ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Երևան |
7 հոկտեմբերի 2026 թվականի |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ, ՈՐՊԵՍ ԿԱՐԹԱԳԵՆՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՎ ՈՐՊԵՍ ՆԱԳՈՅԱՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. |
||||
|
դատավորներ՝ |
Արման Դիլանյանի (նախագահող), | |||
|
Արտակ Զեյնալյանի, | ||||
|
Դավիթ Խաչատուրյանի, | ||||
|
Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, | ||||
|
Էդգար Շաթիրյանի, | ||||
|
Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, | ||||
|
Վլադիմիր Վարդանյանի (զեկուցող), | ||||
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | ||||
|
Դիմողի՝ ներկայացուցիչ՝ |
Կառավարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմյանի, | |||
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
Կառավարության՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա՝ դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունը 2026 թվականի հոկտեմբերի 2-ի N 1421-Ա որոշմամբ հավանություն է տվել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 6-ի ՍԴԱՈ-214 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, որոշվել է գործի դատաքննությունն սկսել 2026 թվականի հոկտեմբերի 7-ին, գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Վարդանյանին և գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի1 քարտուղարության (այսուհետ նաև՝ Քարտուղարություն) միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության2 կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության3 կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման (այսուհետ՝ Հանդիպում) անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ նաև՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է Նյու Յորքում 2025 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում անցկացվելիք Հանդիպման կազմակերպական հարցերը, ներառյալ՝ ֆինանսական, մասնակիցների անձեռնմխելիության և արտոնությունների, մուտքի արտոնագրերի և այլ կազմակերպչական հարցեր կարգավորելու նպատակով:
2. Համաձայնագիրն ունի վեց հավելված (Հավելված Ա. «Հանդիպումների համար անհրաժեշտ ծառայությունների, սարքավորումների և պարագաների ցանկը», Հավելված Բ. «Ֆինանսական պայմաններ. Նախնական ծախսեր», Հավելված Գ. «Տեղի աջակցող անձնակազմին ներկայացվող պահանջները», Հավելված Դ. «Համաձայնագրի անվտանգության ապահովման պայմանների մասին», Հավելված Ե. «Լրատվամիջոցների օբյեկտները և գործառույթները», Հավելված Զ. «Առաջարկվող այն Կողմերի ցանկը, որոնց մասնակցությունը բարձրաստիճան սեգմենտում կարող է ֆինանսավորվել հյուրընկալող երկրի Կառավարության կողմից»):
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
3.1. ըստ ընթացակարգային կանոնների համապատասխան դրույթների՝ ապահովել, որ Հանդիպումը լինի բաց «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի, ինչպես նաև Կարթագենյան և Նագոյայի արձանագրությունների Կողմերի ներկայացուցիչների, ՄԱԿ-ի անդամ պետությունների և հարակից մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչների, ՄԱԿ-ի, վերջինիս միջկառավարական մարմինների և հարակից մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչների, ընտրված փորձագետների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև այլ միջկառավարական կազմակերպությունների առանձին անդամների, Քարտուղարության անդամների (հանդիպման մասնակից պաշտոնյաների և փորձագետների), Քարտուղարության կողմից հրավիրված այլ անձանց և (կամ) կազմակերպությունների համար՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով Քարտուղարության կողմից համաժողովներին որպես դիտորդ մասնակցելու մշտական հրավեր ունեցող անձանց համար (Հոդված II, կետ 2),
3.2. երաշխավորել, որ Հանդիպումների նիստերը, որոնք չեն սահմանափակվում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերով և Կարթագենյան ու Նագոյայի արձանագրությունների Կողմերի մասնակցությամբ, բաց են լինելու Քարտուղարության կողմից իր հայեցողությամբ, Կառավարության ներկայացրած առաջարկները հաշվի առնելով, հավատարմագրված ՀՀ և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար (Հոդված II, կետ 4),
3.3. տրամադրել ցանկացած անհրաժեշտ տարածք՝ ներառյալ համաժողովներ անցկացնելու համար սենյակները, գրասենյակային տարածքները և այլ հարմարությունները, ինչպես նշված է Համաձայնագրի հավելվածներում, ապահովել, որ բոլոր տարածքները լինեն կահավորված, սարքավորումներով հագեցած և լավ վիճակում պահպանված՝ Հանդիպումների արդյունավետությունն ապահովելու համար, ինչպես նաև ապահովել, որ Համաձայնագրում և նրա հավելվածներում նախատեսված՝ կահավորված և սարքավորումներով հագեցած տարածքները Հանդիպումների պաշտոնական բացումից առնվազն յոթ (7) օր առաջ և Հանդիպումների ավարտից հետո՝ մինչև առավելագույնը մեկ (1) օր, օրական քսանչորս (24) ժամ գտնվեն Քարտուղարության տրամադրության տակ (Հոդված III, կետ 5),
3.4. Հանդիպումների անցկացման վայրում տրամադրել Ա հավելվածում նշված ծառայությունները և բիզնես կենտրոնը, իսկ պատվիրակություններին տրամադրել նաև ողջամիտ առևտրային գներով՝ տպագրության, լուսապատճենահանման, բանկոմատների, տարադրամի փոխանակման, սննդի օբյեկտների և Ա հավելվածում նշված այլ ծառայություններ (Հոդված III, կետ 6),
3.5. երաշխավորել անհրաժեշտ հուսալի կոմունալ ծառայությունների ապահովումը, մասնավորապես՝ հոգալ Հանդիպումների անցկացման վայրում ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և համացանցի օգտագործման հետ կապված ծախսերը (Հոդված III, կետ 7),
3.6. հոգալ Հանդիպումները պատշաճ կերպով անցկացնելու համար Կանադայի Մոնրեալ քաղաքի նստավայրից դեպի Հանդիպումների անցկացման վայր Քարտուղարության համակարգմամբ անհրաժեշտ որոշ սարքավորումների, գովազդային նյութերի և պարագաների փոխադրումների ծախսերը, վճարները, ինչպես նաև ապահովագրական ծախսերը, նշված փոխադրումները կատարել հնարավորինս խնայողական և արդյունավետ եղանակով, ինչպես նաև նշանակել կոնտակտային անձ՝ տվյալ սարքավորումներն ու պարագաները հնարավորինս արագ ստանալու, պահեստավորելու և հետ ուղարկելու համար (Հոդված III, կետ 8),
3.7. դյուրացնել և արագացնել մաքսային ձևակերպումները և նյութերի, պարագաների և այլ իրերի մուտքը Քարտուղարությունից դեպի Հանդիպումների վայր, ինչպես նաև ապահովել, որ Հանդիպումների վայրի տարածքում լինի պահեստավորման համար նախատեսված համապատասխան վայր, որը կարող է օգտագործվել այն մասնակիցների կողմից, որոնք ցանկանում են ուղարկել իրենց գովազդային նյութերը և հրապարակումները՝ Հանդիպումների վայրում դրանք բաժանելու նպատակով (Հոդված III, կետ 9),
3.8. գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ Հանդիպումներին մասնակցող կամ այցելող անձանց համար այն հյուրանոցներում կամ բնակելի շենքերում ողջամիտ առևտրային գներով պատշաճ կեցություն ապահովելու համար, որոնք գտնվում են Հանդիպումների անցկացման վայրին մոտ, և առկա է հանրային տրանսպորտային միջոցներով Հանդիպումների վայր հեշտությամբ հասնելու հնարավորություն, ապահովել Հանդիպումներն սպասարկող Քարտուղարության անձնակազմի կեցությունը Հանդիպումների անցկացման վայրի անմիջական հարևանությամբ, ինչպես նաև ապահովել նշված Հանդիպումների համար անհրաժեշտ հատուկ կենտրոնական ամրագրման համակարգ (Հոդված IV, կետ 10),
3.9. Հանդիպումներին ներկա գտնվող բոլոր մասնակիցների համար ապահովել տրանսպորտային միջոցների առկայություն հիմնական հյուրանոցների և Հանդիպումների վայրի միջև (Հոդված V, կետ 11),
3.10. տրամադրել վարորդով մեքենա՝ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղարի պաշտոնական օգտագործման համար, ինչպես նաև՝ Քարտուղարության աշխատակիցների և գործադիր քարտուղարի կողմից նշանակված այլ պաշտոնատար անձանց պաշտոնական օգտագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներ՝ Հանդիպումների ընթացքում օդանավակայանի և հյուրանոցի ուղղություններով տեղաշարժվելու նպատակով (Հոդված V, կետ 12),
3.11. Քարտուղարության համար ապահովել տրանսպորտային միջոցի հասանելիությունը Հանդիպումների մեկնարկից առնվազն հինգ (5) օր առաջ և մինչև դրանց ավարտը, ինչպես նաև երաշխավորել, որ տրանսպորտային միջոցը մշտապես հասանելի լինի համաժողովի և Քարտուղարության կեցության վայր հանդիսացող հյուրանոցի ուղղություններով, ներառյալ՝ գիշերային ժամերին, երբ անցկացվում են գիշերային նիստեր (Հոդված V, կետ 12),
3.12. Հանդիպման վայրում տրամադրել բժշկական օգնության համար նախատեսված բուժկետ, բժիշկ և բուժքույր, ինչպես նաև երկու շտապօգնության մեքենա, որոնք բավարար են առաջին բուժօգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ապահովել հիվանդների և բժշկական թիմի անգլերենով արդյունավետ հաղորդակցությունը (Հոդված VI, կետ 13),
3.13. արտակարգ իրավիճակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ հիվանդանոց տեղափոխումն ու հոսպիտալացումն ապահովելու և հեշտացնելու նպատակով (Հոդված VI, կետ 14),
3.14. որևէ միջամտությունից զերծ, անվտանգ և հանգիստ միջավայրում Հանդիպումների արդյունավետ անցկացումը երաշխավորելու համար ապահովել ոստիկանական/անվտանգային պաշտպանություն՝ հավաստելով, որ այդ ոստիկանական ծառայությունները անմիջական վերահսկող և հսկող Կառավարության կողմից նշանակված ավագ աշխատակիցը, որը պետք է սահուն խոսի անգլերեն, սերտ համագործակցությամբ աշխատի ՄԱԿ-ի ապահովության և անվտանգության վարչության (այսուհետ` ՄԱԿ Անվտանգության ծառայության), ինչպես նաև «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղարի կողմից նշանակված պաշտոնատար անձի հետ (Հոդված VII, կետ 16),
3.15. թույլատրել Հանդիպումների անցկացման վայրում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ ՄԱԿ-ի՝ 1946 թվականի «Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիայով նախատեսված պաշտպանության միջոցներն ապահովելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության աշխատակիցների կողմից տարածքների ստուգման իրականացումը հանդիպումների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների և ՄԱԿ-ի Անվտանգության ծառայության անձնակազմի թվաքանակի վերաբերյալ համատեղ որոշում կայացնելու նպատակով (Հոդված VII, կետ 17),
3.16. համաձայնել, որ Համաժողովի անցկացման վայրի անվտանգությունը գտնվում է Քարտուղարության և ՄԱԿ-ի Անվտանգության ծառայության անմիջական հսկողության և վերահսկողության ներքո (Հոդված VII, կետ 18),
3.17. գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ Հանդիպումների բացասական ազդեցությունները շրջակա միջավայրի, մասնավորապես՝ կենսաբանական բազմազանության և դրա տարրերի վրա նվազագույնի հասցնելու և փոխհատուցելու համար՝ միևնույն ժամանակ բարձրացնելով պատվիրակների, կապալառուների, անձնակազմի և այլ գործընկերների՝ ընդունված գործելակերպի մասով տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև հաշվի առնել շրջակա միջավայրի հետ կապված բոլոր ողջամիտ նկատառումները՝ Հանդիպումների նախապատրաստական և կազմակերպման բոլոր հայեցակետերի քննարկման, ինչպես նաև Հանդիպումների վայրի ընտրության և (կամ) կառուցման, ապրանքների գնման, գրանցման գործընթացի, սննդի ապահովման, տրանսպորտի, ցուցահանդեսների, թափոնների կառավարման և կեցության կազմակերպման ընթացքում (Հոդված VIII, կետ 20),
3.18. ՄԱԿ-ի՝ Կլիմայական չեզոքության հասնելու ռազմավարությանը համահունչ՝ հատուկ ուշադրություն դարձնել Հանդիպումների առնչությամբ առաջացած ջերմոցային գազերի արտանետումները նվազագույնի հասցնելու, ապա դրանք փոխհատուցելու վրա (Հոդված VIII, կետ 21),
3.19. հնարավորինս արագ և իր սեփական միջոցներով նշանակել փոխգործակցության հարցերով աշխատակից` հանդիպումների կազմակերպման փորձառությամբ, որը պետք է սահուն խոսի անգլերեն և, խորհրդակցելով և համագործակցելով Քարտուղարության հետ, պատասխանատու լինի Հանդիպումների նպատակով իրականացվող անհրաժեշտ վարչական, լոգիստիկ և անձնակազմի հետ կապված կարգավորումների և դրանց իրականացման համար, ինչպես նախատեսված է Համաձայնագրով, ինչպես նաև վերջինիս լրիվ անունը և կոնտակտային տվյալները հնարավորինս շուտ տրամադրել Քարտուղարությանը (Հոդված IX, կետ 22),
3.20. համակարգել տեղի աջակցող անձնակազմի անդամների բավարար թվով տրամադրումը՝ հիմնվելով Համաձայնագրի Գ հավելվածում տրված բնութագրերի վրա՝ երաշխավորելով, որ տեղի անձնակազմի որոշակի թվով անդամներ հասանելի լինեն Հանդիպումների մեկնարկից հինգ (5) օր առաջ, ինչպես նաև դրանց ավարտից հետո՝ առավելագույնը մեկ օր, եթե այլ բան նախատեսված չէ Գ հավելվածում (Հոդված IX, կետ 23),
3.21. ի լրումն Համաձայնագրի այլ հատվածներով նախատեսված ֆինանսական պարտավորությունների՝ Գլխավոր վեհաժողովի թիվ 47/202 բանաձևի Ա բաժնի 17-րդ կետին համապատասխան հոգալ Հանդիպումները Հայաստանի Երևան քաղաքում, այլ ոչ Քարտուղարության նստավայրում` Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացնելու արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարված փաստացի լրացուցիչ ծախսերը, որոնք նախնական գնահատվում են մոտ 2,166,855 ԱՄՆ դոլար և մանրամասն նկարագրված են Համաձայնագրի Բ հավելվածում՝ ներառելով, սակայն չսահմանափակելով Հանդիպումները պլանավորելու կամ սպասարկելու հանձնառություն ունեցող Քարտուղարության և ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից կատարված ուղևորության և անձնակազմի պարտավորությունների փաստացի լրացուցիչ ծախսերով, ինչպես նաև Համաձայնագրի III հոդվածով սահմանված փոխադրման ծախսերով (Հոդված X, կետ 24),
3.22. ապահովել Հանդիպումների ժամանակ տեղի ունեցող քննարկումների լուսաբանումը «Earth Negotiations» տեղեկագրի (ENB) ծառայությունների միջոցով (Հոդված XI, կետ 28),
3.23. Հանդիպումների նկատմամբ կիրառել ՄԱԿ-ի «Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիան՝ ընդունված 1946 թվականի փետրվարի 13-ին (այսուհետ՝ Ընդհանուր կոնվենցիա)4՝ երաշխավորելով, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները և Կոնվենցիայի կողմերի ներկայացուցիչները կօգտվեն Ընդհանուր կոնվենցիայի IV հոդվածի համաձայն անդամ պետությունների ներկայացուցիչներին տրվող արտոնություններից և անձեռնմխելիություններից, ՄԱԿ-ի այն պաշտոնատար անձինք, որոնք մասնակցում են Հանդիպումներին կամ կատարում են դրանց հետ կապված գործառույթներ, օգտվեն Ընդհանուր կոնվենցիայի V և VII հոդվածներով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից, Հանդիպումներին մասնակցող մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաներն օգտվեն Ընդհանուր կոնվենցիայի V և VII հոդվածներով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից, իսկ Քարտուղարության կողմից Հանդիպումներին մասնակցելու համար հրավիրված անձինք, գործուղված նշանակված փորձագետներն օգտվեն գործուղումների ժամանակ փորձագետներին տրվող արտոնություններից և անձեռնմխելիություններից՝ Ընդհանուր կոնվենցիայի VI հոդվածի համաձայն (Հոդված XII, կետ 29),
3.24. չխախտելով վերը նշված կետերի դրույթները՝ բոլոր մասնակիցներին և Հանդիպումներին անմիջականորեն առնչվող գործառույթներ իրականացնող անձանց տրամադրել համապատասխան պայմաններ, որոնք կարող են պահանջվել Հանդիպումների առնչությամբ իրենց գործառույթներն անկախ իրականացնելու համար, երաշխավորել բոլոր մասնակիցների և Հանդիպումներին առնչվող գործառույթներ իրականացնող անձանց, ներառյալ Համաձայնագրի II հոդվածում նշված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար արտահայտվելու ազատության իրենց իրավունքի իրացման հնարավորություն, որի համաձայն՝ նրանց խոսքերը արտաբերվում և գրի են առնվում առանց որևէ միջամտության (Հոդված XII, կետ 30),
3.25. տրամադրել Քարտուղարության նշանակած բոլոր մասնակիցներին և անձնակազմին կամ պաշտոնատար անձանց անհրաժեշտ պայմաններ ՀՀ մուտք գործելու և դուրս գալու համար, ինչպես նաև մուտքի և ելքի արտոնագրերը և թույլտվություններն անհրաժեշտության դեպքում տրամադրել անվճար և հնարավորինս արագ, եթե մասնակիցները ժամանակին դիմել են ՀՀ հյուպատոսություն կամ ներգաղթի հարցերով մարմնին, այդ թվում՝ ՀՀ պետական սահմանին գտնվող և հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով` ըստ կոնկրետ դեպքի (Հոդված XII, կետ 31),
3.26. համաձայնել, որ Ընդհանուր կոնվենցիայի նպատակներով Համաձայնագրի III հոդվածի 1-ին կետում նշված Հանդիպումների համար նախատեսված տարածքները համարվում են ՄԱԿ-ի տարածքներ՝ Ընդհանուր կոնվենցիայի II հոդվածի 3-րդ բաժնի իմաստով, և այդ տարածքներ մուտքի համար անհրաժեշտ են ՄԱԿ-ի թույլտվությունը և հսկողությունը, ինչպես նաև երաշխավորել, որ այդ տարածքները լինեն անձեռնմխելի Հանդիպումների նիստերի ամբողջ ընթացքում, այդ թվում՝ նախապատրաստական և ավարտական փուլերում (Հոդված XII, կետ 32),
3.27. Ընդհանուր կոնվենցիայի 7-րդ բաժնի II հոդվածի և ՀՀ օրենսդրության համաձայն՝ առանց որևէ արգելքի կամ սահմանափակման, թույլատրել բոլոր փաստաթղթերի, հրապարակումների և սարքավորումների ժամանակավոր ներմուծում և արտահանում՝ ներառյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների տեխնիկական սարքավորումները և այդ նպատակով անհապաղ տրամադրել ներմուծման և արտահանման բոլոր անհրաժեշտ թույլտվությունները (Հոդված XII, կետ 33),
3.28. երաշխավորել, որ Համաձայնագրի II հոդվածում նշված բոլոր անձինք մեկնելիս, առանց որևէ սահմանափակման, իրավունք ունենան ՀՀ-ից դուրս բերելու Հանդիպումների հետ կապված՝ ՀՀ բերած ֆինանսական միջոցների ցանկացած չծախսած մաս (Հոդված XII, կետ 34),
3.29. պատասխանատվություն կրել Քարտուղարության, ՄԱԿ-ի կամ նրա պաշտոնատար անձանց դեմ ներկայացված ցանկացած գործողության, հայցի կամ այլ պահանջի համար, որոնք բխում են Համաձայնագրի III հոդվածում նշված՝ Կառավարության կողմից տրամադրված կամ նրա կողմից վերահսկվող շինություններում անձանց հասցված վնասվածքից կամ գույքին հասցված վնասից կամ գույքի կորստից, Համաձայնագրի V հոդվածում նշված՝ Կառավարության կողմից տրամադրված տրանսպորտային ծառայությունների օգտագործման ընթացքում անձանց հասցված վնասվածքից կամ գույքին հասցված վնասից կամ գույքի կորստից կամ Համաձայնագրի IX հոդվածին համապատասխան տրամադրված անձնակազմին Հանդիպումներին ներգրավելուց (Հոդված XIII, կետ 35),
3.30. փոխհատուցել կորուստը կամ զերծ պահել պատասխանատվությունից Քարտուղարությանը, ՄԱԿ-ին կամ նրա պաշտոնատար անձանց որևէ նման գործողությունից, հայցից կամ այլ պահանջից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի պահանջը, կորուստը կամ վնասը պատճառվել է Քարտուղարության, ՄԱԿ-ի կամ նրա պաշտոնատար անձանց կողմից՝ հանցավոր անփութությամբ կամ կանխամտածված ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու դեպքում (Հոդված XIII, կետ 36),
3.31. Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման և (կամ) դրա գործողության դադարեցման հետ կապված ցանկացած տարբերություն կամ տարաձայնություն լուծել դիվանագիտական ուղիներով՝ Կողմերի անմիջական բանակցությունների միջոցով, իսկ այն դեպքում, երբ այդպիսի բանակցությունները չեն հաջողում, վեճը կարող է քննարկման դրվել միջազգային իրավունքի համաձայն ճանաչված՝ խաղաղ կարգավորման ցանկացած այլ միջոցով՝ Կողմերի համաձայնությամբ (Հոդված XIV, կետ 37),
3.32. պարտավորվել, որ Համաձայնագիրն ուժի մեջ է մնում Հանդիպումների անցկացման ամբողջ ժամանակահատվածում և մինչև Համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունների կատարումը (Հոդված XV, կետ 40):
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հայեցակարգին, 12-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված պետության՝ կայուն զարգացման սկզբունքով ղեկավարվելով և ապագա սերունդների առջև պատասխանատվությունը հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը խթանելու հանձնառությանը, ինչպես նաև 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
____________________________________
1 «Կենսաբանական բազմազանության մասին» 1992 թվականի հունիսի 5-ի կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1993 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի Հ.Ն-0781-1 որոշմամբ:
2 Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությունը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2004 թվականի մարտի 16-ի Ազգային ժողովի Ն-081-3 որոշմամբ (ՍԴՈ-470),
3 ««Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին»» Նագոյայի արձանագրությունը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2026 թվականի ապրիլի 8-ին Հանրապետության նախագահի ՀՕ-103-Ն օրենքով (ՍԴՈ-1817):
4 Սահմանադրական դատարանը փաստում է, որ Համաձայնագրով նախատեսվում է Հանդիպման մասնակիցների նկատմամբ կիրառելի դարձնել «Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվեցիան, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2004 թվականի մարտի 16-ի Ազգային ժողովի Ն-083-3 որոշմամբ՝ կից վերապահմամբ (ՍԴՈ-456):
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
7 հոկտեմբերի 2026 թվականի ՍԴՈ-1846 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2026 թվական: