ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2026 թվականի N 1367-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի «Գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» N 1257-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝
ա․ 4-րդ կետում «անձը կազմում է արձանագրություն` համաձայն սույն կարգի N 1 ձևի և բռնագրավման ենթակա գույքը վերցնում է պատասխանատու պահպանության, որի մասին նշում է կատարվում արձանագրությունում» բառերը փոխարինել «անձն անհապաղ որոշում է կայացնում այդ գույքի վրա արգելանք դնելու մասին» բառերով,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-4․5-րդ կետերով՝
«4․1․ Գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման մեջ նշվում են ենթադրյալ իրավախախտման համառոտ նկարագրությունը, որի առիթով առկա է արգելադրում կատարելու անհրաժեշտություն, արգելադրման ենթակա գույքը, արգելադրում կատարելու ժամանակը և վայրը, ինչպես նաև արգելադրվող գույքի փաստացի վիճակի վերաբերյալ տվյալները: Գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը պարունակում է արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նշում։
4․2․ Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին, որի մասին նշում է կատարվում գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման մեջ:
4․3․ Եթե արգելանքի տակ դրված գույքն ի պահ հանձնելուց հետո հարկ վճարողը փորձում է արգելադրման ենթակա կամ արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա արգելադրման ենթակա գույքը վերցվում է պատասխանատու պահպանության՝ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա։ Պատասխանատու պահպանությունն իրականացվում է հարկային մարմնի կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից որոշված տարածքում։
4․4․ Քանի դեռ արգելանքի տակ գտնվող գույքը չի վերցվել որպես պետական սեփականություն, դրա պահպանման հետ կապված ծախսերը կրում է հարկ վճարողը։
4․5․ Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն այն անձին, ում մոտ իրականացվում է արգելադրումը, գրավոր նախազգուշացնում է արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:»,
գ․ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5․ Հարկային մարմնի կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավումը կիրառվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ: Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածներով սահմանված դեպքերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով ընդունված պատասխանատվություն նախատեսող, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ և 424-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումների դեպքում պարտավորություն առաջադրող վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի շրջանակներում ընդունած որոշման հիման վրա` համաձայն սույն կարգի N 2 ձևի:»,
դ․ 6-րդ կետում «հետևյալ ժամկետներում`» բառերը փոխարինել «հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումն օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ բողոքը քննելու արդյունքում կայացված որոշմամբ կամ դատական ակտով այն ուժի մեջ մնալու պահից:» բառերով և 1-3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
ե․ 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Գույքի պահպանման հետ կապված ծախսերը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու օրվան հաջորդող օրվանից կրում է պետությունը՝ ի դեմս հարկային մարմնի: Գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման չկայացման կամ անվավեր ճանաչման դեպքում պետությունը՝ ի դեմս հարկային մարմնի, փոխհատուցում է հարկ վճարողին գույքն արգելադրելու հետևանքով պատճառված վնասը։ Գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման չկայացման կամ անվավեր ճանաչման դեպքում գույքը ենթակա է վերադարձման հարկ վճարողին։»,
զ․ N 1 ձևն ուժը կորցրած ճանաչել,
է․ N 2 ձևում «հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտման և բռնագրավման ենթակա գույքը պատասխանատու պահպանության վերցնելու վերաբերյալ «___ » ______20 ___թ. N___ արձանագրությունը» բառերը փոխարինել «հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի վրա արգելանք դնելու մասին «___» ______20 թ. N___ որոշումը» բառերով և 3-րդ կետից հանել «պատասխանատու» բառը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և դրա գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։
3․ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կազմված՝ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող բռնագրավման ենթակա գույքը պատասխանատու պահպանության վերցնելու վերաբերյալ արձանագրությունների առկայության դեպքում հարկային մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումն ընդունում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
17.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2026 թվական: