Սույն որոշման գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացվող հայտերի վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2026 թվականի N 1653-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման N 1 հավելվածում՝
ա․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 62․1-62․10-րդ կետերով․
«62․1․ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության կողմից կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբեռպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանության և Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության կենտրոնական ապարատի տեղակայման համար նախատեսված, ոչ գաղտնի (հրապարակային) անշարժ գույքի, այդ թվում՝ դրա շուրջ 1000 մետր շառավղով հարակից տեղանքում գտնվող տարածքներում (բացառությամբ այն գույքի, որի վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ գույքը Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությանն ամրացված լինելու կամ վերջինիս կողմից օգտագործվելու մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք) քաղաքաշինական գործունեություն նախատեսող հայտերն իրավասու մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության համաձայնեցմանը՝ Երևան քաղաքից դուրս գտնվող և բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության կենտրոնական ապարատի տեղակայման համար նախատեսված, ոչ գաղտնի (հրապարակային) անշարժ գույքի, այդ թվում՝ դրա շուրջ 1000 մետր շառավղով հարակից հողամասերի տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։ Սույն կետի իմաստով հարակից տարածք է համարվում քաղաքաշինական գործունեության իրականացման համար նախատեսված այն հողամասը, որի սահմանը գտնվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության կենտրոնական ապարատի տարածքի սահմանագծից (այդ թվում՝ շենք-շինություններով ծանրաբեռնված) մինչև 1000 մետր հեռավորության վրա:
Իրավասու մարմինը հայտի գրանցման օրն էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությանն է փոխանցում հարցումը, հայտը և դրան կից փաստաթղթերը՝ միաժամանակ նշելով հայտով որոշում ընդունելու և Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության եզրակացությունը ներկայացնելու վերջնաժամկետները։ Հարցումն ուղարկվում է այլ մարմիններին կամ կազմակերպություններին ներկայացվող հարցումներին զուգահեռ։
62.2. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունն իր եզրակացությունն իրավասու մարմնին ներկայացնում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ տվյալ հայտի համար կիրառելի՝ առաջադրանքի տրամադրման ընդհանուր ժամկետի ավարտից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օր առաջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությանը հարցում ներկայացնելը և եզրակացությանն սպասելն ինքնին չեն կասեցնում կամ երկարաձգում հայտի քննարկման ընդհանուր ժամկետը։
62.3. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացնում է դրական կամ բացասական եզրակացություն։ Դրական եզրակացությունը հավաստում է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության կողմից առարկությունների բացակայությունը։
62.4. Բացասական եզրակացություն կարող է տրվել բացառապես հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում՝
1) հայտով նախատեսվող լուծումները հակասում են սույն կարգի 62.1-ին կետում նշված անվտանգության պահանջներին․
2) մասնագիտական գնահատման հիման վրա հաստատվում է, որ նախատեսվող գործունեությունը կարող է առաջացնել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության կապի կամ տեղեկատվական միջոցների անխափան շահագործման խաթարման կամ կիբեռանվտանգության խախտման կամ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության նկատմամբ տեխնիկական հետախուզության իրականացման կոնկրետ վտանգի կամ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեության խաթարման։
Գնահատման ընթացքում հաշվի են առնվում նախատեսվող օբյեկտի տեղադիրքը, բարձրությունը, ծավալատարածական լուծումները, հայտում ներկայացված տեխնիկական սարքավորումների բնութագրերը և տեղանքի առանձնահատկությունները։ Հողամասի՝ սույն կարգի 62.1-ին կետով սահմանված տարածքում գտնվելն ինքնին բացասական եզրակացություն տալու հիմք չէ։
62.5. Բացասական եզրակացությունը պետք է առնվազն պարունակի կիրառված իրավական հիմքը և մասնագիտական գնահատման արդյունքները։
62.6. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության կողմից սահմանված ժամկետում եզրակացություն չներկայացվելու դեպքում իրավասու մարմինը շարունակում է հայտի քննարկումը և որոշում է ընդունում կիրառելի ընդհանուր ժամկետում։ Եզրակացության բացակայությունն ինքնին հայտը մերժելու կամ քննարկման ժամկետը երկարաձգելու հիմք չէ։
62.7. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության բացասական եզրակացության առկայության դեպքում հայտը մերժվում է սույն կարգի 63-րդ կետի 5-րդ ենթակետի հիմքով, եթե եզրակացությունը համապատասխանում է սույն կարգի 62.4-րդ և 62.5-րդ կետերով սահմանված պահանջներին։ Նշված պահանջներին չհամապատասխանող եզրակացության դեպքում իրավասու մարմինը դրա ստացման օրը Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունից պահանջում է այն համապատասխանեցնել այդ պահանջներին՝ առանց սույն կարգի 62.2-րդ կետով սահմանված վերջնաժամկետը երկարաձգելու։
62.8. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը համապատասխան իրավասու մարմիններին և քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը վարող մարմնին տրամադրում է սույն կարգի 62.1-ին կետում նշված գույքի կադաստրային ծածկագրերը, հողամասերի սահմանների թվային տարածական տվյալները և գույքը Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությանն ամրացված լինելու կամ նրա կողմից օգտագործվելու իրավական հիմքի վերաբերյալ տեղեկությունները։ Տվյալների փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը թարմացված տեղեկությունները տրամադրում է փոփոխությունը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
62.9. Էլեկտրոնային համակարգը վարող մարմինը սույն կարգի 62.8-րդ կետով ստացված տվյալները համակարգում մուտքագրում կամ թարմացնում է դրանց ստացմանը հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ։ Համակարգն ապահովում է համապատասխան գույքի և հարակից տարածքի նույնականացումը, հայտի՝ այդ տարածքին առնչվելու ստուգումը, հարցումների ու եզրակացությունների փոխանցումը, դրանց ստացման պահի և վերջնաժամկետների հաշվառումը։ Տվյալները փոխանցվում են համակարգում ներբեռնման և տարածական նույնականացման հնարավորություն ապահովող մեքենայաընթեռնելի ձևաչափով։
62․10․ Սույն կարգի 62.1-ին կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունից եզրակացություն ստանալու պահանջը համապատասխան անշարժ գույքի հարակից տարածքում նախատեսվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ կիրառվում է այն պահից, երբ սույն կարգի 62.8-րդ կետով նախատեսված տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային համակարգ և հասանելի են իրավասու մարմնին՝ հնարավորություն տալով միանշանակ նույնականացնելու համապատասխան հողամասի գտնվելու վայրը, սահմանները և սույն կարգի 62.1-ին կետով սահմանված հարակից տարածքը։ Էլեկտրոնային համակարգում արձանագրվում են տվյալների՝ իրավասու մարմնին հասանելի դառնալու ամսաթիվը և ժամը։ Իրավասու մարմինը հայտը Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությանը համաձայնեցմանը ներկայացնելու անհրաժեշտությունը որոշում է հայտի գրանցման պահին համակարգում իրեն հասանելի տվյալների հիման վրա։
Մինչև նշված տվյալների հասանելի դառնալը գրանցված հայտերի նկատմամբ տվյալ անշարժ գույքի առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունից եզրակացություն ստանալու պահանջը չի կիրառվում։
Տվյալների բացակայությունը կամ համապատասխան տարածքը դրանց հիման վրա միանշանակ նույնականացնելու անհնարինությունն ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ հայտի քննարկումը կասեցնելու, դրա ժամկետը երկարաձգելու կամ հայտը մերժելու համար։
Տվյալների փոփոխությամբ համաձայնեցման ենթակա տարածքի ընդլայնման դեպքում սույն կետի կանոնները նոր ընդգրկվող տարածքի նկատմամբ կիրառվում են թարմացված տվյալներն իրավասու մարմնին հասանելի դառնալու պահից։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 15-ից։
3․ Սույն որոշման գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացվող հայտերի վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
12.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2026 թվական: