգով գրանցում է աշխատակազմի ծառայողը:
5. Եթե գրանցված ավագանու անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով ավագանու անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝
1) ապահովման դեպքում նիստը վարողն ավագանու անդամներին տեղեկացնում է նիստը սկսվելու մասին.
2) չապահովման դեպքում հերթական կամ արտահերթ նիստերը համարվում են չկայացած:
6. Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ։
7. Ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակման իրականացումն ապահովում է քաղաքապետարանի աշխատակազմը:
8. Քաղաքապետի տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, ունենալու արտահերթ ելույթներ։
9. Ավագանու նիստերին խմբակցությունների առաջարկության հիման վրա և նիստը վարողի հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք:
10. Ավագանու հրապարակային նիստում, ավագանու անդամներից բացի, կարող են ներկա լինել օրենքով նման իրավունք ունեցող անձինք, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատողները:
11. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա լինելու ավագանու հրապարակային նիստերին քաղաքապետարանում առանձնացված տեղում:
12. Ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
| Հոդված 22. |
Ավագանու արտահերթ նիստը |
1. Ավագանու արտահերթ նիստ գումարում է քաղաքապետը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից:
3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և դրանց կցված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո՝ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը պետք է տեղադրվեն նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում:
| Հոդված 23. |
Ավագանու խմբակցությունների ստեղծման կարգը |
1. Ավագանու խմբակցությունները համարվում են ստեղծված նորընտիր ավագանու առաջին նիստի օրը` հետևյալ սկզբունքին համապատասխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:
2. Ավագանու խմբակցությունն ստեղծվելուց հետո քաղաքապետին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:
3. Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին և քաղաքապետին:
4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից:
5․ Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման մասին քաղաքապետը հայտարարում է ավագանու առաջիկա նիստում:
| Հոդված 24. | Խմբակցությունների գործունեության ապահովումը |
1. Ավագանու նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:
2. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում կամ ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով:
3. Խմբակցության գործավարին և փորձագետներին աշխատանքի է ընդունում աշխատակազմի ղեկավարը՝ ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, որոնք կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին:
4. Մինչև յոթ անդամ ունեցող խմբակցությունն ունենում է քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և մեկ փորձագետ, 7-11 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է մեկ գործավար և երկու փորձագետ, իսկ 11-ից ավելի անդամ ունեցողը` մեկ գործավար և երեք փորձագետ:
| Հոդված 25. |
Ավագանու մշտական հանձնաժողովները |
1. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման և նախապատրաստման, ինչպես նաև ավագանու անունից վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է ոչ ավելի, քան չորս մշտական հանձնաժողով:
2. Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների քանակի համամասնությամբ` ավագանու կանոնակարգով սահմանված կարգով։
3. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում ավագանու անդամների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․ Գխ=Ախ /(Պխ +1), որտեղ՝
1) Գխ-ն խմբակցության գործակիցն է,
2) Ախ-ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,
3) Պխ-ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է:
4. Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունն ստանում է մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնի ընտրության և դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հերթական պաշտոնի ընտրության և դրանում թեկնածու առաջադրելու իրավունքն ստանում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությունը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը: Հավասար՝ ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վիճակահանությամբ: Եթե խմբակցությունը չի առաջադրում մշտական հանձնաժողովի նախագահի և (կամ) տեղակալի թեկնածու, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
5. Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչական շրջանների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունները ավագանու մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ։
6. Մշտական հանձնաժողովն իր նիստին կարող է հրավիրել քննարկվող հարցին առնչվող՝ քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
7. Ավագանու անդամների` այս կամ այն մշտական հանձնաժողովին անդամակցելու հարցը լուծում է համապատասխան խմբակցությունը, իսկ դրա անհնարինության դեպքում հարցը լուծվում է ավագանու անդամի դիմումի հիման վրա:
| Հոդված 26. |
Ժամանակավոր հանձնաժողովները |
1. Ավագանու առանձին որոշումների, հայտարարությունների, ուղերձների նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ ավագանուն եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար ավագանու որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ։
2. Ժամանակավոր հանձնաժողովը գործում է մինչև սույն հոդվածի 1-ին մասի լիազորությունների իրականացումը, սակայն ոչ ավելի, քան երկու ամիս: Ավագանու որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների ժամկետը կարող է երկարաձգվել ևս երկու ամսով:
3. Ժամանակավոր հանձնաժողովների վրա տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:
| Հոդված 27. |
Քննիչ հանձնաժողովը |
1. Ավագանու որևէ խմբակցության պահանջով Երևանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննիչ հանձնաժողով։ Պահանջի հետ ներկայացվում է նաև հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը:
2. Խմբակցությունը քննիչ հանձնաժողով ստեղծելը կարող է նախաձեռնել օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:
3. Քննիչ հանձնաժողովը գործում է մինչև տվյալ փաստը պարզելը, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս:
4. Քննիչ հանձնաժողովը բաղկացած է խմբակցությունների մեկական ներկայացուցչից, եթե ավագանին հանձնաժողովի կազմը հաստատելու որոշմամբ չի հաստատում այլ հավասար ներկայացուցչության քանակ։
5. Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչական շրջանների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունները քննող հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների մեկ հինգերորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր: Քննիչ հանձնաժողովի նիստերը հրապարակային են, հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել փակ նիստեր:
6. Քննիչ հանձնաժողովի վրա տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:
| Հոդված 28. |
Այլ պաշտոնատար անձանց պարտադիր մասնակցությունը ավագանու նիստերին |
1. Ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի պահանջով քաղաքապետը, նրա տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են մասնակցել ավագանու որոշած նիստերին և պատասխանել ավագանու անդամների հարցերին։
| Հոդված 29. |
Ավագանու անդամի գրավոր և բանավոր հարցերը |
1. Ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին։ Այդ նիստերի սղագրությունը նիստից հետո՝ երեք շաբաթվա ընթացքում, տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
2. Ավագանու անդամն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու քաղաքապետին, որն այդ հարցերին պատասխանում է երեք շաբաթվա ընթացքում։ Գրավոր հարցերի պատասխանները ավագանու նիստում չեն ներկայացվում:
| Հոդված 30. |
Հրատապ թեմայով քննարկումները |
1. Ավագանու հերթական նիստում ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ։
| Հոդված 31. |
Տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունելը և լսումներ անցկացնելը |
1. Ավագանին տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ քաղաքապետի նախաձեռնությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչև հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունել տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում:
| Հոդված 32. |
Քաղաքապետին անվստահություն հայտնելը |
1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անունը, ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
2. Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:
3. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը ևս կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:
4. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա՝ երկու թեկնածուն: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
6. Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
7. Գործող քաղաքապետը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել քաղաքապետի լիազորություններն ստանձնելուց կամ անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
9. Քաղաքապետին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:
| Հոդված 33. |
Քաղաքապետարանի կանոնադրությունը |
1. Քաղաքապետարանի կանոնադրությամբ սահմանվում են՝
1) ավագանու կողմից հաստատման ենթակա պայմանագրերի տեսակները (ներառյալ դրանց փոփոխությունները).
2) համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը, անհրաժեշտ ֆինանսական միջոցները և դրանց իրականացման կարգը.
3) սույն օրենքով քաղաքապետարանի կանոնադրությամբ սահմանվող այլ կարգավորումներ:
Գ Լ ՈՒ Խ 3
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
| Հոդված 34. |
Քաղաքապետի լիազորությունների դադարումը, դադարեցումը |
1. Քաղաքապետի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորություններն ստանձնելու պահից:
2. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`
1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.
2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
3) հրաժարական է տվել.
4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.
5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.
6) մահացել է:
3. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքի, ավագանին կազմում է քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:
5. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ:
| Հոդված 35. |
Քաղաքապետի լիազորությունների ստանձնումը |
1. Քաղաքապետը իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ.
Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:
Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:»:
2. Քաղաքապետի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
| Հոդված 36. |
Քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը |
1. Քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ և կարող է ունենալ ևս ոչ ավելի, քան հինգ տեղակալ:
2. Քաղաքապետի առաջին տեղակալը կատարում է քաղաքապետի պարտականությունները ընտրված քաղաքապետ չլինելու, քաղաքապետի արձակուրդի կամ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, ինչպես նաև քաղաքապետի հանձնարարությամբ (որոշմամբ)՝ վերջինիս գործուղման ժամանակ կամ հարգելի բացակայության այլ դեպքերում:
3. Քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորություններն ստանձնելու պահից:
4. Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի ավագանու անդամ, որին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին, իսկ ազատում է քաղաքապետը:
5. Քաղաքապետի տեղակալներին, բացառությամբ առաջին տեղակալի, պաշտոնի նշանակում և ազատում է քաղաքապետը:
6. Քաղաքապետի տեղակալներն իրականացնում են իրենց վերապահված լիազորությունները:
7. Քաղաքապետի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում, որպես համայնքի (Երևանի) ներկայացուցիչ, հանդես է գալիս դատարանում:
8. Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաև այլ լիազորություններ:
9. Քաղաքապետը կարող է ունենալ խորհրդականներ, այդ թվում՝ հասարակական հիմունքներով, օգնականներ և մամուլի քարտուղար:
10. Քաղաքապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը:
| Հոդված 37. |
Քաղաքապետի իրավական ակտերը |
1. Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ և արձակում կարգադրություններ, որոնք ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Քաղաքապետի իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով (բացառությամբ աշխատանքային հարաբերություններից բխող իրավական ակտերի) և նույն ժամկետում տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
| Հոդված 38. |
Քաղաքապետի գործունեության կազմակերպումը |
1. Քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի և համայնքային հիմնարկների միջոցով:
2. Քաղաքապետի իրավասության շրջանակում վարչական ակտեր ընդունելու իրավասությունը և այլ գործառույթների ապահովման իրականացումը քաղաքապետի որոշմամբ կարող է վերապահվել քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին և այլ պաշտոնատար անձանց:
| Հոդված 39. |
Քաղաքապետարանի աշխատակազմը |
1. Քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
2. Քաղաքապետարանի աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայությունը կարգավորվում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
3. Քաղաքապետարանի աշխատակազմն ունի կառուցվածքային (դեպարտամենտ, վարչություն, քարտուղարություն, բաժին, ծառայություն) և առանձնացված (վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ) ստորաբաժանումներ:
4. Դեպարտամենտի կազմում կարող են ներառված լինել վարչություններ և (կամ) բաժիններ:
5. Ավագանու որոշմամբ սահմանվում է աշխատակազմին փոխանցվող (սեփականության կամ օգտագործման իրավունքով) գույքի ցանկը, որի տնօրինումը իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:
6. Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը`
1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը և համակարգումը.
2) հսկողություն է իրականացնում քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքի նկատմամբ և դրանց մասին զեկուցում քաղաքապետին.
3) ապահովում է Երևանի բյուջետային ծախսերի կատարումը.
4) կազմակերպում է Երևանի բնակիչների ընդունելությունը, նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը.
5) հաստատում է քաղաքապետարանի աշխատակազմի կողմից զբաղեցված շենքերում և դրանց տարածքում գործող անվտանգության կանոնները և անցագրային ռեժիմը.
6) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.
7) կարող է սահմանել քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների համազգեստի և անհրաժեշտ տարբերանշանների ձևերը․
8) իրականացնում է օրենքով և քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
7. Քաղաքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
| Հոդված 40. | Քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը |
1. Քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է ավագանու աշխատանքները և ապահովում նրա բնականոն գործունեությունը, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
2) առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին և աշխատակազմի ղեկավարին.
3) համայնքային կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին կամ դեպարտամենտների ղեկավարներին.
4) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.
5) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անշարժ գույքի հասցեավորումը և համարակալումը, տրամադրում է անշարժ գույքի հասցե.
6) տալիս է համայնքի անվանումը կամ խորհրդանիշները կամ համայնքի վարչական շրջանների անվանումները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն.
7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին և հաստատում է նրանց հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.
8) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների (այդ թվում՝ հիմնարկների) կառուցվածքի, աշխատողների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
9) հաստատում է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը.
10) նշանակում և ազատում է վարչական շրջանի ղեկավարներին.
11) քաղաքապետարան ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթները և (կամ) բողոքները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով քննելու և որոշումները կայացնելու լիազորությունները վերապահում է աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին և ստորաբաժանումների համայնքային ծառայողներին.
12) օրենքով կամ Կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.
13) վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի ղեկավարի գործունեության նկատմամբ և պատասխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար.
14) իրականացնում է Երևանի սեփականությունը համարվող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը.
15) ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.
16) ավագանու սահմանած կարգով քաղաքապետին կից համապատասխան բնագավառի խորհրդակցական խորհրդի եզրակացության հիման վրա տրամադրում է ավագանու հաստատած չափորոշիչներից, կանոններից, պահանջներից և սահմանափակումներից բացառություն նախատեսող թույլտվություններ.
17) ավագանու սահմանած կարգով տալիս է Երևանի վարչական տարածքում կենդանիներ պահելու թույլտվություն.
18) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու և իր գործունեության մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում.
19) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
2. Քաղաքապետի՝ սույն օրենքով և այլ օրենքներով տրված լիազորությունները լիակատար և բացառիկ են, դրանք կարող են սահմանափակվել միայն օրենքով:
3. Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով լուծում է Երևանի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.
2) մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.
3) օրենքով քաղաքապետի համար պատվիրակված այլ լիազորություններ:
| Հոդված 41. |
Քաղաքապետի լիազորությունները ֆինանսների բնագավառում |
1. Քաղաքապետը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմում է Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում ավագանուն.
2) տնօրինում է Երևանի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.
3) հսկում է գլխավոր ֆինանսիստի և քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ֆինանսական գործունեությունը.
4) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի (այդ թվում` «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» օրենքներով հաշվարկված գույքահարկի և հողի հարկի), տուրքերի և համայնքի մատուցած ծառայությունների դիմաց վճարների, Երևանի սեփականությունը համարվող գույքի օգտագործումից և օտարումից մուտքերի գանձումն ու վերահսկումը.
5) Երևանի բյուջեի հարկերը և օրենքով սահմանված այլ մուտքերը (բացառությամբ եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական հարկի գծով) չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.
6) ավագանու առջև հանդես է գալիս բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ.
7) օրենսդրության շրջանակում ապահովում է քաղաքապետարանում ներքին աուդիտի համակարգի առկայությունը:
| Հոդված 42. |
Քաղաքապետի լիազորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում |
1. Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) «Քաղաքաշինության մասին» օրենքով և այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին քաղաքաշինության ոլորտում վերապահված լիազորություններն իրականացնում է քաղաքապետը.
2) օրենքով սահմանված կարգով տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.
3) տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես բազմաբնակարան շենքի կառավարման մարմին, վերապահված լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով կազմակերպում է Երևանի վարչական տարածքում գտնվող կառավարման մարմին չունեցող բազմաբնակարան շենքերի կառավարումը.
4) սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության նկատմամբ.
5) որոշում է ընդունում Երևանի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունը Երևանի գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու (համապատասխան սահմանելու) վերաբերյալ.
6) որոշում է ընդունում Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի կամ շինությունների առանց շինարարության իրականացման նպատակային և գործառնական նշանակության փոփոխության, ինչպես նաև շինության տեսակի փոփոխության վերաբերյալ.
7) քաղաքաշինական օբյեկտներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու ծրագիր.
8) ընդունում է համայնքային սեփականությունը համարվող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.
9) ընդունում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.
10) իր լիազորությունների շրջանակում իրականացնում է ինքնակամ շինարարության կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները.
11) վերահսկողություն է իրականացնում Երևանի տարածքում գտնվող հողամասերի, շենքերի և շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
12) կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը, վերահսկողություն է իրականացնում մասնավոր գերեզմանատների գործունեության նկատմամբ.
13) կազմակերպում է Երևանի սեփականությունը համարվող հաղորդակցության ուղիների, ջրամատակարարման համակարգերի, կոյուղու, գազի, ոռոգման, ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.
14) կազմակերպում է աղբահանությունը, փողոցների, հրապարակների, այգիների և ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի մաքրումը, բարեկարգումը և կանաչապատումը, վերահսկում է գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից պարտադիր բարեկարգման իրականացումը.
15) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» և «Թափոնների մասին» օրենքներով նախատեսված այլ լիազորություններ.
16) կազմում է Երևանի քաղաքաշինական կանոնադրության նախագիծը և ներկայացնում ավագանուն.
17) ներկայացնում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված և քաղաքապետի որոշմամբ չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված և քաղաքապետի որոշմամբ չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի, քանդման (ապամոնտաժման) և նախկին վիճակի վերականգնման պահանջներ.
18) ներկայացնում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան շահագործելու և պահպանելու պահանջներ.
19) ներկայացնում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առանձին շինությունների արտաքին պատերի ձևափոխումները, այդ թվում՝ երեսպատումը փոփոխելու և նախկին տեսքին բերելու պահանջներ.
20) սահմանված կարգով կասեցնում է նախագծման թույլտվության և (կամ) շինարարության թույլտվության հայտի, դիմումի քննարկումը, եթե ներկայացված հայտի, դիմումի քննարկմամբ պարզվում են կամ ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնց պատճառով առաջանում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխման անհրաժեշտություն, այդ թվում՝ քննարկվող հողամասում քաղաքաշինական գործունեության սահմանափակման կամ բացառման նպատակով, և դիմում է իրավասու մարմիններին համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով: Սույն ենթակետով նախատեսված դեպքում հայտի, դիմումի քննարկումը, իսկ վարչական վարույթ հարուցված լինելու դեպքում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 17-19-րդ կետերով նախատեսված պահանջները գրավոր ներկայացնում է քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձը, որի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված լսումները չեն անցկացվում: Պահանջները ենթակա են կատարման գրավոր պահանջն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում, եթե օրենքով կամ գրավոր ներկայացված պահանջով ավելի երկար ժամանակ սահմանված չէ: Գրավոր պահանջները փոստային առաքմամբ ուղարկվում են իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով և միաժամանակ տեղադրվում են նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որից հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան պահանջները համարվում են հանձնված (ստացված):
3. Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.
2) ընդունում է Երևանի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականությունը համարվող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
| Հոդված 43. |
Քաղաքապետի լիազորությունները հասարակական կարգի պահպանության բնագավառում |
1. Հասարակական կարգի պահպանության բնագավառում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) հետևում է համակեցության կանոնների պահպանմանը.
2) հետևում է ավագանու հաստատած կարգերի, պայմանների, պահանջների, սահմանափակումների և կանոնների պահանջների պահպանմանը.
3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում վարչական պատասխանատվության է ենթարկում վարչական իրավախախտում կատարած անձանց և օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում այդ իրավախախտումների կանխարգելման, նվազեցման, կանխման և բացահայտման համար.
4) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերի առկայության դեպքում իրավասու է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու հատուկ տարածք.
5) իրավասու է ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների և այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվության կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը, ընդ որում՝
ա. դադարեցումն առաջին անգամ կարող է իրականացվել հինգ օր ժամկետով, երկրորդ անգամ՝ 10 օր ժամկետով, երրորդ և հաջորդ բոլոր դեպքերում՝ մեկ ամիս ժամկետով,
բ. սույն մասով սահմանված լիազորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ համապատասխան վարչական ակտն ընդունում է քաղաքապետը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը՝ առանց լսումներ իրականացնելու, որով կարող է նախատեսվել, որ համապատասխան ագրեգատը, շենքը, շինությունը կամ այլ օբյեկտը կարող են կապարակնքվել (կնքվել)․
6) իրավասու է առգրավելու՝
ա. վարչական իրավախախտման կատարման ընթացքում օգտագործվող (վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող) և վարչական իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաները,
բ. Երևանի վարչական տարածքում, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում, և տանիքին՝ ավագանու սահմանած կարգի, պահանջների, պայմանների, սահմանափակումների խախտմամբ կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեղադրված սարքերը, սարքավորումները (այդ թվում՝ արևային կայանները), դեկորատիվ առարկաները, այլ պարագաներն ու տարրերը (արտաքին գովազդի տեղաբաշխման միջոցները, կանգնակները, հովանոցները, ծածկոցները և այլն).
7) իրավասու է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի հայտնաբերած դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները տեղափոխելու դրա կամ դրանց համար նախատեսված հատուկ տարածք.
8) իրականացնում է համայնքային սեփականությունը համարվող գույքի պահպանությունը.
9) իր իրավասության շրջանակում ապահովում է փողոցներում կամ այլ ընդհանուր օգտագործման տարածքներում երթևեկությունը սահմանափակելու կամ արգելելու որոշումների կատարումը.
10) իրավասու է գրանցելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց՝ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունն արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման, լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաև այլ տեխնիկական միջոցներ։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքապետի լիազորություններն իրականացվում են աշխատակազմի ստորաբաժանումների, այդ թվում՝ Երևանի հասարակական կարգի պահպանության մունիցիպալ ծառայության միջոցով:
3. Քաղաքապետարանը քաղաքապետին վերապահված լիազորությունների շրջանակում և դրանց իրականացումն ապահովելու համար «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված կարգով անվճար հասանելիություն է ստանում հանրային տեղեկություններին:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված առգրավումն անհրաժեշտության դեպքում կատարվում է տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ այնպես, որ առգրավվող առարկային պատճառվի նվազագույն վնաս, իսկ առգրավման ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է, և կազմվում է առգրավման վերաբերյալ արձանագրություն: Առգրավված գույքի վերադարձման կարգը սահմանում է ավագանին:
| Հոդված 44. |
Քաղաքապետի գործառույթները հանրային միջոցառումների կանոնակարգման բնագավառում |
1. Հանրային է հավաք չհամարվող այն միջոցառումը (տոնակատարությունները, մշակութային և մարզական միջոցառումները և այլն), որը տեղի է ունենում բացօթյա վայրում (փողոցում, մայթում, հրապարակում, այգում, պուրակում և այլն), կամ որին կարող են մասնակցել անձինք, որոնց շրջանակը անհատապես որոշված չէ հանրային միջոցառման կազմակերպչի կողմից:
2. Ծիսակատարությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է քաղաքապետի տեղեկացմամբ: Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան չորս օր առաջ կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով:
4. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը չի գերազանցելու հարյուրը, ապա տեղեկացում չի պահանջվում, սակայն հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարող է հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել քաղաքապետին` հայցելով միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, որի վերաբերյալ պարտադիր նշում է կատարվում տեղեկացման մեջ:
5. Տեղեկացումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.
1) հանրային միջոցառման վայրը․
2) հանրային միջոցառման սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը․
3) մասնակիցների սպասվող թիվը․
4) հանրային միջոցառման անցկացման համար օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները․
5) հանրային միջոցառման կազմակերպչի անունը, ազգանունը և առկայության դեպքում` հեռախոսահամարները։
6. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 5-րդ մասում նշված տվյալներում փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան միջոցառումն սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել համայնքի ղեկավարին։ Այդ փոփոխությունները չեն կարող փոխել արդեն իսկ ի գիտություն ընդունված միջոցառման էությունը։ Եթե կազմակերպիչը փոխում է սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ կետերում նշված տվյալներից որևէ մեկը, որի հետևանքով փոխվում է միջոցառման էությունը, ապա դա համարվում է նոր տեղեկացում, որը ենթակա է քննարկման սույն հոդվածով սահմանված կարգով։ Եթե հանրային միջոցառում անցկացնելու մասին տեղեկացումը պարունակում է ձևական սխալներ, կամ տեղեկացման մեջ նշված տվյալները ամբողջական չեն, ապա դրանք մատնացույց է արվում կազմակերպչին՝ նրան հնարավորություն ընձեռելով մեկօրյա ժամկետում համալրելու ոչ ամբողջական տվյալները կամ շտկելու մատնանշված սխալները։
7. Քաղաքապետը տեղեկացումն ստանալուց հետո այն ուղարկում է ոստիկանություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։
8. Քաղաքապետը հանրային միջոցառումն անցկացնելու մասին տեղեկացումը քննարկում է հանրային միջոցառման մասին տեղեկացումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում: Եթե պատասխանի ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա պատասխանը ներկայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
9. Եթե քաղաքապետին ներկայացված տեղեկացումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հանրային միջոցառման ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել սույն հոդվածի 16-րդ մասում նշված վտանգների առաջացմանը, ապա լիազոր մարմինը հանրային միջոցառման անցկացման համար կարող է առաջադրել պայմաններ։ Դրանք կարող են վերաբերել բացառապես հանրային միջոցառման անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին։
10. Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հանրային միջոցառման ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին։
11. Հանրային միջոցառման անցկացման համար սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հանրային միջոցառման նպատակը կամ հանրային միջոցառման մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հանրային միջոցառման անցկացման ժամանակի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնել հանրային միջոցառման փաստացի արգելմանը։
12. Այլ վայր առաջարկվելու դեպքում մասնավորապես պետք է ապահովվի տեղեկացման մեջ նշված՝ մասնակիցների սպասվող թվով մասնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորին չափ պետք է մոտ լինի տեղեկացման մեջ նշված վայրին։
13. Հանրային միջոցառման մասին տեղեկացման մեջ հիշատակված ժամանակում և վայրում այլ հանրային միջոցառման անցկացումն ինքնին հիմք չէ հանրային միջոցառման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար:
14. Եթե ներկայացվել են միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք և հանրային միջոցառում անցկացնելու դիմումներ, ապա նախապատվությունը տրվում է հանրային հավաքին:
15. Եթե միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, ապա նախապատվությունը տրվում է հանրային հավաքին, բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) հանրային միջոցառումն ակնկալվող մասնակիցների թվով էականորեն գերազանցելու է հանրային հավաքի մասնակիցների թիվը, կամ
2) հանրային միջոցառումը նախօրոք պլանավորված է եղել, և դրա տեղափոխումն այլ վայր կառաջացնի անհամարժեք բարդություններ կամ ծախսեր, և հանրային հավաքի անցկացման համար հնարավոր է առաջարկվել այլընտրանքային վայր, որը չի հանգեցնի հավաքի նպատակի աղավաղման կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն չի նվազեցնի դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով չի հանգեցնի հավաքի փաստացի արգելմանը։
16. Քաղաքապետը կարող է արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե դա անհրաժեշտ է`
1) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության համար.
2) հանրության համար առաջացող էական անհարմարությունները կանխելու համար.
3) շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգը կանխելու համար:
17. Քաղաքապետը չի կարող արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե միջոցառման անցկացման սահմանափակումների միջոցով հնարավոր է կանխել սույն հոդվածի 16-րդ մասում նշված վտանգները:
18. Եթե չեն առաջանում սույն հոդվածով սահմանված հանրային միջոցառումն արգելելու հիմքերը, ապա տեղեկացումը համարվում է ի գիտություն ընդունված: Տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին քաղաքապետն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնում տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։
19. Հանրային միջոցառման կազմակերպիչը`
1) որոշում է հանրային միջոցառման ընթացքը․
2) պարտավոր է ներկա լինել հանրային միջոցառմանը և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար․
3) հանրային միջոցառման ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հանրային միջոցառման մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով․
4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հանրային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հանրային միջոցառման բնականոն ընթացքը․
5) պարտավոր է միջոցառման մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։
| Հոդված 45. |
Քաղաքապետի լիազորությունները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում |
1. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է քաղաքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, թունելների, արհեստական և ճանապարհային ինժեներական այլ կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը.
2) աջակցում է Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
3) կազմակերպում է Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացառությամբ Երևանի մետրոպոլիտենի).
4) իրականացնում է հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագիր.
5) սահմանված կարգով որոշում է կայացնում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ (ճանապարհային նշաններ, գծանշում, լուսացույցներ, ճանապարհային ցանկապատեր, բազրիքներ, պարապետներ, ուղղորդ կարճասյուներ, անվտանգության կղզյակներ, արհեստական անհարթություններ և այլն) ներդնելու վերաբերյալ, մշակում և հաստատում է ճանապարհային նշանների տարաբաշխումները:
2. Քաղաքապետը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.
2) կազմակերպում է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները:
| Հոդված 46. |
Քաղաքապետի լիազորությունները հողօգտագործման բնագավառում |
1. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) համայնքի վարչական սահմաններում կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.
2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով:
2. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական տարածքում գտնվող հողերի ընթացիկ հաշվառումը, ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը, կազմում է Երևանի հողային հաշվեկշիռը.
2) իր լիազորությունների շրջանակում տիրապետում և օգտագործում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականության հողերը.
3) սահմանված կարգով ապահովում է Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշների պահպանությունը:
| Հոդված 47. |
Քաղաքապետի լիազորությունները առևտրի և ծառայությունների բնագավառում |
1. Առևտրի և ծառայությունների բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի, կենցաղային և սահմանափակման ենթակա ծառայությունների ոլորտում.
2) ավագանու սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան` առևտրի և ծառայությունների ոլորտի ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին շնորհում է որակի աստիճաններ և կասեցնում ու դադարեցնում է դրանք.
3) Երևանի վարչական տարածքում տալիս է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն.
4) Երևանի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու՝ ավագանու որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին, սահմանափակումներին համապատասխան՝ տալիս է ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվություն.
5) Երևանի վարչական տարածքում ավագանու սահմանած կարգին համապատասխան՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տալիս է տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ.
6) Երևանի վարչական տարածքում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում սահմանված կարգով կիրառում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Քաղաքապետի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց․
7) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն.
8) սահմանված կարգով տալիս է Երևանում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.
9) Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ ընդունում է որոշում շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշելու և համապատասխան նշանով կահավորելու վերաբերյալ.
10) սահմանված կարգով տալիս է Երևանում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվություն.
11) առևտրի համայնքային կանոններին համապատասխան՝ տալիս է Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն.
12) համաքաղաքային կանոններին համապատասխան՝ Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.
13) հանրային սննդի համայնքային կանոններին համապատասխան՝ տալիս է հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն․
14) Երևանի վարչական տարածքում տալիս է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված այլ թույլտվություններ, որոնց տրամադրումը վերապահված է համայնքի ղեկավարին:
| Հոդված 48. |
Քաղաքապետի լիազորությունները կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառում |
1. Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական, երիտասարդական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները.
2) աջակցում է Երևանում կազմակերպվող երիտասարդական միջոցառումների իրականացմանը.
3) մասնակցում է պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին.
4) վարչական շրջանում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով վարչական շրջանի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանում է երիտասարդական աշխատողի գործառույթները կամ ավագանու հաստատմանն է ներկայացնում վարչական շրջանի հաստիքացուցակում երիտասարդական աշխատողի հաստիք սահմանելու վերաբերյալ առաջարկություն.
5) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին սույն ոլորտում վերապահված սեփական լիազորությունները:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.
1) կազմակերպում է համապետական մշակութային, մարզական, երիտասարդական, ինչպես նաև պետական, ազգային տոների, հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ:
| Հոդված 49. |
Քաղաքապետի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում |
1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կառավարում է Երևանի սեփականությունը համարվող առողջապահական և մարզական կազմակերպությունները.
2) Երևանի տարածքում ապահովում է համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում՝ հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.
3) կազմակերպում է քաղաքային հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը.
4) «Հանրային առողջապահության մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով կայացնում է կարանտին սահմանելու մասին որոշում.
5) Երևանի ենթակայության կազմակերպության միջոցով Երևանում կազմակերպում և իրականացնում է շտապ բժշկական օգնության իրականացումը.
6) ապահովում է Երևանում մարզական ենթակառուցվածքների ընդլայնումը.
7) ապահովում է Երևանի հավաքական թիմերի մասնակցությունը հանրապետական և միջազգային խոշոր մրցաշարերին:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով մասնակցում է պետական սեփականություն համարվող առողջապահական և մարզական կազմակերպությունների կառավարմանը.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այդ թվում՝ վերջինիս ենթակայությամբ գործող բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների միջոցով իրականացվող կանխարգելիչ, հակահամաճարակային, կարանտին սահմանելու դեպքում՝ կիրառվող սահմանափակող միջոցառումների իրականացմանը.
3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով գնահատում է Երևանի բնակիչների առողջության ցուցանիշները և առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմին.
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է Երևանում պետական առողջապահական միջոցառումների իրականացմանը։
| Հոդված 50. |
Քաղաքապետի լիազորությունները երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում |
1. Երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է Երևանի ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը.
2) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին սույն ոլորտում վերապահված սեփական լիազորությունները:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) իրականացնում է այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սույն ոլորտում համայնքի ղեկավարին վերապահված պատվիրակված լիազորությունները:
| Հոդված 51. | Քաղաքապետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում |
1. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) մշակում և իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.
2) քաղաքապետը շրջակա միջավայրի պահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար Երևանի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը.
3) իր իրավասության շրջանակում ապահովում է «Կլիմայի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարումը:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) կատարում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երևանի տարածքում.
2) աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների, անտառային տարածքների պահպանությանը և օգտագործմանը, այդ տարածքներում որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների կատարմանը։
| Հոդված 52. |
Քաղաքապետի հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ |
1. Քաղաքապետը պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում`
1) առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների իրավասությանը վերաբերող Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ.
2) պետական կառավարման համակարգի Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երևանին առնչվող խնդիրների վրա.
3) Երևանի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ինչպես նաև հողազավթումների և այլ իրավախախտումների կանխման և արգելման հետ կապված` կարող է դիմել ոստիկանություն և ոստիկանության լիազորությունների շրջանակում ստանալ աջակցություն.
4) քաղաքապետն իրավունք ունի պետական կառավարման համակարգի մարմին ներկայացնելու գրավոր, փաստարկված առաջարկություն այդ մարմնի տարածքային ծառայության գործունեության վերաբերյալ։
2. Պետական կառավարման համակարգի մարմինները, այդ թվում՝ նախարարներն ու կոմիտեների նախագահները, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը մինչև դրանց ընդունումը ներկայացնում են կարծիքի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ֆինանսների ոլորտի պետական լիազոր մարմիններ: Տարածքային կառավարման պետական լիազոր մարմինը նախագիծը ստանալուց հետո այն ներկայացնում է քաղաքապետարան՝ կարծիքի:
| Հոդված 53. |
Քաղաքապետի լիազորությունները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում |
1. Քաղաքապետն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է.
2) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքապետն իրականացնում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և բնագավառը կարգավորող այլ օրենքներով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ:
| Հոդված 54. |
Քաղաքապետի լիազորությունները էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման բնագավառներում |
1. Էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) Երևանի տարածքում էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, ջրահեռացման խնդիրների առնչությամբ քաղաքապետը հրավիրում է համապատասխան կազմակերպությունների պաշտոնատար անձանց, անցկացնում է խորհրդակցություններ և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա.
2) էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գերիշխող օպերատորները, ինչպես նաև էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, հեղեղատար համակարգի սպասարկման, գազամատակարարման բնագավառներում ծառայություններ մատուցող կազմակերպությունները տարին մեկ անգամ քաղաքապետին են ներկայացնում հաղորդում իրենց կատարած աշխատանքների ու պլանավորվող միջոցառումների վերաբերյալ. առանց քաղաքապետին նախօրոք տեղեկացնելու և նրա հետ համաձայնեցնելու` այս կազմակերպություններն իրավունք չունեն երեք ժամից ավելի երկար ժամանակով դադարեցնելու էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարումը, բացառությամբ վթարային դեպքերի:
| Հոդված 55. |
Քաղաքապետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում |
1. Երևանում պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.
3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:
| Հոդված 56. |
Քաղաքապետի՝ համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները |
1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված սեփական և պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաև ավագանու սահմանած կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:
2. Համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են բացառապես քաղաքապետարանի կանոնադրությամբ:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵՐԵՎԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
| Հոդված 57. |
Երևանի սեփականությունը |
1. Երևանը ունի սեփականություն, որի իրավունքը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:
2. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Երևանի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:
3. Երևանի սեփականությունը համարվող գույքը քաղաքապետը ենթարկում է գույքագրման և ներկայացնում է ավագանու հաստատմանը: Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քաղաքապետը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք ավագանին հաստատում է առաջիկա նիստում:
4. Քաղաքապետն ավագանու հաստատմանն է ներկայացնում Երևանի սեփականությունը համարվող գույքի կառավարման կարգը, դրան համապատասխան՝ տնօրինում է Երևանի սեփականությունը համարվող գույքը:
5. Երևանին նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ տրվող գույքը ընդունվում է քաղաքապետի որոշմամբ:
| Հոդված 58. |
Երևանի բյուջեն |
1. Երևանի բյուջեն Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երևանի զարգացման ծրագրի, ավագանու և քաղաքապետի՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված լիազորությունների իրականացմանը:
2. Երևանի բյուջեն ընդունվում է մեկ տարով:
3. Բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից: Բյուջեն կատարվում է օրենքով սահմանված կարգով:
4. Երևանի բյուջեից քաղաքապետի պատվիրակված լիազորությունների իրականացումը չի կարող ֆինանսավորվել սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված (բացառությամբ 13-րդ կետում նշվածի) մուտքերի աղբյուրներից:
5. Տվյալ տարվա համար հաստատվող Երևանի բյուջեում սույն օրենքի 61-րդ հոդվածում ներկայացված մուտքերի աղբյուրներից (բացառությամբ 1-3-րդ, 11-րդ, 13-րդ, 16-21-րդ կետերում նշվածների) միջոցների ստացումների ընդհանուր ծրագրված ծավալի առնվազն երեք տոկոսը նախատեսվում է համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված լիազորությունների ֆինանսավորման համար:
6. Երևան համայնքի բյուջեի հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով՝ այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:
| Հոդված 59. |
Երևանի բյուջեի քննարկումը և հաստատումը |
1. Քաղաքապետը Երևանի բյուջեի նախագիծը ավագանու քննարկմանն է ներկայացնում Կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն 20 օր առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով Երևանին տրամադրվող դոտացիայի նախնական թիվը փոփոխվում է, ապա քաղաքապետը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:
2. Երևանի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով և ավագանու կանոնակարգով:
3. Երևանի բյուջեն չընդունվելու դեպքում բյուջեի նոր նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել ավագանին՝ դրանք համաձայնեցնելով քաղաքապետի հետ, կամ քաղաքապետը՝ հրավիրելով ավագանու արտահերթ նիստ:
4. Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը Երևանի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում քաղաքապետը պարտավոր է կատարել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:
5. Բյուջետային տարվա ընթացքում քաղաքապետը կարող է տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ հաստատված հատկացումների ընդհանուր գումարի մինչև 10 տոկոսի սահմաններում վերաբաշխել հաստատված հատկացումների գումարները այդ որոշմամբ սահմանված ծախսային ծրագրերի միջև: Բյուջետային տարվա ընթացքում քաղաքապետը կարող է կատարել յուրաքանչյուր ծրագրի գծով Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 17 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև, եթե տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
6. Պետական լիազորված մարմինը մեթոդական և խորհրդատվական օգնություն է ցույց տալիս Երևանի բյուջեի նախագծի մշակման նախապատրաստման ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վերահսկում է բյուջետային գործընթացը:
7. Երևանի բյուջեն կազմելու և ներկայացնելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով:
| Հոդված 60. |
Երևանի բյուջեին ներկայացվող պահանջները |
1. Բյուջետային տարվա համար Երևանի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասով նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերով նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:
2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը՝ բյուջեի դեֆիցիտը (այսուհետ՝ պակասուրդ):
3. Երևանի բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու, Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխառությունների վերադարձից ստացվող, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով կատարված մասնավորեցումների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից Երևանի բյուջե օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին: Երևանի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:
4. Երևանի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է ավագանու՝ տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին որոշմամբ:
5. Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող՝ Երևանի բյուջեի վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված պակասուրդի գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա Երևանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող տարիներին Երևանի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխառությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք և նախորդ տարիներին ստացված փոխառության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը։
6. Երևանի առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող բյուջետային տարվա Երևանի բյուջեի փաստացի ստացված սեփական եկամուտների 70 տոկոսը:
7. Երևանի բյուջեում պետք է առանձին բաժիններով սահմանվեն Երևանի վարչական շրջանների ծախսերը:
| Հոդված 61. |
Երևանի բյուջեի ձևավորման աղբյուրները |
1. Երևանի բյուջեն ձևավորվում է Երևանի բյուջեին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերի աղբյուրներից, ներառյալ՝
1) Երևանի տարածքում գանձվող եկամտային հարկից մասհանումները.
2) Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումները.
3) բնապահպանական հարկից մասհանումները.
4) տեղական հարկերի գծով Երևանի բյուջե կատարվող վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժերը և տուգանքները.
5) պետական տուրքը` նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.
6) տեղական հարկերը, տուրքերը և վճարները.
7) Երևանի սեփականությունը համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները, ինչպես նաև Երևանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող այն հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները, որոնց կառավարումը հանձնված է քաղաքապետին.
8) Երևանի սեփականությունը համարվող այլ գույքի վարձակալությունից առաջացած եկամուտները.
9) վարչական իրավախախտումների համար քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտները.
10) Երևանի սեփականությունը համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.
11) քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող և Երևանի բյուջեի եկամուտներին հաշվանցման ենթակա վճարները.
12) Երևանի սեփականությունը համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով Երևանին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհամարվող գույքի օտարումից ստացված եկամուտները.
13) պետության կողմից քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար Երևանի բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումները.
14) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով Երևանին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.
15) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, ներառյալ համայնքի սեփականություն համարվող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող, ինչպես նաև համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները.
16) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.
17) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները (սուբվենցիաները).
18) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհները.
19) վարկերի և փոխառությունների ձևով ներգրավված միջոցները, ընդ որում քաղաքապետարանի թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները.
20) Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին Երևանի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը.
21) Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, ներառյալ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները` ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով, որոնք ուղղվում են Երևանի բյուջեի ֆոնդային մաս` համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը: Նշված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին.
22) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում առաջացած ֆինանսական միջոցները, եթե պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը նախատեսում է Երևանի համար նման ֆինանսական միջոցների առաջացում:
2. Եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական հարկի գումարներից Երևանի բյուջե կատարվող մասհանումների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
| Հոդված 62. | Երևանի բյուջեի վարչական և ֆոնդային մասերը |
1. Երևանի բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին Երևանի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները՝ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
2. Երևանի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), պետության կողմից պատվիրակված լիազորությունների կատարման և ֆոնդային մասի միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխառությունների մարումը, ինչպես նաև բյուջետային փոխառությունների տրամադրումը:
3. Երևանի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի, փոխառությունների և տեղաբաշխված պարտքային արժեթղթերի մարումը, Երևանի համայնքային (բյուջետային) երաշխիքներով երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարների վճարումը, ինչպես նաև բյուջետային փոխառությունների տրամադրումը:
| Հոդված 63. | Երևանի բյուջեի պահուստային ֆոնդը |
1. Երևանի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:
2. Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների մինչև 30 տոկոսի չափով:
3. Երևանի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը: Երևանի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել ֆոնդային մաս: Ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման համար՝ ավագանու առաջարկությամբ, Կառավարության որոշմամբ և սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղելու դեպքերի (ընդ որում` այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության մեկ երկրորդը):
4. Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն ավագանու որոշմամբ: Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչև նույն բյուջետային տարվա ավարտը ամբողջ ծավալով Երևանի բյուջեի ֆոնդային մաս չվերադարձնելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ Կառավարության սահմանած կարգով մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու ծրագիր` մեկ բյուջետային տարվա կտրվածքով: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա Երևանի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրաված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:
| Հոդված 64. | Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը |
1. Երևանի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:
2. Երևանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է՝
1) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված՝ առկա պարտավորությունների կատարմանը.
2) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է Երևանի բյուջեի ֆոնդային մաս՝ ավագանու որոշմամբ սահմանված ելքերի ֆինանսավորման համար:
| Հոդված 65. | Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը |
1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն Երևանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:
| Հոդված 66. | Երևանի բյուջեի կատարումը |
1. Քաղաքապետը Երևանի բյուջեի հիման վրա ճշտում է քաղաքապետարանի աշխատակազմի, դրա կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և Երևանի ենթակայության կազմակերպությունների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:
2. Քաղաքապետը օրենքով սահմանված կարգով ապահովում է բյուջեի կատարումը և հսկում է ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:
3. Երևանի ենթակայության կազմակերպությունները ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացն իրականացնում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
| Հոդված 67. | Երևանի բյուջեի կատարման սպասարկումը |
1. Երևանի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ՝ գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով, որտեղ Երևանն ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:
2. Երևանի հաստատված բյուջեն, ինչպես նաև բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում են Երևանի բյուջեն սպասարկող գանձապետական ստորաբաժանում, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են Երևանի բյուջեով, և ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձապետական ստորաբաժանում ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Գանձապետական ստորաբաժանումները Երևանի բյուջեի մուտքերի և ելքերի մասին քաղաքապետին ներկայացնում են ամենօրյա տեղեկություններ:
| Հոդված 68. | Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունը |
1. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում են համայնքի ավագանին, Ազգային ժողովը և Հաշվեքննիչ պալատը՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
2. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնելիս ավագանին իրավազոր է ստուգելու յուրաքանչյուր բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջելու հաշվետվություններ կատարված ծախսերի վերաբերյալ:
3. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից:
| Հոդված 69. | Երևանի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը |
1. Քաղաքապետը Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:
2. Քաղաքապետի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինն ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները:
3. Ավագանու նիստում քաղաքապետը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս անհրաժեշտ բացատրություններ:
4. Ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անցկացնում է անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններ:
5. Ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
6. Ավագանու նիստում Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
7. Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման և հաստատման ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
8. Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման և հաստատման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով:
| Հոդված 70. | Երևանի զարգացման ծրագրերը |
1. Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:
2. Քաղաքապետը կազմում և ավագանուն է ներկայացնում Երևանի զարգացման հնգամյա և անհրաժեշտության դեպքում այլ ծրագրեր:
3. Ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում ավագանուն:
4. Երևանի զարգացման ծրագրի իրականացումը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երևանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում:
5. Ավագանու ընտրության դեպքում նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվելու պահից եռամսյա ժամկետում քաղաքապետը կարող է նախաձեռնել զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում, այդ թվում՝ ավագանու հաստատմանը ներկայացնել նոր զարգացման ծրագիր:
6. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և այլ անհրաժեշտ տվյալներ:
| Հոդված 71. | Երևանի բյուջեի փոխառու միջոցների ներգրավումը |
1. Քաղաքապետը ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը կատարելու նպատակով կարող է ներգրավել փոխառու միջոցներ՝
1) ստանալ վարկեր և այլ փոխառություններ (մինչև պայմանագրի կնքումը պայմանագրերի նախագծերի վերաբերյալ պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի կարծիքն ստանալով, իսկ այլ համայնքի բյուջեից փոխառություն ստանալու համար ստանալով փոխառություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը).
2) թողարկել և տեղաբաշխել պարտքային արժեթղթեր` պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ:
2. Պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի (փոխառության) մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարի՝ մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների վճարման պայմաններով նախատեսված տարեկան գումարի ընդհանուր չափը չպետք է գերազանցի տվյալ տարվա համար պլանավորված սեփական եկամուտների տարեկան 15 տոկոսը:
4. Սույն հոդվածով փոխառու միջոցներ ներգրավելու պայմանագրերից բխող՝ Երևանի պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ կարող են լինել միայն Երևանի բյուջեի սեփական եկամուտները, սեփականության իրավունքով երրորդ անձանց պատկանող գույքի գրավը և ապահովման այլ միջոցները:
5. Երևանի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխառություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխառությունների տրամադրման դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ Երևանի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի գնման դեպքերի):
6. Սույն օրենքի իմաստով՝ Երևանի բյուջեի սեփական եկամուտ են համարվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը, բացառությամբ պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման համար հատկացվող միջոցների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1.2-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը:
| Հոդված 72. | Երևանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները |
1. Երևանի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով Երևանի մատուցած ծառայությունների համար ավագանին սահմանում է վճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայությունների սակագները հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
2. Ծառայությունների դիմաց գանձվող գումարներն ուղղվում են Երևանի բյուջե:
| Հոդված 73. | Երևանի բյուջեի մուտքերի ապահովումը |
1. Տեղական հարկերի, տուրքերի և վճարների, պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, Երևանի սեփականությունը համարվող գույքի վարձավճարների, Երևանի մասնակցությամբ կազմակերպությունների՝ իրենց հասանելիք շահույթի մասնաբաժնի, ինչպես նաև Երևանի սեփականության օտարումից ստացվող գումարների և պարտադիր այլ վճարների մուտքագրումը Երևանի բյուջե ինքնուրույն ապահովում են Երևանի համապատասխան ստորաբաժանումները: Այլ մուտքերը Երևանի բյուջե ապահովվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ազգային ժողովի ընդունած օրենքներով Երևանի եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի։
| Հոդված 74. | Երևանի հանդեպ առկա գումարային պարտավորությունների հաշվառումը |
1. Երևան համայնքի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ Վճարող), օրենքի, դատական ակտի, վարչական ակտի, պայմանագրի կամ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքով ծագած գումարային պարտավորությունների (այսուհետ՝ Պարտավորություն) հաշվառումը իրականացվում է համայնքի կողմից ստեղծված և գործարկվող էլեկտրոնային մեկ միասնական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, որում յուրաքանչյուր Պարտավորության հաշվառում իրականացվում է ըստ Վճարողի համար ինքնաշխատ ստեղծված անձնական քարտի:
2. Համակարգում անձնական քարտը հաշվառվում է ըստ ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի (բացակայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ օտարերկրյա)), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հարկ Վճարողի հաշվառման համարին (բացակայության դեպքում՝ նույնականացնող այլ համարժեք տվյալին) համապատասխան:
3. Համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են քաղաքապետի որոշմամբ, որը պետք է ունենա նվազագույնը հետևյալ հնարավորությունները․
1) Համակարգում էլեկտրոնային եղանակով գրանցման (նույնականացման միջոցով) և անձնական քարտի տեսանելիության հնարավորություն․
2) սույն օրենքի 75-րդ հոդվածի 9-րդ և 14-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման հնարավորություն․
3) իրական ժամանակում առցանց եղանակով Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորությունների և դրանց մարումների դիտման հնարավորություն․
4) միասնական հաշվում առկա գումարների մնացորդի վերաբերյալ տեղեկատվության դիտման հնարավորություն․
5) Վճարողի անձնական քարտի քաղվածքի արտատպման հնարավորություն․
6) միասնական հաշվին վճարված գումարների՝ սույն օրենքով նախատեսված դեպքում հետ վերադարձնելու դիմումներ ներկայացնելու հնարավորություն․
7) ընթացիկ և ժամկետանց Պարտավորությունների վերաբերյալ նույնականացված Վճարողներին ինքնաշխատ տեղեկացնելու հնարավորություն․
8) ժամկետանց Պարտավորությունների գանձման նպատակով օրենսդրության պահանջներին համապատասխան գործողությունների կատարման հնարավորություն:
| Հոդված 75. | Երևանի հանդեպ առկա գումարային պարտավորությունների իրականացման կարգը |
1. Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորությունները մարվում են Երևան համայնքի հանդեպ առկա Պարտավորությունների կատարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող Պարտավորությունների միասնական հաշվից (այսուհետ՝ Միասնական հաշիվ):
2. Միասնական հաշվի գումարը ձևավորվում է Միասնական հաշվին կատարված վճարումներից կամ դատական ակտի կամ վարչական բողոքի արդյունքով ընդունված որոշման հիման վրա կամ Երևան համայնքի կատարած վերահաշվարկի արդյունքով Պարտավորության վերացման կամ պակասեցման կամ որևէ մարված Պարտավորության մասով արտոնություն ձեռք բերելու արդյունքով Միասնական հաշվին համայնքի վերադարձրած գումարից:
3. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են Միասնական հաշվին` դրանց վճարման կամ վերադարձման օրվա ամսաթվով:
4. Միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում համայնքի եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին Պարտավորություններ չեն մարվել:
5. Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորությունները մարվում են նախ Միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև՝ գանձապետարանի կողմից վարվող համայնքի բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են ինքնաշխատ՝ սույն մասում նշված գումարների առկայության օրով, իսկ դրանց կատարման օր է համարվում Պարտավորությունների ինքնաշխատ մարվելու օրը:
6. Մարումը կատարվում է, եթե Միասնական հաշվին վճարումը կատարելիս Վճարողը նշել է սույն օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալները: Սույն մասով նշված տվյալները չնշելու կամ սխալ կամ ոչ լիարժեք նշելու դեպքում մարումը չի կատարվում, և Պարտավորությունը համարվում է չկատարված:
7. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին, անկախ դրանք Միասնական հաշվին մուտքագրելու ժամանակ նշված վճարման նպատակից, առաջնահերթ մարվում են Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորության կատարման ժամկետը լրացած՝ սույն մասում նշված պարտավորությունները հետևյալ հերթականությամբ․
1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտով կամ համաձայնագրով սահմանված՝ համայնքին պատճառված վնասների հատուցման վճարի․
2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտով կամ համաձայնագրով սահմանված՝ համայնքի կատարած ծախսերի հատուցման գումարի․
3) համայնքի օգտին վճարման ենթակա տուժանքի գումարների․
4) անբողոքարկելի դարձած վարչական ակտերով նշանակված տուգանքների գումարի․
5) աղբահանության վճարի․
6) վարձակալության վճարի․
7) անշարժ գույքի հարկի (այդ թվում` նախկին գույքահարկի և հողի հարկի)․
8) փոխադրամիջոցի գույքահարկի․
9) տեղական տուրքերի․
10) տեղական վճարների (բացառությամբ վճարովի ավտոկայանատեղերի համար մեկ ժամվա կամ մեկ օրվա համար կատարված վճարումների):
8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված պարտավորությունները մարվում են անկախ Վճարողի այլ պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից:
9. Միասնական հաշվում առկա գումարները մինչև Պարտավորությունների կատարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ Վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ կարող են ուղղվել Վճարողի նշած Պարտավորությունների մարմանը: Վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգը չկիրառելու դեպքում Պարտավորությունների կատարման վերջնաժամկետի օրը Միասնական հաշվում առկա գումարներից մարումներն իրականացվում են սույն հոդվածով սահմանված կարգով:
10. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո Վճարողի այլ պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած պարտավորության հերթականության:
11. Միասնական հաշվի գումարներից սկզբում մարվում են Պարտավորությունների սկզբնական գումարները, այնուհետև՝ տույժերի, որից հետո՝ տուգանքների գումարները, իսկ Պարտավորությունների մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նրանք, որոնց կատարման վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում:
12. Միասնական հաշվում սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հերթականությունից տարբերվող հերթականությամբ մարումները կատարվում են միայն պետական կառավարման մարմինների կամ դատական համակարգի մարմինների կամ սնանկության գործով կառավարիչների վճարած գումարներից:
13. Վճարողն իրավունք ունի ցանկացած պահի հետ ստանալու Միասնական հաշվին առկա գումարները, քանի դեռ դրանց հաշվին սույն օրենքով սահմանված կարգով մարումներ չեն իրականացվել կամ, անկախ այդ հանգամանքից, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Ընդ որում՝ գումարի վերադարձն իրականացվում է Համակարգի միջոցով ներկայացված դիմումի կամ դատական ակտի հիման վրա՝ դիմումի ներկայացման կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ստացման օրը: Միասնական հաշվին առկա գումարների հաշվին Պարտավորության մարում կատարվելու դեպքում նշված գումարները Վճարողի կողմից հետ ստացվել չեն կարող, բացառությամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա հետ ստանալու դեպքերի:
14. Վճարողը Միասնական հաշվին առկա գումարները, քանի դեռ դրանց հաշվին սույն օրենքով սահմանված կարգով մարումներ կատարված չեն, կարող է ուղղել այլ անձի Պարտավորությունների մարմանը՝ համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ:
15. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ Միասնական հաշվի գումարներից մարումներ չեն կատարվում, իսկ մահվան կամ մահացած ճանաչելու օրվանից հետո կատարված մարումները ենթակա են վերադարձման Միասնական հաշվին, իսկ հետագայում Միասնական հաշվին առկա գումարների մնացորդները, ինչպես նաև գերավճարները ենթակա են վերադարձման նրա ժառանգին (մեկից ավելի ժառանգների դեպքում՝ ժառանգներին):
Գ Լ ՈՒ Խ 5
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ
| Հոդված 76. | Վարչական շրջանի ղեկավարին ներկայացվող պահանջները, պաշտոնի նշանակման և լիազորությունների դադարեցման կարգը |
1. Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է, որին կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Վարչական շրջանի ղեկավարին պաշտոնի նշանակում և նրա լիազորությունները դադարեցնում է քաղաքապետը:
3. Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավար նշանակելու, նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները ուղարկում է ավագանու խմբակցությունների ղեկավարներին:
| Հոդված 77. | Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը |
1. Վարչական շրջանի ղեկավարը`
1) գործում է քաղաքապետի անունից: Քաղաքապետը պատասխանատու է վարչական շրջանի ղեկավարի գործունեության համար.
2) իր աշխատակազմի կառուցվածքի, աշխատողների քանակի և հաստիքացուցակի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին.
3) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
4) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կարգադրություններ.
5) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.
6) կատարում է Երևանի բնակիչների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում տրված հանրագրերն ու դիմումները.
7) իրականացնում է այլ լիազորություններ:
| Հոդված 78. | Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը |
1. Վարչական շրջանի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է իր աշխատակազմի միջոցով: Վարչական շրջանի աշխատակազմի աշխատողները, բացառությամբ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց, համայնքային ծառայողներ են:
2. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բաղկացած է վարչական շրջանի ղեկավարի տեղակալից (50000 և ավելի բնակիչ ունեցող վարչական շրջանում վարչական շրջանի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ), աշխատակազմի քարտուղարից, բաժինների ղեկավարներից, ինչպես նաև հաստիքացուցակով նախատեսված այլ աշխատողներից:
3. Վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակվելուց հետո իր լիազորությունները վայր է դնում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
4. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, բաժինների ղեկավարները և այլ աշխատողներ իրականացնում են օրենքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները:
| Հոդված 79. | Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը |
1. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը իրականացնում է սույն օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունները:
2. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում է քաղաքապետը՝ վարչական շրջանի ղեկավարի առաջարկության հիման վրա:
3. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալին պաշտոնից ազատում է քաղաքապետը:
4. Վարչական շրջանի ղեկավարի բացակայության ժամանակ վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ տեղակալը կամ տեղակալներից մեկը իրականացնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները: Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու անհնարինության դեպքում վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:
5. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:
| Հոդված 80. | Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը |
1. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես`
1) աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.
2) վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստման կազմակերպումը.
3) վարչական շրջանի ղեկավարի կողմից Երևանի բնակիչների ընդունելության կազմակերպումը, նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի հսկողությունը.
4) վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների կատարման, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողությունը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 81. | Վարչական հսկողության նպատակները |
1. Վարչական հսկողության նպատակները տեղական ինքնակառավարման իրավունքի պաշտպանությունն են և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պատշաճ իրականացումը:
| Հոդված 82. | Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները |
1. Քաղաքապետի և ավագանու սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն:
2. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն:
3. Իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես քաղաքապետի և ավագանու լիազորությունների իրականացման ընթացքում ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:
4. Մասնագիտական հսկողությունը իրականացվում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով:
5. Քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը:
6. Ավագանու նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինը արդարադատության նախարարությունն է:
7. Քաղաքապետին պատվիրակված յուրաքանչյուր լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողություն է իրականացնում մասնագիտական հսկողության համապատասխան բարձրագույն մարմինը՝ այն պետական մարմինը, որի իրավասության մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած տվյալ լիազորությունը: Եթե այդ լիազորությունը չի ներառվում որևէ պետական մարմնի իրավասության մեջ, ապա այդ լիազորության առումով մասնագիտական հսկողության բարձրագույն մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը:
8. Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները Երևանում մասնագիտական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի համաձայնությունն ստանալուց հետո:
9. Քաղաքապետի և ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
10. Համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, համայնքի սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատը` «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված դեպքերում:
| Հոդված 83. | Վարչական հսկողության կանխարգելիչ (պրևենտիվ) միջոցները |
1. Իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինը կոնկրետ գործով իրավասու է բավարար հիմքերի առկայության դեպքում ծանոթանալու դրա հետ կապված՝ ավագանու և քաղաքապետի (քաղաքապետարանի) մոտ առկա բոլոր փաստաթղթերին:
| Հոդված 84. | Իրավական հսկողության միջոցառումների բողոքարկումը |
1. Իրավական հսկողություն իրականացնող մարմինների որոշումները, գործողությունը կամ անգործությունը քաղաքապետը կարող է բողոքարկել դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 85. | Երևանին փոխանցված սեփականությունը և Երևանի ֆինանսավորումը |
1. Երևանը համարվում է Երևանի թաղային համայնքների իրավահաջորդը: Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցված է Երևանին:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Կառավարության որոշմամբ կամ այլ իրավական ակտերով Երևանին սեփականության իրավունքով փոխանցված գույքը համարվում է Երևանի սեփականությունը:
3. Երևանի ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով՝ համայնքների բյուջեներին տրվող հատկացումներին համապատասխան:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 74-րդ և 75-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի 74-րդ և 75-րդ հոդվածներով նախատեսված համակարգի գործարկման օրվանից:
2․ Սույն օրենքի գործողությունը չի տարածվում այն անձանց վրա, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը իրենց պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու անդամի պաշտոնի հետ: Այդ անձինք կարող են շարունակել համատեղ պաշտոնավարումը մինչև տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը: Սույն օրենքի գործողությունը քաղաքապետին ներկայացվող պահանջների մասով չի տարածվում գործող քաղաքապետի վրա:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը սույն օրենքի ուժով համարվում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար՝ առանց պաշտոնից ազատման:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքապետի տեղակալները (բացառությամբ առաջին տեղակալի) մեկ ամիս շարունակում են պաշտոնավարել որպես քաղաքապետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ պաշտոնում քաղաքապետի կողմից վերանշանակում կամ նոր նշանակում կատարելը:
5․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են, իսկ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցվում են սույն օրենքի ընդունումից հետո՝ վեցամսյա ժամկետում:
6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունումը՝ այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:
7. Մինչև պետական կառավարման համակարգի մարմինների տվյալների շտեմարաններն ու տեղեկատվական համակարգերը «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելը քաղաքապետարանը քաղաքապետին վերապահված լիազորությունների շրջանակում և դրանց իրականացումն ապահովելու նպատակով փոխադարձության սկզբունքով անհատույց և ազատ առցանց հասանելիություն է ստանում այդ տվյալների շտեմարաններին և տեղեկատվական համակարգերին, բացառությամբ փաստաթղթերի։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-387-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական: