ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2026 թվականի N 1619-Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը և 39-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) ֆիզիկական արհեստական բանականության ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ծրագրի իրականացման միջոցառումների և ժամանակացույցի ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ծրագրի արդյունքային ցուցանիշների և մշտադիտարկման շրջանակը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Հանձնարարել`
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
ա. իր լիազորությունների շրջանակում ապահովել սույն որոշմամբ հաստատված ծրագրից և դրա հավելվածներից բխող միջոցառումների իրականացման համակարգումն ու վերահսկողությունը,
բ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել նախարարության ներկայացուցչի առաջադրումը՝ ծրագրի ռազմավարական ուղղությունների և բովանդակության ձևավորմանը մասնակցելու համար.
2) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարին՝
ա. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել նախարարության ներկայացուցչի առաջադրումը` ծրագրի ռազմավարական ուղղությունների, բովանդակության և ֆինանսական առաջնահերթությունների ձևավորմանը մասնակցելու համար,
բ. նախատեսել ծրագրի իրականացման համար պետության կողմից հատկացված ֆինանսավորման շրջանակներում ծրագրի ֆինանսավորման կազմակերպումը,
գ. ապահովել ծրագրի բյուջետավորումը 2026-2033 թվականների համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1619-Ն որոշման |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
1. Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակում գործածվող հասկացություններն ու հապավումները`
1) «Բա-ԳԻՆ գիտությունների և արհեստական բանականության կենտրոն» հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ), 2025 թվականին ՀՄԳԸ կողմից հիմնադրված հիմնադրամ.
2) ՀՄԳԸ (ASOF) - Հայ մշակութային և գիտական ընկերակցություն (ASOF).
3) ֆիզիկական ԱԲ (Physical AI) - արհեստական բանականության և ռոբոտաշինության հատման ուղղություն, որը ներառում է ֆիզիկական միջավայրում ընկալելու, որոշումներ կայացնելու և գործողություններ իրականացնելու ունակ բանական համակարգերի մշակումն ու կիրառումը.
4) հրավիրյալ գիտնական - ծրագրի շրջանակում կարճաժամկետ՝ 2-12 շաբաթ ժամկետով ներգրավվող՝ արտերկրում մասնագիտական գործունեություն իրականացնող գիտնական կամ հետազոտող.
5) երկարաժամկետ ներգրավվող ավագ գիտնական - ծրագրի շրջանակում երկարաժամկետ հիմունքներով ներգրավված ավագ գիտնական, որը համապատասխան պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում տարեկան առնվազն 9 ամիս մասնագիտական գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում.
6) Firebird ԱԲ կենտրոն - արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ու հասանելիության ապահովման նախաձեռնություն.
7) ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի հանձնաժողով (PAIC) - ծրագրի իրականացման համար ստեղծված մասնագիտական-փորձագիտական մարմին, որը ծրագրի գիտական, կրթական, հետազոտական և տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ իրականացնում է մասնագիտական գնահատում և ներկայացնում առաջարկություններ ու եզրակացություններ` ծրագրով սահմանված շրջանակներում:
2. ՈԼՈՐՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնոլոգիական ընկերությունների՝ ներառյալ միջազգային խոշոր ընկերությունների մի մասը մասնագիտացած է ինտեգրալ սխեմաների նախագծման և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ուղղություններում, իսկ մյուս մասը՝ ծրագրային ապահովման մշակման և արհեստական բանականության կիրառական լուծումների ուղղությամբ։ Դրանք ձևավորում են ուժեղ ինժեներական բազա և մասնագիտական ներուժ, սակայն անմիջականորեն ռոբոտաշինությամբ զբաղվող ընկերությունների թիվը սահմանափակ է, իսկ սեփական ռոբոտաշինական արտադրանք մշակող ընկերությունների շրջանակը՝ նեղ: Ֆիզիկական արհեստական բանականության տեսանկյունից այս կառուցվածքն անհամաչափ է։
3. Ամենաակտիվ ենթաոլորտներից է անօդաչու թռչող սարքերի ուղղությունը, որն ուղղակիորեն առնչվում է սույն ծրագրով նախատեսված առաջնահերթ հետազոտական ուղղություններին։ Արդյունաբերական տեսանկյունից, սակայն, ոլորտում գործող ընկերությունների զգալի մասը կողմնորոշված է համակարգային ինտեգրման, այլ ոչ թե ինքնուրույն հետազոտությունների իրականացման և սեփական տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ։
4. Բարձրագույն կրթության մակարդակում առկա է որոշակի խնդիր, մասնավորապես ռոբոտաշինության ուղղությամբ ուսանողների թիվը չի գերազանցում 100-ը։ Հետազոտական կարողությունները հիմնականում կենտրոնացած են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և Երևանի պետական համալսարանում։ Միաժամանակ բացակայում է նախաբուհական կրթության և բարձրագույն կրթության ու գիտահետազոտական համակարգերի միջև անհրաժեշտ շարունակականությունն ապահովող օղակը՝ ներառյալ համապատասխան մագիստրոսական և դոկտորական ծրագրերը, ինչպես նաև թերի են ձևավորված հետազոտական ուղղությունները և կրթության ու մասնավոր հատվածի միջև կայուն համագործակցությունը։ Սույն ծրագիրն ուղղված է նշված բացի լրացմանը։
5. Չնայած առկա ավանդույթներին և գործող նախաձեռնություններին՝ Հայաստանում բացակայում է ֆիզիկական արհեստական բանականության ուղղությամբ միասնական, միջազգային մակարդակի գիտահետազոտական և կրթական հանգույց, որը կկարողանա համախմբել տեղական մասնագիտական ներուժը, ներգրավել արտերկրում մասնագիտական գործունեություն իրականացնող գիտնականների ու հետազոտողների և ապահովել կայուն համագործակցություն գիտության, կրթության և արդյունաբերության միջև։ Հայկական սփյուռքում կենտրոնացած են ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտների բազմաթիվ առաջատար մասնագետներ, որոնց մասնագիտական ներուժի, ինչպես նաև օտարերկրյա գիտնականների և հետազոտողների համակարգված ներգրավումը Հայաստանի Հանրապետության համար կարող է դառնալ ոլորտի զարգացման կարևոր ռազմավարական ռեսուրս։
3. ԽՆԴՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
6. Հայաստանի ռոբոտաշինության և արհեստական բանականության հատման ոլորտում առկա գիտահետազոտական ներուժը ցրված է և բավարար չափով ինստիտուցիոնալ չէ։ Առկա են առանձին հաջողված նախաձեռնություններ, սակայն բացակայում է կենտրոնացված հարթակ, որը կապահովի անհրաժեշտ ծավալի կայուն գիտահետազոտական ներուժի ձևավորումը, կրթական ինտեգրումը և արդյունաբերության հետ կայուն համագործակցությունը։
7. Ծրագրի նպատակն է Հայաստանում ձևավորել ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական և կրթական կարողություններ՝ հիմնադրամի շրջանակում ձևավորելով այս ուղղության համակարգման գիտական միջուկը, իսկ ծրագրի մասնակից բուհերում` համապատասխան ենթակառուցվածքները և հետազոտությունների ու արտադրության հետ ինտեգրված կրթական շղթան։
8. Ծրագրի կոնկրետ թիրախներն են՝
1) Հայաստանի Հանրապետության բուհերում և գիտական կազմակերպություններում ձևավորել մշտական գիտական հիմք՝ 7 տարվա ընթացքում`
ա. ներգրավելով 3 երկարաժամկետ ավագ գիտնականի՝ տարեկան առնվազն 9 ամիս Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական գործունեություն իրականացնելու և վեցամյա պայմանագրով ներգրավվելու պայմանով,
բ. 12-ից ավելի հետդոկտորական հետազոտողի և
գ. 60-ից ավելի կարճաժամկետ՝ 2-12 շաբաթ ժամկետով հրավիրյալ գիտնականի.
2) նպաստել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսումնական ծրագրերում ռոբոտաշինության և արհեստական բանականության մասնագիտացված դասընթացների ինտեգրմանը.
3) ստեղծել երկու ռոբոտաշինական լաբորատորիա՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և մեկ այլ գործընկեր համալսարանում, որը կընտրվի հետագայում սահմանվելիք չափանիշների հիման վրա, ինչպես նաև ծրագրի իրականացման նպատակով օգտագործել Երևանի պետական համալսարանի, Firebird նախաձեռնության և AI Virtual Institute նախաձեռնության հասանելի հաշվողական ռեսուրսները.
4) նպաստել ծրագրի շրջանակում ստեղծվող գիտահետազոտական արդյունքների առևտրայնացմանը՝ ստարտափների ստեղծման և արդյունաբերության հետ համագործակցության միջոցով։
4. ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բուհերում մասնավոր և հանրային համարժեք ֆինանսավորման մեխանիզմով ֆիզիկական արհեստական բանականության ուղղությամբ հետազոտական և կրթական կարողությունների զարգացման նպատակով ներդրումների իրականացմամբ:
10. Ծրագրի հիմնական շահառուներն են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամը:
11. Ծրագրի իրականացման ընթացքում կարող են ներգրավվել նաև այլ բուհեր, հանրային գիտահետազոտական կազմակերպություններ և մասնավոր տեխնոլոգիական ընկերություններ։
12. Շահառուները ծրագրի շրջանակում, համապատասխան համագործակցության և ֆինանսավորման պայմաններին համապատասխան, մասնակցում են կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը, համապատասխան ենթակառուցվածքների և լաբորատոր կարողությունների զարգացմանն ու օգտագործմանը, ինչպես նաև գիտական և արդյունաբերական համագործակցության ձևավորմանը։
13. Ծրագրի ընթացիկ կառավարումն ու իրականացումն իրականացվում են հետևյալ կառույցների համագործակցությամբ.
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին) հանդես է գալիս որպես պետական պատասխանատու մարմին, որն իր լիազորությունների շրջանակում ապահովում է ծրագրի իրականացման ընդհանուր համակարգումը, պետական ֆինանսավորման գործընթացների կազմակերպումը և ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվողականությունը.
2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այսուհետ` ԲԿԳԿ), որն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է ծրագրի պետական ֆինանսավորման գործընթացը, իրականացնում է ծրագրի մշտադիտարկումը և վերլուծում ծրագրի իրականացման վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունները և մասնակցում է լիազոր մարմնի աշխատանքների կազմակերպմանը.
3) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը հանդես է գալիս որպես ծրագրի շրջանակում համագործակցող պետական մարմին, որն իր լիազորությունների շրջանակում աջակցում է ծրագրի համապատասխանեցմանը Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական զարգացման առաջնահերթություններին, արդյունաբերական գործընկերների ներգրավմանը, ինչպես նաև համապատասխան տեխնոլոգիական և հաշվողական ենթակառուցվածքների հասանելիության ապահովմանը․
4) հիմնադրամը հանդես է գալիս որպես ծրագրի մասնավոր հատվածի մասնակից, որն ապահովում է ծրագրի գիտական, կրթական, կազմակերպական և գործառնական իրականացումը, այդ թվում՝
ա. գիտնականների և մասնագետների ներգրավումը,
բ. հետազոտական և կրթական ծրագրերի կազմակերպումը,
գ. լաբորատորիաների գործունեության համակարգումը,
դ. միջազգային և արդյունաբերական համագործակցությունը,
ե. մասնավոր և այլ ոչ պետական ֆինանսավորման ներգրավումը։
14. Հիմնադրամը համակարգում է նաև Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի հանձնաժողովի (PAIC) աշխատանքները, որը ծրագրի իրականացման համար լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական-փորձագիտական մարմին է, որը ծրագրի գիտական, կրթական, հետազոտական և տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ իրականացնում է մասնագիտական գնահատում և ներկայացնում առաջարկություններ ու եզրակացություններ` ծրագրով սահմանված շրջանակներում, ինչպես նաև իրականացնում է ծրագրի բովանդակային ուղեկցումը:
15. Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի հանձնաժողովի կազմի առնվազն 75 տոկոսը պետք է ունենա գիտական աստիճան և գիտության և ճարտարագիտության ոլորտներում ղեկավար կամ պատասխանատու պաշտոններում աշխատանքային փորձ՝ ռոբոտատեխնիկայի կամ արհեստական բանականության ոլորտներում։ Գործադիր խորհրդի՝ գիտության և ճարտարագիտության ոլորտները չներկայացնող անդամները կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ՝ կառավարման, պետական կառավարման և տնտեսագիտության ոլորտներում համապատասխան փորձառությամբ։
16. PAIC-ը ծրագրի շրջանակում՝
1) մասնագիտական առաջարկություններ է ներկայացնում ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում ծրագրի գիտական, հետազոտական, կրթական և տեխնոլոգիական առաջնահերթությունների վերաբերյալ.
2) մասնագիտական գնահատում է իրականացնում ծրագրի շրջանակում մշակվող հետազոտական և կրթական նախաձեռնությունների վերաբերյալ.
3) մասնագիտական գնահատում է իրականացնում ծրագրի շրջանակում ներգրավվող գիտնականների, հետազոտողների և այլ մասնագետների վերաբերյալ և ներկայացնում համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ.
4) մասնագիտական առաջարկություններ է ներկայացնում ծրագրի միջազգային գիտական, կրթական և արդյունաբերական համագործակցության զարգացման վերաբերյալ.
5) ծրագրի իրականացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում մասնագիտական եզրակացություններ և առաջարկություններ է ներկայացնում հիմնադրամի տնօրենին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հոգաբարձուների խորհրդին։
17. PAIC կողմից ծրագրի շրջանակում երկարաժամկետ և կարճաժամկետ հիմունքներով ներգրավվող գիտաշխատողների, հետդոկտորական հետազոտողների, ասպիրանտների և այլ մասնագետների ընտրության և գնահատման գործընթացներն իրականացվում են մասնագիտական որակի, թափանցիկության և հավասար հնարավորությունների սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով Եվրոպական հետազոտողների խարտիայի (European Charter for Researchers) համապատասխան սկզբունքները և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները։ Թեկնածուների մասնագիտական գնահատումն իրականացնում է Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի հանձնաժողովը՝ գնահատման արդյունքների հիման վրա հիմնադրամի տնօրենին և բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին ներկայացնելով մասնագիտական եզրակացություն և առաջարկություն։
18. Թեկնածուների ներգրավման, ինչպես նաև նրանց հետ աշխատանքային կամ այլ համապատասխան իրավահարաբերությունների ձևակերպման վերաբերյալ որոշումներն ընդունվում են հիմնադրամի կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակում։ Այն դեպքերում, երբ համապատասխան որոշման ընդունումը կամ ֆինանսական պարտավորության ստանձնումը հիմնադրամի կանոնադրությամբ վերապահված է հոգաբարձուների խորհրդին, համապատասխան հարցը ներկայացվում է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։
19. Թեկնածուների ներգրավումը հաստատելու մասին որոշման ընդունումից հետո եզրակացությունը ներկայացվում է նաև բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին:
5. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
20. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բուհերում մասնավոր և հանրային համաչափ ֆինանսավորման մեխանիզմով ֆիզիկական արհեստական բանականության ուղղությամբ հետազոտական և կրթական կարողությունների զարգացման նպատակով ներդրումների իրականացմամբ:
21. Ծրագիրն իրականացվում է 7 տարվա ընթացքում՝ փուլային եղանակով, հետազոտական ենթակառուցվածքների զարգացման, մարդկային կապիտալի ներգրավման և կրթական ծրագրերի ու միջոցառումների իրականացմամբ:
22. Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է վերազինել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (այսուհետ` ՀԱՊՀ) գործող խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիան՝ այն վերափոխելով լիարժեք ֆիզիկական արհեստական բանականության հետազոտական լաբորատորիայի:
23. Այդ նպատակով ԲԿԳԿ կողմից ծրագրին մասնակցության հրավերը ուղարկվում է համապատասխան շահառու համալսարաններին` ներկայացնելու լաբորատորիայի հիմնադրման կամ վերափոխման ծրագիր, որը պետք է ներառի երկարաժամկետ ներգրավվող գիտնականի, հրավիրյալ գիտնականի և հետազոտական թիմի ներգրավման վերաբերյալ առաջարկը, գիտնականների որակավորմանը և հետազոտական ուղղություններին ներկայացվող պահանջները և լաբորատորիայի կայացման ու վերազինման նախահաշիվը (այսուհետ` հայտ), որը փոխանցվում է PAIC-ին` մասնագիտական փորձագիտական եզրակացություն ստանալու համար: PAIC դիտողությունների հիման վրա ծրագիրը կարող է լրամշակվել, և համաձայնեցված տարբերակը PAIC դրական եզրակացության հետ ներկայացվել հիմնադրամին և ԲԿԳԿ` ֆինանսավորման:
24. Հայտով կարող է նախատեսվել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նկարագիր, ընդ որում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածի համար կարող է առաջարկությունը լինել հայեցակարգային` հետագա ճշգրտման պայմանով:
25. Հայտի շրջանակում ձեռքբերման ենթակա հետազոտական և ուսումնական սարքավորումների տեսակների, տեխնիկական բնութագրերի և գիտական ու ինժեներական նպատակահարմարության վերաբերյալ մասնագիտական որոշումները կայացվում են PAIC կողմից, իսկ մասնավոր ֆինանսական միջոցների հաշվին սարքավորումները ձեռք է բերում հիմնադրամը և նվիրատվության ակտով փոխանցում համապատասխան բուհին: Սարքավորումների ձեռքբերման համար հանրային միջոցները փոխանցվում են բուհերին, և այդ միջոցներով ձեռքբերման գործընթացներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։
26. Հայտի իրականացման համար անհրաժեշտ հաշվողական հզորությունները կապահովվեն համակցված աղբյուրներից՝ օգտագործելով Երևանի պետական համալսարանի հաշվողական ռեսուրսները, Ինժեներական քաղաքի CPU ռեսուրսները, ինչպես նաև Firebird նախաձեռնության շրջանակում հասանելի հաշվողական ռեսուրսները։
27. Հայտի շրջանակում ստեղծվող և արդիականացվող լաբորատորիաները կհաշվառվեն համապատասխան բուհերի հաշվեկշռում՝ մնալով նրանց սեփականությունը։ Հայտի շրջանակում հիմնադրամի կողմից ձեռք բերվող և համապատասխան բուհերում տեղակայվող հետազոտական և ուսումնական սարքավորումները սահմանված կարգով փոխանցվում և հաշվառվում են համապատասխան բուհերի հաշվեկշռում՝ դառնալով դրանց սեփականությունը։
28. Ձևավորված հետազոտական խմբերը պարբերական հաշվետվություն են ներկայացնում PAIC-ին իրենց գործունեության և ձեռքբերումների վերաբերյալ, PAIC-ը իրականացնում է ծրագրերի փորձագիտական մշտադիտարկումը և կարող է տալ գիտական թեմաների և սարքերի օգտագործման վերաբերյալ խորհրդատվություն։
29. Հաշվի առնելով Տեխնոլոգիական համալսարանի ձևավորման երկարաժամկետ տեսլականը՝ ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի հիմնական շեշտադրումը կիրականացվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի ներուժի զարգացման վրա։
30. Ծրագրի շրջանակում ներգրավվող գիտնականները աֆիլացվում են ընդունող` հայտատու բուհի հետ` նպաստելով նաև բուհի հեղինակության բարձրացմանը։
31. Ծրագրի մասնակցության հրավերի տեքստը մշակվում է հիմնադրամի կողմից և համաձայնեցվում է ԲԿԳԿ, ԲՏԱՆ և PAIC հետ:
32. Ծրագրի գիտական անձնակազմը ձևավորվում է երկու հիմնական բաղադրիչով՝ կարճաժամկետ հիմունքներով հրավիրյալ գիտնականներից և երկարաժամկետ հիմունքներով ներգրավվող գիտնականներից։ Կարճաժամկետ հիմունքներով հրավիրյալ գիտնականները ծրագրում ներգրավվում են 2-ից 12 շաբաթ ժամկետով։
33. Ծրագրի իրականացման արդյունքում երաշխավորված հայտերի շրջանակներում 2027 թվականի ընթացքում նախատեսվում է տարեկան ներգրավել 6-10 նոր հրավիրյալ գիտնականի՝ ապահովելով ցանկացած ժամանակահատվածում առնվազն 2 գիտնականի միաժամանակյա ակտիվ ներգրավվածությունը։ Ծրագրի իրականացման 7 տարվա ընթացքում նախատեսվում է ներգրավել ընդհանուր առմամբ 60-ից ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնականի։ Երկարաժամկետ գիտական անձնակազմի շրջանակում նախատեսվում է ներգրավել 3 ավագ գիտնականի՝ 6-ամյա պայմանագրով և ներգրավման 3-րդ տարում միջանկյալ գնահատման պայմանով։ Ծրագրի ամբողջական հզորությամբ գործարկման դեպքում միաժամանակ ներգրավված մշտական գիտական անձնակազմը կներառի 15 հետազոտողի՝ 3 ավագ գիտնականի, 3 հետդոկտորական հետազոտողի և 9 ասպիրանտի կամ մագիստրանտի։ Ծրագրի իրականացման 7 տարվա ընթացքում նախատեսվում է ընդհանուր առմամբ ներգրավել 12-ից ավելի հետդոկտորական հետազոտողի՝ պահպանելով ծրագրի ամբողջական հզորությամբ գործարկման փուլում միաժամանակ 3 հետդոկտորական հետազոտողի ներգրավման նպատակային ցուցանիշը։
6. ԹԻՐԱԽԱՅԻՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
34. Ծրագրի շահառու օտարերկրյա և ՀՀ գիտնականները ներգրավվում են նաև հիմնադրամի կարճաժամկետ դասընթացների մշակման կամ դասավանդման աշխատանքներում:
35. Ծրագրի շրջանակում մշակված կրթական դասընթացներին մասնակցությունն անվճար է ընդունելության սահմանված չափանիշներին համապատասխան ընտրված մասնակիցների համար՝ առկա տեղերի սահմաններում։
36. Ծրագրի շրջանակում իրականացվող կրթական ծրագրերն իրականացվում են ծրագրի շահառու համալսարանների հետ, և դրանց արդյունքում համապատասխան հավաստագրերը կամ կրթական աստիճանները շնորհվում են բուհերի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան բուհերի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով` փաստաթղթերում ունենալով համապատասխան նշում` հիմնադրամի հետ համատեղ իրականացված լինելու մասին։ Հիմնադրամը կրթական աստիճաններ չի շնորհում։
37. Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցում և համակարգում է իր գործունեությունը հանրակրթական և նախաբուհական մակարդակներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության ուղղություններով գործող նախաձեռնությունների և կազմակերպությունների, այդ թվում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ՝ նպաստելով կրթական տարբեր մակարդակների միջև շարունակականության և համապատասխան մասնագիտական ուղիների ձևավորմանը։
38. Ծրագրի շրջանակում հիմնադրամը համագործակցում է նաև մասնավոր տեխնոլոգիական և արդյունաբերական գործընկերների հետ՝ հետազոտական և կիրառական նախագծերի իրականացման, մասնագիտական փորձի փոխանակման, ուսանողների և հետազոտողների ներգրավման, հետազոտությունների արդյունքների կիրառման և առևտրայնացման, ինչպես նաև ոլորտի կարիքներին համապատասխան կրթական և գիտահետազոտական կարողությունների զարգացման նպատակով։ Համագործակցության համապատասխան ուղղությունների մասնագիտական համակարգումն իրականացվում է հիմնադրամի համապատասխան մարմինների ներգրավմամբ՝ սույն ծրագրով և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված շրջանակներում։
39. Հիմնադրամը համագործակցում է ռոբոտատեխնիկայի ոլորտում գործող Agile Robots ընկերության հետ՝ ծրագրի լաբորատոր կարողությունների զարգացման և համապատասխան սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև կարճաժամկետ մասնագիտական սեմինարների կազմակերպման ուղղություններով։
7. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼ
40. Ծրագիրն իրականացվում է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ՀՄԳԸ/ASOF), Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնավոր գործընկերների համագործակցությամբ։
41. Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությունը ներառում է ծրագրի իրականացմանն ուղղված պետական ֆինանսավորման տրամադրումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն ծրագրով սահմանված կարգով, ինչպես նաև պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը PAIC աշխատանքներին։
42. Մասնավոր գործընկերների մասնակցությունը կարող է ներառել ծրագրի համաֆինանսավորումը, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիական և հաշվողական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Firebird GPU ռեսուրսների հասանելիության ապահովումը, մասնագետների և դասախոսների ներգրավումը, ինչպես նաև ուսանողների ավարտական նախագծերի (capstone projects), հետազոտական և կիրառական նախագծերի համատեղ իրականացումը։
43. ՀՄԳԸ-ն իր միջազգային գիտական և մասնագիտական ցանցի միջոցով աջակցում է ծրագրի գիտական և մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային գիտնականների և հետազոտողների ներգրավմանը, ինչպես նաև միջազգային գիտական և կրթական համագործակցության ընդլայնմանը։
8. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
44. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, մասնավոր ֆինանսավորման, միջազգային և այլ արտաքին դրամաշնորհների, նվիրատվությունների, էնդաումենթային միջոցների ներդրումից ստացվող եկամուտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին։
45. Պետական ֆինանսավորումն առավելապես ընդգրկում է ծրագրի շրջանակում ներգրավվող գիտնականների և հետազոտողների վարձատրության բազային մասը և դրանց հետ կապված այլ վճարների ֆինանսավորումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և համապատասխան ֆինանսավորման իրավական հիմքերին համապատասխան։
46. Հիմնադրամը մասնավոր և այլ ոչ պետական ֆինանսավորման հաշվին կարող է լրացնել գիտնականների և հետազոտողների վարձատրության՝ պետական ֆինանսավորմամբ ապահովվող բազային մասը՝ միջազգային մակարդակով մրցունակ վարձատրություն ձևավորելու և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումն ու պահպանումն ապահովելու նպատակով, ինչպես նաև մասնավոր ֆինանսավորման շրջանակներում ենթակառուցվածքների վերազինման և համալրման նպատակով։
47. Ծրագրի պետական ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ծրագրում ներգրավված բուհերի, գիտական կազմակերպությունների և (կամ) ծրագրի իրականացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսավորում ստանալու իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների միջոցով՝ ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով։
48. Ծրագրի պետական ֆինանսավորումն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով՝ նախատեսելով ոչ պետական ֆինանսավորմանը առնվազն համարժեք չափով պետական համաֆինանսավորման ապահովում՝ 1:1 հարաբերակցությամբ։
49. Ծրագրի իրականացման 7-ամյա ժամանակահատվածում 1:1 համաֆինանսավորման սկզբունքի շրջանակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող համաֆինանսավորման ընդհանուր առավելագույն չափը չի կարող գերազանցել 7 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը1: Նշված սահմանաչափը համապատասխանում է ծրագրի՝ 14 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեի 50 տոկոսին։ Ոչ պետական համաֆինանսավորման՝ 7 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը գերազանցող չափով ներգրավումը չի առաջացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ համաֆինանսավորման պարտավորություն։
50. Սույն կետի իմաստով ոչ պետական համաֆինանսավորում են համարվում ծրագրի իրականացման նպատակով փաստացի ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չտրամադրվող դրամական միջոցները, այդ թվում՝ մասնավոր գործընկերների ֆինանսավորումը, միջազգային դրամաշնորհային ծրագրերից ներգրավված միջոցները, մասնավոր հիմնադրամների և այլ կազմակերպությունների տրամադրած ֆինանսավորումը, նվիրատվությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ոչ պետական ֆինանսական միջոցները։
51. Միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ծրագրին կամ դրա առանձին միջոցառումների իրականացմանը փաստացի ուղղվող ֆինանսավորման այն մասը, որը ներգրավվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անկախ և օգտագործվում է Հայաստանում ծրագրի նպատակների իրականացման համար, հաշվարկվում է սույն կետով նախատեսված ոչ պետական համաֆինանսավորման կազմում։
52. Եվրոպական միության շրջանակային «Հորիզոն Եվրոպա» ծրագրից ստացված դրամաշնորհային միջոցները համարվում են պետական ֆինանսավորում, քանի որ ասոցացման պայմանագրի համաձայն ամբողջությամբ փոխհատուցվում են պետական բյուջեից:
53. 1:1 հարաբերակցության ապահովումը գնահատվում է ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար՝ փաստացի տրամադրված պետական ֆինանսավորման և փաստացի ներգրավված ոչ պետական համաֆինանսավորման համադրման հիման վրա։
54. Ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրված մասնավոր և այլ ոչ պետական միջոցների բաշխման և օգտագործման վերաբերյալ գիտական, մասնագիտական և գործառնական որոշումները կայացվում են հիմնադրամի կողմից՝ սույն ծրագրով, հիմնադրամի կանոնադրությամբ, համապատասխան ֆինանսավորման կամ համագործակցության փաստաթղթերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում։
55. Մասնավոր և այլ ոչ պետական ֆինանսավորման ներգրավման, բաշխման և ծրագրի նպատակներին համապատասխան օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իր իրավասությունների շրջանակում իրականացնում է հիմնադրամը իր կառուցվածքում գործող գործադիր խորհրդի միջոցով։
56. Գործադիր խորհուրդը հիմնադրամի գիտական և ծրագրային ուղղությունների մասնագիտական համակարգման նպատակով հիմնադրամի կազմում ստեղծված և հիմնադրամի կազմում գործող՝ 11 անդամից բաղկացած մարմին է, որի մեկ անդամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, մեկ անդամը՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը, իսկ մյուս անդամները նշանակվում են Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ՀՄԳԸ/ASOF) կողմից։ Գործադիր խորհրդի կազմի առնվազն 75 տոկոսը պետք է ունենա գիտության և ճարտարագիտության ոլորտներում աշխատանքային փորձ՝ ռոբոտատեխնիկայի կամ արհեստական բանականության ոլորտներում համապատասխան գիտելիքներով։ Գործադիր խորհրդի՝ գիտության և ճարտարագիտության ոլորտները չներկայացնող անդամները կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ՝ կառավարման, պետական կառավարման և տնտեսագիտության ոլորտներում համապատասխան փորձառությամբ։
57. Գործադիր խորհրդի կազմում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովում է պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների ներգրավվածությունը ծրագրի համաֆինանսավորման և դրա նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության գործընթացում։
58. Ծրագրի շրջանակում հանրային և մասնավոր ֆինանսավորման հատկացումները շահառուներին բոլոր դեպքերում պետք է իրականացվեն PAIC փորձագիտական դրական եզրակացության հիման վրա:
59. Այն դեպքում, երբ ծրագրի իրականացման համար նախատեսված միջոցները հիմնադրամի միջոցով փոխանցվում են համապատասխան բուհին կամ գիտական կազմակերպությանը՝ ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի համապատասխան միջոցառումների իրականացման նպատակով, այդ միջոցների օգտագործման վերաբերյալ գիտական, մասնագիտական և գործառնական որոշումները կայացվում են հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից՝ համապատասխան ֆինանսավորման իրավական հիմքերով և համագործակցության փաստաթղթերով սահմանված շրջանակներում։
60. Ծրագրի իրականացման մշտադիտարկումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված արդյունքային ցուցանիշների և մշտադիտարկման շրջանակին համապատասխան։
61. Հիմնադրամը եռամսյակային պարբերությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է՝
1) ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ սույն որոշմամբ հաստատված արդյունքային ցուցանիշների.
2) ծրագրի շրջանակում փաստացի ներգրավված մասնավոր և այլ ոչ պետական ֆինանսավորման, այդ թվում՝ միջազգային և այլ արտաքին դրամաշնորհային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների և ծավալների.
3) պետական և ոչ պետական ֆինանսավորման միջոցներով իրականացված հիմնական աշխատանքների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
4) պետական ֆինանսավորման և սույն ծրագրի 20-րդ կետով նախատեսված ոչ պետական համաֆինանսավորման փաստացի հարաբերակցության վերաբերյալ տեղեկատվություն.
5) ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված շեղումների, խնդիրների և ռիսկերի, ինչպես նաև դրանց վերացման կամ նվազեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն.
6) հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի համար նախատեսվող հիմնական միջոցառումների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։
62. Պետական բյուջեից տրամադրված միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվողականությունն իրականացվում է ԲԿԳԿ կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ֆինանսավորման համապատասխան իրավական հիմքերով սահմանված կարգով։
63. Մասնավոր և այլ ոչ պետական ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ծրագրի ընդհանուր ֆինանսավորման, 1:1 համաֆինանսավորման հարաբերակցության ապահովման և ծրագրի արդյունքների գնահատման նպատակով։ Մասնավոր և այլ ոչ պետական աղբյուրներից ծրագրին տրամադրված ֆինանսավորման փաստը և չափը հիմնավորվում են համապատասխան ֆինանսավորման, դրամաշնորհային, նվիրատվության կամ այլ փաստաթղթերով և ֆինանսական միջոցների փաստացի տրամադրումը հավաստող փաստաթղթերով։
64. Ծրագրի շրջանակում երաշխավորված հայտերի ֆինանսավորման առաջին կիսամյակից հետո պետական ֆինանսավորումը տրամադրվում է մասնավոր ֆինանսավորման հատկացվելուց հետո` մասնավոր ֆինանսավորումը շահառու համալսարաններին փոխանցելուց հետո:
65. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ իր իրավասությունների շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, իրականացնում են ներկայացված հաշվետվությունների ուսումնասիրությունը և ծրագրի արդյունքային ցուցանիշների կատարման գնահատումը։
66. Ծրագրի 7-ամյա ընդհանուր ներդրումը կազմում է 4.828 մլրդ ՀՀ դրամ: Հաշվողական ռեսուրսների պահանջարկի ֆինանսական գնահատականը նախնական է. այն նախատեսվում է բավարարել ԵՊՀ սուպերհամակարգչի և պետության կողմից ձեռք բերված Firebird AI-ի հզորությունների օգտագործմամբ։
Ծրագրի 7-ամյա ընդհանուր ներդրման բացվածքը՝ ըստ տարիների (հազ. դրամ)
|
Տարի |
Կառավա- րություն |
Հայաստանի ամերիկյան համալսարան |
Այլ մասնավոր |
Արդյունա- բերական գործընկե- րություն |
ԲԿԳԿ դրամա- շնորհներ |
Միջազ- գային դրամա- շնորհներ |
Էնդաումենթի ներդրումային եկամուտ |
Ընդհանուր համագումար |
|
I |
168,444.0 |
74,864.0 |
93,580.0 |
0 |
0 |
0 |
0 |
336,888.0 |
|
II |
374,320.0 |
177,328.0 |
196,992.0 |
0 |
0 |
0 |
0 |
748,640.0 |
|
III |
374,320.0 |
183,734.3 |
163,286.2 |
0 |
27,299.5 |
0 |
0 |
748,640.0 |
|
IV |
374,320.0 |
116,103.0 |
103,182.3 |
0 |
34,501.8 |
35,140.7 |
85,392.2 |
748,640.0 |
|
V |
374,320.0 |
84,812.1 |
75,373.4 |
0 |
25,203.3 |
64,174.9 |
124,756.3 |
748,640.0 |
|
VI |
374,320.0 |
65,599.1 |
58,298.6 |
26,803.9 |
29,240.5 |
49,636.9 |
144,741.0 |
748,640.0 |
|
VII |
374,320.0 |
47,054.7 |
41,818.0 |
19,226.6 |
20,974.6 |
106,814.5 |
138,431.6 |
748,640.0 |
|
Ընդհա- նուր համա- գումար |
2,414,364.0 |
749,495.2 |
732,530.5 |
46,030.5 |
137,219.7 |
255,767.0 |
493,321.1 |
4,828,728.0 |
Ծրագրի 7-ամյա ծախսային ուղղությունների բացվածքները՝ ըստ տարիների (հազ. դրամ)
|
Ծախսային ուղղություն |
Տարի 1 |
Տարի 2 |
Տարի 3 |
Տարի 4 |
Տարի 5 |
Տարի 6 |
Տարի 7 |
|
Գիտական անձնակազմ |
148,642.5 |
363,892.5 |
455,604.7 |
437,818.5 |
407,965.9 |
402,675.5 |
373,269.0 |
|
Լաբորատոր ենթակառուցվածքներ |
9,961.4 |
115,285.1 |
57,866.9 |
52,295.7 |
60,228.6 |
66,717.3 |
61,845.0 |
|
Հաշվողական ռեսուրսներ |
135,096.8 |
87,862.1 |
44,102.0 |
39,856.1 |
45,902.0 |
50,847.1 |
47,133.9 |
|
Կրթական ծրագիր |
6,484.6 |
15,127.1 |
14,725.4 |
13,275.2 |
15,462.7 |
14,373.2 |
13,323.5 |
|
Գիտաժողովներ և աշխատաժողովներ |
7,205.1 |
33,615.8 |
29,450.7 |
26,550.4 |
24,740.1 |
28,746.0 |
26,646.7 |
|
Հանրային իրազեկում |
0 |
12,606.1 |
18,406.9 |
16,594.2 |
15,462.7 |
14,373.2 |
13,323.5 |
|
Խորհրդատվություն և վերահսկողություն |
5,403.9 |
12,606.1 |
11,044.2 |
9,956.6 |
9,277.7 |
8,624.0 |
7,994.2 |
|
Վարչական ծախսեր |
9,006.4 |
31,514.9 |
27,610.1 |
24,891.1 |
23,193.9 |
25,871.6 |
23,982.2 |
|
Գործառնական ծախսեր |
9,006.4 |
21,010.1 |
18,406.9 |
16,594.2 |
15,462.7 |
14,373.2 |
13,323.5 |
|
Չնախատեսված ծախսեր (5%) |
16,042.3 |
35,649.5 |
34,349.5 |
32,333.2 |
31,393.4 |
31,893.5 |
29,564.3 |
|
Արտաքին դրամաշնորհներ (կանխատեսվող) |
0 |
0 |
27,299.5 |
69,642.5 |
89,378.2 |
78,877.4 |
127,789.1 |
|
Ընդամենը |
336,888.0 |
748,640.0 |
748,640.0 |
748,640.0 |
748,640.0 |
748,640.0 |
748,640.0 |
_________________
1 Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2026 թվականի հունվար-հուլիսին» հրապարակման՝ «Արտարժութային փոխարժեքներ» բաժնում ներկայացված տվյալների՝ https://armstat.am/file/article/sv_06_26a_430.pdf
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
06.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1619-Ն որոշման |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի իրականացումը նախատեսվում է 7 տարվա ընթացքում (սկսած 2026 թվականի աշնանից)՝ հետևյալ հիմնական փուլերով։ Պատասխանատու և համագործակցող մարմինների դերաբաշխումը սահմանված է N 1 հավելվածի 4-րդ բաժնում։
|
Ժամանակա-հատված |
Հիմնական միջոցառումներ |
Ակնկալվող արդյունքներ |
Պատասխանատու / համակատարող |
|
1-ին տարի |
Մեկնարկել հրավիրյալ գիտնականների ծրագիրը, հիմնել առաջին լաբորատորիան, մեկնարկել առաջին հետազոտական նախագիծը և ուսումնական ծրագիրը |
● Միջազգային գիտաժողովներ / աշխատաժողովներ - 1 ● Միջազգային / տեղական դրամաշնորհային հայտեր - 0 ● Գիտական հրապարակումներ - 2 ● Հետդոկտորական հետազոտողներ - 0 ● Հրավիրյալ գիտնականներ - 2 ● Դասավանդված դասընթացներ - 3 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ բակալավրիատ - 15 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ մագիտրատուրա - 0 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ ասպիրանտուրա - 0 ● Ենթակառուցվածքների բեռնվածություն -80% |
ՀՀ ԿԳՄՍՆ՝ պատասխանատու մարմին, ՀՀ ԲԿԳԿ՝ գործառնական մարմին, բա-ԳԻՆ/ARCS.ai՝ ծրագրի օպերատոր, համապատասխան գործընկեր բուհեր (համաձայնությամբ) |
|
Ժամանակա- հատված |
Հիմնական միջոցառումներ |
Ակնկալվող արդյունքներ |
Պատասխանատու / համակատարող |
|
2-րդ տարի |
Ստեղծել երկրորդ լաբորատորիան, ապահովել հրավիրյալ գիտնականների ծրագրի լիարժեք գործարկումը, կազմակերպել առաջին միջազգային գիտաժողովը, մեկնարկել երկրորդ հետազոտական նախագիծը և ծրագրի հանրայնացումը |
● Միջազգային գիտաժողովներ / աշխատաժողովներ - 2 ● Միջազգային / տեղական դրամաշնորհային հայտեր - 3 ● Գիտական հրապարակումներ - 3 ● Հետդոկտորական հետազոտողներ - 4 ● Հրավիրյալ գիտնականներ - 13 ● Մշտական գիտական հաստիքներ - 1 ● Դասավանդված դասընթացներ - 13 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ բակալավրիատ - 25 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ մագիտրատուրա - 12 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ ասպիրանտուրա - 2 ● Ենթակառուցվածքների բեռնվածություն -85% |
ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ ԲԿԳԿ, բա- ԳԻՆ/ARCS.ai, համապատասխան գործընկեր բուհ և ծրագրում ներգրավված այլ գործընկերներ (համաձայնությամբ) |
|
Ժամանակա- հատված |
Հիմնական միջոցառումներ |
Ակնկալվող արդյունքներ |
Պատասխանատու / համակատարող |
|
3-րդ տարի |
Ապահովել անձնակազմի ամբողջական համալրումը, ընդլայնել միջազգային համագործակցությունները (տարեկան 2 գիտաժողով)
Ծրագրի անկախ միջանկյալ գնահատում |
● Միջազգային գիտաժողովներ / աշխատաժողովներ - 2 ● Միջազգային / տեղական դրամաշնորհային հայտեր - 2 ● Խոշոր դրամաշնորհների ապահովում - 1 ● Գիտական հրապարակումներ - 3 ● Գյուտի արտոնագիր/գյուտի կարճաժամկետ ստանալու հայտեր կամ հաստատումներ - 1 ● Հետդոկտորական հետազոտողներ - 2 ● Հրավիրյալ գիտնականներ - 12 ● Մշտական գիտական հաստիքներ - 1 ● Դասավանդված դասընթացներ - 12 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ բակալավրիատ - 32 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ մագիտրատուրա - 11 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ ասպիրանտուրա - 2 ● Ենթակառուցվածքների բեռնվածություն - 85% ● Ստարտափ/սփին-օֆֆ ընկերություններ - 1 |
ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ ԲԿԳԿ, ARCS.ai, գործընկեր բուհեր (համաձայնությամբ) |
|
Ժամանակա- հատված |
Հիմնական միջոցառումներ |
Ակնկալվող արդյունքներ |
Պատասխանատու / համակատարող |
|
4-րդ տարի |
Ներդնել նոր մասնագիտացված դասընթացներ, ամրապնդել միջազգային գործընկերությունները և ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում |
● Միջազգային գիտաժողովներ / աշխատաժողովներ - 2 ● Միջազգային / տեղական դրամաշնորհային հայտեր - 2 ● Գիտական հրապարակումներ - 3 ● Հետդոկտորական հետազոտողներ - 2 ● Հրավիրյալ գիտնականներ - 10 ● Մշտական գիտական հաստիքներ - 1 ● Դասավանդված դասընթացներ - 15 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ բակալավրիատ - 40 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ մագիտրատուրա - 13 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ ասպիրանտուրա - 2 ● Ենթակառուցվածքների բեռնվածություն - 90% ● Ստարտափ/սփին-օֆֆ ընկերություններ - 1 |
ARCS.ai, գործընկեր բուհեր, ՀՀ ԲԿԳԿ, ՀՀ ԲՏԱԲՆ՝ իր գործառույթների շրջանակում (համաձայնությամբ) |
|
Ժամանակա- հատված |
Հիմնական միջոցառումներ |
Ակնկալվող արդյունքներ |
Պատասխանատու / համակատարող |
|
5-րդ տարի |
Ներդնել նոր մասնագիտացված դասընթացներ, ամրապնդել միջազգային գործընկերությունները և ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում |
● Միջազգային գիտաժողովներ / աշխատաժողովներ - 2 ● Միջազգային / տեղական դրամաշնորհային հայտեր - 2 ● Գիտական հրապարակումներ - 4 ● Գյուտի արտոնագիր/գյուտի կարճաժամկետ ստանալու հայտեր կամ հաստատումներ - 1 ● Հետդոկտորական հետազոտողներ - 2 ● Հրավիրյալ գիտնականներ - 12 ● Դասավանդված դասընթացներ - 17 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ բակալավրիատ - 48 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ մագիտրատուրա - 15 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ ասպիրանտուրա - 2 ● Ենթակառուցվածքների բեռնվածություն -95% ● Ստարտափ/սփին-օֆֆ ընկերություններ - 3 |
ARCS.ai, գործընկեր բուհեր, ՀՀ ԲԿԳԿ, ՀՀ ԲՏԱԲՆ՝ իր գործառույթների շրջանակում (համաձայնությամբ) |
|
Ժամանակա- հատված |
Հիմնական միջոցառումներ |
Ակնկալվող արդյունքներ |
Պատասխանատու / համակատարող |
|
6-րդ տարի |
Ներդնել նոր մասնագիտացված դասընթացներ, ամրապնդել միջազգային գործընկերությունները և ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում |
● Միջազգային գիտաժողովներ / աշխատաժողովներ - 11 ● Միջազգային / տեղական դրամաշնորհային հայտեր - 9 ● Խոշոր դրամաշնորհների ապահովում - 2 ● Գիտական հրապարակումներ - 16 ● Գյուտի արտոնագիր/գյուտի կարճաժամկետ ստանալու հայտեր կամ հաստատումներ - 2 ● Հետդոկտորական հետազոտողներ - 11 ● Հրավիրյալ գիտնականներ - 52 ● Մշտական գիտական հաստիքներ - 3 ● Դասավանդված դասընթացներ - 73 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ բակալավրիատ - 52 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ մագիտրատուրա - 18 ● Ենթակառուցվածքների բեռնվածություն -95% ● Ստարտափ/սփին-օֆֆ ընկերություններ - 4 |
ARCS.ai, գործընկեր բուհեր, ՀՀ ԲԿԳԿ, ՀՀ ԲՏԱԲՆ՝ իր գործառույթների շրջանակում (համաձայնությամբ) |
|
Ժամանակա- հատված |
Հիմնական միջոցառումներ |
Ակնկալվող արդյունքներ |
Պատասխանատու / համակատարող |
|
7-րդ տարի |
Ապահովել հիմնադրամի ամբողջական ներուժի օգտագործումը, միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական համագործակցության հուշագրերի ստորագրումը, կայուն դրամաշնորհային ֆինանսավորման հոսքերը և ծրագրի համապարփակ անկախ վերջնական գնահատումը |
● Միջազգային գիտաժողովներ / աշխատաժողովներ - 14 ● Միջազգային / տեղական դրամաշնորհային հայտեր - 10 ● Խոշոր դրամաշնորհների ապահովում - 2 ● Գիտական հրապարակումներ - 20 ● Գյուտի արտոնագիր/գյուտի կարճաժամկետ ստանալու հայտեր կամ հաստատումներ - 2 ● Հետդոկտորական հետազոտողներ - 12 ● Հրավիրյալ գիտնականներ - 60 ● Մշտական գիտական հաստիքներ - 3 ● Դասավանդված դասընթացներ - 90 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ բակալավրիատ - 56 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ մագիտրատուրա - 8 ● Կրթական ընդգրկում՝ ուսանողներ՝ ասպիրանտուրա - 10 ● Ենթակառուցվածքների բեռնվածություն - 100% ● Ստարտափ/սփին-օֆֆ ընկերություններ - 5 |
ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ ԲԿԳԿ, բա-ԳԻՆ/ARCS.ai, ՀՀ ԲՏԱԲՆ, գործընկեր բուհեր և միջազգային գործընկերներ (համաձայնությամբ) |
Ֆինանսավորումն իրականացվում է պետական և մասնավոր միջոցների հաշվին՝ N 1 հավելվածի 8-րդ բաժնով սահմանված ֆինանսավորման մոդելին համապատասխան։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
06.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1619-Ն որոշման |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Ծրագրի երկարաժամկետ արդյունքը հայաստանյան բուհերի ինստիտուցիոնալ կարողության աճն է։ Լաբորատորիաների՝ բուհերի հաշվեկշռում հաշվառվելը, ներգրավվող գիտնականների աֆիլիացիան հանրային բուհերի հետ և համատեղ հրապարակումները նպաստում են այդ բուհերի գիտական արտադրողականության և միջազգային վարկանիշային դիրքի բարելավմանը։ Կարողությունների զարգացման շեշտադրումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի վրա նպատակաուղղված է Տեխնոլոգիական համալսարանի ձևավորման երկարաժամկետ տեսլականի նախապատրաստմանը։
Ծրագրի 7-րդ տարվա ավարտին սահմանվում են հետևյալ հիմնական չափելի ցուցանիշները․
|
NN ը/կ |
Ցուցանիշ |
7-ամյա թիրախ |
Մշտադիտարկման/տվյալների աղբյուր |
|
1․ |
Միջազգային գիտաժողովներ/ աշխատաժողովներ |
14 միջոցառում՝ յուրաքանչյուրում միջինը 50-100 մասնակից |
Հիմնադրամի/ARCS.ai-ի եռամսյակային և տարեկան հաշվետվություններ |
|
2․ |
Միջազգային/տեղական դրամաշնորհային հայտեր |
10 և ավելի հայտ |
Հիմնադրամի/ARCS.ai-ի եռամսյակային և տարեկան հաշվետվություններ |
|
3․ |
Խոշոր դրամաշնորհների ապահովում |
Առնվազն 2 խոշոր դրամաշնորհ՝ հետագայում տարեկան մոտ 1 մլն ԱՄՆ դոլար և ավելի ֆինանսավորմամբ |
Հիմնադրամի/ARCS.ai-ի ֆինանսավորման և ծրագրային հաշվետվություններ |
|
4․ |
Գիտական հրապարակումներ |
20 և ավելի հրապարակում՝ ուղղված առաջատար համաշխարհային կենտրոնների հետազոտողների վերին քառորդի ազդեցության մակարդակին |
Հիմնադրամի/ARCS.ai-ի և գործընկեր բուհերի գիտական հաշվետվություններ |
|
5․ |
Գյուտի արտոնագիր/ գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտեր կամ հաստատումներ |
Առնվազն 2 |
Հիմնադրամի/ARCS.ai-ի և գործընկեր կազմակերպությունների հաշվետվություններ |
|
6․ |
Հետդոկտորական հետազոտողներ |
12 և ավելի՝ 7 տարվա ընթացքում |
Հիմնադրամի/ARCS.ai-ի եռամսյակային և տարեկան հաշվետվություններ |
|
7․ |
Հրավիրյալ գիտնականներ և աշխարհագրական ընդգրկում |
60-ից ավելի հրավիրյալ գիտնական, առնվազն 10 երկրի մասնակցություն հրավիրյալ գիտնականների ծրագրում |
Հիմնադրամի/ARCS.ai-ի եռամսյակային և տարեկան հաշվետվություններ |
|
8․ |
Մշտական գիտական հաստիքներ |
3 մշտական գիտական հաստիք |
Հիմնադրամի/ARCS.ai-ի մարդկային ռեսուրսների և ծրագրային հաշվետվություններ |
|
9․ |
Դասավանդված դասընթացներ և բուհական ինտեգրում |
90 և ավելի դասընթաց, դասընթացների ինտեգրում ՀԱՀ/ԵՊՀ/ՀԱՊՀ ուսումնական ծրագրերում |
Հիմնադրամի/ARCS.ai-ի և գործընկեր բուհերի հաշվետվություններ |
|
10․ |
Կրթական ընդգրկում |
364 ուսանող՝ 265 բակալավրիատում, 78՝ մագիստրատուրայում և 21՝ ասպիրանտուրայում |
Հիմնադրամի/ARCS.ai-ի և գործընկեր բուհերի հաշվետվություններ |
|
11․ |
Հրավիրյալ և տեղական գիտնականների համագործակցության փոխակերպման ցուցանիշ |
Առնվազն 50 տոկոս այն հրավիրյալ գիտնականներից, որոնք ներգրավվել են 2 տարվա ընթացքում համատեղ հրապարակում, դրամաշնորհ կամ ենթակառուցվածքային նախագիծ |
Հիմնադրամի/ARCS.ai-ի ծրագրային հաշվետվություններ |
|
12․ |
Ստարտափ/սփին-օֆֆ ընկերություններ |
Առնվազն 5 ընկերություն |
Հիմնադրամի/ARCS.ai-ի և համապատասխան գործընկերների հաշվետվություններ |
|
13․ |
Ենթակառուցվածքի բեռնվածություն |
Լաբորատորիաների, հաշվողական կլաստերների և GPU ռեսուրսների օգտագործման մակարդակ՝ 80% և ավելի |
Հիմնադրամի/ARCS.ai-ի և ենթակառուցվածքը տրամադրող գործընկերների հաշվետվություններ |
Ցուցանիշների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է N 1 հավելվածի 61-րդ կետով նախատեսված եռամսյակային հաշվետվություններում։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
06.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2026 թվական: