ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Երևան |
10 նոյեմբերի 2026 թվականի |
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ (ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. դատավորներ՝ Վլադիմիր Վարդանյանի (նախագահող), Արման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի (զեկուցող), Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ դիմողի՝ պատասխանողի՝ ներկայացուցիչ՝ Արտակ Գալստյանի (այսուհետ նաև՝ Դիմող), Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող), Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արտակ Գալստյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Վարույթը Սահմանադրական դատարանում
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:
2. Օրենսգրքի՝ «Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված է.
«9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում»:
3. Գործի քննության առիթը Արտակ Գալստյանի՝ 2026 թվականի մայիսի 11-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
4. Սահմանադրական դատարանի 2026 թվականի նոյեմբերի 10-ի ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշմամբ սույն դիմումով գործի վարույթը՝ Օրենսգրքի 17-րդ հոդվածի, 162.1-ին հոդվածի 2-րդ մասի, 345-րդ հոդվածի, ինչպես նաև 1087.2-րդ հոդվածի 5-րդ մասով կարճվել է:
Գործի նախապատմությունը
5. 2016 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, և նույն թվականի մայիսի 26-ին Արտակ Գալստյանը ձերբակալվել է։
6. 2016 թվականի մայիսի 27-ին Արտակ Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
7. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է, և Դիմողը մինչև 2018 թվականի հունիսի 22-ը գտնվել է կալանքի տակ։
8. Հետագայում Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով Արտակ Գալստյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ պաշտպանի՝ 2017 թվականի մարտի 10-ի, 2017 թվականի հուլիսի 14-ի, 2017 թվականի նոյեմբերի 14-ի և 2018 թվականի մարտի 17-ի միջնորդությունները, որոշել է դրանք մերժել։
9. Վերոնշյալ որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ քրեական դատարան, որը 2017 թվականի օգոստոսի 8-ի, 2017 թվականի դեկտեմբերի 20-ի և 2018 թվականի ապրիլի 12-ի որոշումներով վերաքննիչ բողոքները թողել է առանց քննության' որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառով։
10. Վերաքննիչ քրեական դատարանի՝ վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին վերոնշյալ որոշումները բողոքարկվել են Վճռաբեկ դատարան, որի, համապատասխանաբար՝ 2017 թվականի սեպտեմբերի 27-ի, 2018 թվականի մայիսի 10-ի և 2019 թվականի հունվարի 25-ի որոշումներով բողոքների վարույթ ընդունելը մերժվել է։
11. 2018 թվականի հունիսի 22-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ բավարարվել է պաշտպաններ Հայկ և Սուսաննա Սարգսյանների միջնորդությունը, և Արտակ Գալստյանի խափանման միջոցը փոխարինվել է գրավով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:
12. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի դատավճռով Արտակ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքներում արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
13. Սահմանադրական դատարանը «Արտակ Գալստյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դիմումների հիման վրա` Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով 2019 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1487 որոշմամբ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետն այն մասով, որով սահմանափակվել է Արտակ Գալստյանի խափանման միջոցի վերաքննիչ բողոքարկման իրավունքը, ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր։
14. 2020 թվականի հուլիսի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննության արդյունքում այն մերժել է՝ միաժամանակ նշելով, որ «Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը բացառում է Արտակ Գավրուշայի Գալստյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու ողջամիտ հավանականությունը»:
15. Վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշումը չի բողոքարկվել և, օրինական ուժ ստանալով, 2020 թվականի սեպտեմբերի 5-ին ուղարկվել է կատարման:
16. 2021 թվականի օգոստոսի 27-ին Վճռաբեկ դատարանը նոր հանգամանքով՝ ՍԴՈ-1487 որոշման հիմքով, վերանայել է 2019 թվականի հունվարի 25-ի իր որոշումը և ճանաչել Արտակ Գալստյանի իրավունքի խախտումը։ Միաժամանակ, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի դատական քննության փուլում Դիմողի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանի վերաքննիչ բողոքը Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1487 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, թողնվել է առանց քննության։
17. 2021 թվականի սեպտեմբերի 4-ին, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշումից ութ օր անց, Դիմողը փոստային առաքմամբ Ֆինանսների նախարարությանն ուղղել է դիմում, որով հայցել է, որ վերջինս ընդունի բարենպաստ վարչական ակտ և բավարարի իր դիմումը՝ փոխհատուցելով իրեն պատճառված նյութական և ոչ նյութական վնասը, որին նախարարությունն օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի ընթացքում չի արձագանքել։
18. 2022 թվականի ապրիլի 21-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան) է մուտքագրվել Արտակ Գալստյանի հայցադիմումն ընդդեմ Ֆինանսների նախարարության (այսուհետ նաև՝ Դատարանում Պատասխանող)՝ արդարացվածի՝ նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին։
19. Դիմողը Դատարանում գործի քննության ընթացքում նշել է, որ Ֆինանսների նախարարությունը, չարձագանքելով իր դիմումին, այն փաստացի ընդունել է որպես ի գիտություն, որպիսի հանգամանքը, ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի` եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը։
20. Դիմողը Դատարանում նշել է նաև, որ իրենց դեպքում Ֆինանսների նախարարությունն իր անգործությամբ ընդունել է ներկայացված դիմումով հայցվող գումարային պահանջը, որը ներառում է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասը, ինչից էլ բխում է, որ հայցային վաղեմության ժամկետը ընդհատվել է՝ Դատարանում Պատասխանողի կողմից պարտավորությունը փաստացի ընդունելով։
21. Ֆինանսների նախարարությունը Դատարանում պնդել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 4-ի դիմումն ունեցել է հայցադիմումի կառուցվածք և չի պարունակել Ֆինանսների նախարարությանն ուղղված պահանջ, ինչի առթիվ Դիմողը նշել է, որ հետագայում Դատարանի ուշադրությանը ներկայացված այդ դիմումի հասցեատեր նշված է Ֆինանսների նախարարությունը, իսկ դիմումի վերջին մասում նշված է նաև գումարային պահանջը, որը նույնպես ուղղված է Դատարանում Պատասխանողին, իսկ այն հանգամանքը, որ այդ դիմումի մեջ գրված են հայցի հիմքերն ու հիմնավորումները, ընդամենը տեխնիկական վրիպակ է, և «դիմում» բառի փոխարեն գրվել է «հայց» բառը՝ նշելով, որ «Եթե դա հայցադիմում լիներ, ապա հասցեատերը դատարանը կլիներ, այլ ոչ թե Ֆինանսների նախարարությունը»։
22. Բացի դրանից, Դիմողը, արձագանքելով Դատարանում Պատասխանողի՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետի առնչությամբ արված այն պնդմանը, ըստ որի՝ արդարացվածին հատուցումը տրվում է միայն քաղաքացիական դատավարության կարգով հայցի լուծումից հետո, նշել է, որ դրանով չի սահմանափակվում հայցվորի իրավունքը՝ արտադատական կարգով դիմել Ֆինանսների նախարարություն, ներկայացնել հիմնավորումներ՝ չբացառելով հաշտության գալը և հաշտության համաձայնությունը քաղաքացիական դատավարության կարգով հաստատելը, ինչը բխում է նաև Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի տրամաբանությունից, որը նախատեսում է սահմանափակում դատարան դիմելու հարցում, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված է վեճի արտադատական լուծում, բայց չի սահմանափակում անձի՝ իր հարցը արտադատական կարգով լուծելու իրավունքը։
23. 2023 թվականի փետրվարի 15-ին Դատարան է մուտքագրվել Ֆինանսների նախարարության միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, որի կապակցությամբ Դիմողը նշել է, այդ թվում՝ հետագայում ներկայացված վերաքննիչ բողոքում, որ իր, ի թիվս այլնի՝ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը հաստատվել է Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ, հետևաբար՝ սույն գործով 2022 թվականի ապրիլի 21-ին Դատարան ներկայացված հայցադիմումը ներկայացվել է հայցային վաղեմության հոսքի ընթացքում:
24. 2024 թվականի նոյեմբերի 14-ին Դատարանի վճռով ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով այն պատճառաբանությամբ, որ «տվյալ դեպքում հայցվորն արդարացվածի կարգավիճակ է ձեռք բերել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2019թ. թիվ ԵԱՆԴ/0061/01/16 դատավճռով, և նշված դատավճռով է հաստատվել, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են հայցվորի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները, այդ թվում՝ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը։ Ընդ որում, վերոնշյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին հայցվորին հայտնի դառնալու վերաբերյալ քաղաքացիական գործում այլ ապացույցների բացակայության պայմաններում, հիմք ընդունելով հայցվորի կողմից հայցադիմումում նշված փաստարկներն առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2019թ. թիվ ԵԱՆԴ/0061/01/16 դատավճիռն օրինական ուժ է ստացել և կատարման ուղարկվել 15.09.2022թ.-ին1, Դատարանը գտնում է, որ այդ պահից սկսած հայցվորը հաստատապես իմացել է իր անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների ենթադրյալ խախտումների մասին, հետևաբար Դատարանի գնահատմամբ այդ օրվանից սկսել է հոսել հայցային վաղեմության ժամկետը»։
25. Վերոգրյալ պատճառաբանություններով Դատարանը գտել է, որ «հայցվորի բոլոր փաստարկներն այն մասին, որ հայցային վաղեմության ժամկետը սկսել է հոսել ոչ թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2019թ. թիվ ԵԱՆԴ/0061/01/16 դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից, այլ հայցվորի կալանավորման գործընթացում հիմնարար իրավունքի խախտման փաստը հաստատվելու պահից, այն է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2021թ. որոշման կայացման պահից, Դատարանի գնահատմամբ անհիմն են և հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու հիմք հանդիսանալ չեն կարող»։
26. 2024 թվականի նոյեմբերի 14-ի վճռի դեմ Դիմողի անունից բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին, իսկ քաղաքացիական գործի հետ միասին դատական կազմին է հանձնվել 2025 թվականի հունվարի 13-ին:
27. Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Արտակ Գալստյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի վճիռը թողնվել է անփոփոխ:
28. 2025 թվականի նոյեմբերի 11-ին Վճռաբեկ դատարանն Արտակ Գալստյանի կողմից՝ Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:
29. 2026 թվականի փետրվարի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) Հովհաննիսյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի թիվ 72645/16, 24326/14, 37868/17, 55566/19 միավորված գործով կայացրած վճռով արձանագրել է Արտակ Գալստյանի կալանավորման գործընթացում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը և պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը վճարել փոխհատուցում 1250 (հազար երկու հարյուր հիսուն) եվրոյի չափով:
Դիմողի դիրքորոշումները
30. Դիմողը, ներկայացնելով բարձրացված հարցադրումների կապակցությամբ համապատասխան իրավակարգավորումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում ինքն անհիմն կերպով զրկվել է պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքից, ինչպես նաև խախտվել են իր դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
31. Դիմողը գտնում է, որ հայցային վաղեմության մեկ տարվա հաշվարկի սկիզբը պետք է հաշվարկվի ոչ թե անձի կողմից իր իրավունքի խախտման մասին իմանալու պահից, այլ այդ խախտումը նախաքննության մարմնի, դատախազի կամ դատարանի կողմից հաստատվելու պահից:
32. Դիմողի պնդմամբ՝ «(...) իրավակիրառ պրակտիկային տրված մեկնաբանությամբ նույնականացվել է Արդարացվածի գույքային վնասի դատարան դիմելու հայցային վաղեմության հոսքի սկիզբը անձի ոչ նյութական վնասի հատուցմամբ դատարան դիմելու հայցային վաղեմության սկզբի հետ, առարկայազուրկ դարձնելով ոչ նյութական վնասի դատական պաշտպանության կարգը սահմանող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ կետում իմպերատիվ կերպով արձանագրված 4 պայմանները»:
33. Ըստ Դիմողի՝ «Վիճարկվող մեկնաբանության դեպքում, հարց է առաջանում` եթե անձին առաջադրվել է մեղադրանք, բայց խափանման միջոց չի կիրառվել, այնուհետև գործը ուղարկվել է դատարան և անձը արդարացվել է, ապա ըստ վերը նշված իրավակիրառ պրակտիկայում տված մեկնաբանության ստացվում է որ արձանագրվել է նաև վերջինիս անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտումը, այն դեպքում երբ անձի նկատմամբ ընդհանրապես խափանման միջոց չի կիրառվել»:
34. Դիմողը, անդրադառնալով Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 5-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը, նշում է, որ այն հստակ սահմանում է, որ՝ 1) ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան և վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման չափին, այլ ոչ թե ոչ նյութական վնասի առկայության հաստատման փաստին, իսկ ոչ նյութական վնաս առկա լինելու փաստը հաստատվում է Օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված սուբյեկտների կողմից, 2) Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածը որևիցե առնչություն չունի ոչ նյութական վնասի առկայության փաստը հաստատելու կամ բացառելու, առավել ևս այդ հիմքով ոչ նյութական վնասը Օրենսգրքի 345-րդ հոդվածով սահմանված պարտավորական հարաբերություններից դուրս թողելու հետ:
35. Դիմողը նաև նշում է, որ դատարանների կողմից վաղեմության ժամկետի ընդհատման մասին որոշում չկայացվելը (Օրենսգրքի 340-րդ հոդված) այն պատճառաբանությամբ, որ դա պարտավորական հարաբերություն չէ, հանգեցրել է Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված՝ խտրականության արգելքի և 10-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության սկզբունքի խախտման։
36. Դիմողը գտնում է, որ եթե մասնավոր հարաբերություններում՝ պարտքի ճանաչումը հանգեցնում է ժամկետի ընդհատման, ապա պետության կողմից պատճառված վնասի դեպքում նույն կանոնը չկիրառելը ստեղծում է պետության համար արտոնյալ կարգավիճակ։
37. Դիմողը եզրահանգում է, որ նման մեկնաբանությունն առաջացնում է իրավական անորոշություն, քանզի Օրենսգրքի 345-րդ հոդվածը՝ որպես պարտավորական հարաբերությունների ծագման հիմք, հստակ սահմանում է վնասը, իսկ Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ և որոշակի սահմանում է ոչ նյութական վնասի չափի որոշման մասով դատարանի լիազորությունը, իսկ վիճարկվող մեկնաբանությունը ոչ միայն խեղաթյուրում է օրենսդրի կամքը, այլ նաև հանգեցնում է հիմնական իրավունքների անխախտելիության զրոյացմանը և համաչափության խախտմանը:
38. Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը խնդրում է.
«1․ (...)։
2․ ԵԴ2/9722/02/24 քաղաքացիական գործով «11» նոյեմբերի 2025թ-ին ՀՀ Վճռաբեկ Դատարանի Արտակ Գալստյանի կողմից ՀՀ Վերաքննիչ դատարանի 26.06.2025 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու արդյունքում
ա/ Իրավակիրառ պրակտիկայում ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ և 1087.2 հոդվածի 9-րդ հոդվածներին2 իրավակիրառ պրակտիկայում տրված հետևյալ մեկնաբանությունը՝
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Սույն դեպքում, Արտակ Գավրուշայի Գալստյանը արդարացվածի կարգավիճակ է ձեռք բերել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2019 թվականի թիվ ԵԱՆԴ/0061/01/16 դատավճռով, որը օրինական ուժի մեջ է մտել 15.09.2020 թվականին: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործով կայացված դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից էլ սկսած հայցվորը հաստատապես իմացել է իր անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտումների մասին, հետևաբար 15.09.2020 թվականից էլ սկսել է հոսել սույն գործով հայցապահանջով՝ հայցային վաղեմության ժամկետը,
ինչպես նաև
բ/ Իրավակիրառ պրակտիկայում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 345-րդ և 1087.2 հոդվածի 5-րդ կետերին, տրված մեկնաբանությունը, այն է պետական ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ անձին պատճառված ոչ նյութական վնասը չի համարվում պարտավորական հարաբերություններ, քանի դեռ չկա այդ փաստը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ և այդ հիմքով գանգատաբերիս դիմումը ուղղված վարչական մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությանը, օրենքով սահմանված կարգով դրան չպատասխանելը, իսկ երկրորդ դիմումին մերժելը հիմք չէ հայցային վաղեմության ընդհատման և Վարչարարության Հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 48-րդ հոդվածի կիրառման համար ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 29-րդ, 61-րդ հոդվածի 1-ին, 62-րդ հոդվածի 1-ին, 63-րդ հոդվածի 1-ին, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր»3:
Պատասխանողի դիրքորոշումները
39. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածը, 61-րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածը, մեջբերելով Օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերում արտացոլված առանձին իրավական դիրքորոշումներ, գտել է, որ օրենսդիրը ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը ճանաչել և ամրագրել է որպես խախտված հիմնարար իրավունքների վերականգնման արդյունավետ իրավական միջոցներից մեկը:
40. Պատասխանողը գտնում է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքը ենթակա է իրացման միայն օրենքով սահմանված ժամկետների պահպանման պայմաններում, իսկ այդ ժամկետների բացթողումը, եթե օրենքով նախատեսված չեն դրանց վերականգնման հիմքեր, կարող է հանգեցնել համապատասխան պահանջի դատական պաշտպանության հնարավորության կորստի:
41. Պատասխանողը միաժամանակ նշում է, որ «իրավունքի խախտումը հաստատող դատական ակտ» հասկացությունը ենթակա է մեկնաբանման նյութաիրավական իմաստով և պետք է պարունակի ուղղակի և հստակ իրավական գնահատական առ այն, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի գործողության կամ անգործության հետևանքով տեղի է ունեցել հիմնարար իրավունքի խախտում:
42. Պատասխանողն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ արդարացման դատավճռի կայացման փաստը, թեև հանդիսանում է կարևոր իրավական հանգամանք՝ կապված անձի նկատմամբ քրեական հետապնդման անհիմն լինելու հաստատման հետ, սակայն ինքնին չի հանգեցնում ոչ նյութական վնասի հատուցման պարտադիր իրավական հետևանքի առաջացման:
43. Պատասխանողը, անդրադառնալով Օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասին և նշելով, որ օրենսդիրը ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը կապել է ոչ թե միայն իրավունքի խախտման փաստի, այլ այդ փաստի դատական կարգով հաստատման և պահանջի ներկայացման հետ, գտնում է, որ արդարացման դատավճիռը դիտարկվում է որպես իրավունքի խախտման առկայությունը հաստատող հանգամանք, սակայն ոչ որպես անմիջականորեն փոխհատուցման պարտավորություն առաջացնող հիմք:
44. Պատասխանողը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ ԵԿԴ/2891/02/16 որոշմանը, նշում է, որ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը կառուցված է բացառապես դատական գնահատման և հայցային վարույթի շրջանակում իրացման տրամաբանության վրա, ինչը բացառում է դրա ինքնաբերաբար կերպով առաջացումը որևէ վարչական կամ դատավարական ակտի առկայության դեպքում:
45. Պատասխանողը, անդրադառնալով Դիմողի այն դիտարկմանը, որ ինքը հայցապահանջի հիմքում դրել է ոչ թե արդարացման դատավճիռը, այլ կալանքի իրավաչափության վերաբերյալ վերջնական դատական ակտը, նշում է, որ այդ դիտարկումը նորմի սահմանադրականության վիճարկման հիմնավորում չի բովանդակում և առավել միտված է դատական ակտի իրավաչափության հարցի հիմնավորմանը:
46. Պատասխանողն ընդգծում է, որ հայցային վաղեմությունը՝ խախտված քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանություն հայցելու համար պետության կողմից երաշխավորված ժամանակահատվածն է, որը կոչված է նպաստելու քաղաքացիական շրջանառությունում անկայունության և անորոշության վերացմանը, քանի որ պաշտպանություն հայցելու համար որոշակի ժամկետի բացակայությունը թույլ կտար իրավախախտին մշտապես պահել պետական հարկադրանքի կիրառման սպառնալիքի տակ:
47. Պատասխանողը հավելում է, որ քաղաքացիաիրավական պարտավորական հարաբերությունների ծագումը, այդ թվում՝ վնաս պատճառելու հիմքով, ենթակա է իրավական գնահատման և հաստատման օրենքով սահմանված կարգով և չի կարող ենթադրվել միայն քրեական դատավարության շրջանակում կայացված արդարացման դատավճռի առկայությամբ:
48. Ըստ Պատասխանողի՝ ոչ նյութական վնասի պատճառման արդեն իսկ հաստատված փաստը կարող է դիտարկվել որպես քաղաքացիաիրավական պարտավորական հարաբերության առկայության հնարավոր հիմք, ինչի առկայությունն էլ իր հերթին ենթակա է համապատասխան իրավական գնահատման և դատական կարգով հաստատման:
49. Պատասխանողը նաև նշում է, որ Դիմողը չի հիմնավորել վիճարկվող նորմի վերաբերյալ դատարանների մեկնաբանությամբ ինչպես է դրսևորվել խտրական վերաբերմունք, միայն վկայակոչել է համապատասխան սահմանադրական նորմը և նշել խտրականության փաստը:
50. Պատասխանողը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացված փաստարկները չեն վկայում վիճարկվող իրավանորմերի՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին անհամապատասխանության մասին, իսկ վիճարկվող դրույթները հետապնդում են սահմանադրորեն իրավաչափ նպատակ, դրանցով նախատեսված իրավանորմերը պիտանի և անհրաժեշտ են այդ նպատակին հասնելու համար, չեն նախատեսում հիմնական իրավունքների անհամաչափ սահմանափակում և չեն խախտում սահմանափակվող իրավունքների ու պաշտպանվող հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը:
51. Պատասխանողը նաև նշում է, որ «(...) արդարացման դատավճիռ կլինի՝ զուգորդված այդ վարույթով խափանման միջոցի կիրառմամբ, թե՝ ոչ, «դատարանի կողմից հաստատված իրավունքի խախտման փաստ» կառուցակարգի առկայության հարցը ենթակա է գնահատման, մասնավորապես, արդյոք այդ դատական ակտով հաստատվում է համապատասխան իրավունքի խախտման փաստը, թե՝ ոչ, արդյոք այդ դատական ակտը կարող է բավարար հիմք հանդիսանալ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի բավարար հիմնավորում, թե՝ ոչ»:
52. Պատասխանողի համոզմամբ՝ Դիմողն Օրենսգրքի համապատասխան նորմերի սահմանադրականությունը վիճարկում է ոչ թե նորմերի և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, ինչը Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար պարտադիր պայման է, այլ Դիմողի ներկայացրած պնդումներն իրականում ուղղված են վիճարկվող նորմերի՝ իր նկատմամբ դատարանների կողմից կիրառված լինելու իրավաչափության հարցին:
53. Վերոգրյալի հիման վրա՝ Պատասխանողը խնդրում է. ««Արտակ Գալստյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի, 162.1-ին հոդվածի 2-րդ մասի, 345-րդ հոդվածի, ինչպես նաև 1087.2-րդ հոդվածի 5 և 9-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
54. Սահմանադրական դատարանը՝ սույն սահմանադրաիրավական վեճի լուծման համար անհրաժեշտ է համարում պարզել հետևյալը՝
- արդյո՞ք անձի՝ օրենքի խախտմամբ ազատությունից զրկվելու դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանադրական պաշտպանության ներքո գտնվող իրավունք է կամ այդպիսի իրավունքի մաս․
- արդյո՞ք արդարացման դատավճռի առկայությունն ինքնաշխատ և հետադարձ կերպով հանգեցնում է քրեական հետապնդում հարուցելու, քրեադատավարական հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ խափանման միջոցներ կիրառելու, մասնավորապես՝ կալանավորումը կիրառելու մասին որոշումների անօրինականության՝ արդարացվածի՝ դրանց համար փոխհատուցում ստանալու իրավունքի ծագման և այդ իրավունքի իրացման համար դիմելու՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվելու պահի տեսանկյունից։
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Սույն գործին վերաբերելի իրավական չափորոշիչները
55. Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն (...) իրավական պետություն է»։
56. Սահմանադրության 1-ին` «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխում զետեղված՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 3-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
57. Սահմանադրության՝ «Անձնական ազատությունը» վերտառությամբ 27-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…).
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…):
5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»:
58. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
59. Սահմանադրության՝ «Վնասի հատուցման իրավունքը» վերտառությամբ 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով»:
60. Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»:
61. Սահմանադրության 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է»:
62. Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։
63. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»։
64. Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…).
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
(…):
2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:
(…):
5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:
65. Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Վերաբերելի իրավական չափորոշիչների կիրառումը սույն գործով
Անձի՝ օրենքի խախտմամբ ազատությունից զրկվելու դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի՝ հիմնական իրավունք կամ այդպիսի իրավունքի տարր լինելու մասով
66. Նախևառաջ, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ վերը մեջբերված իրավական նորմերից բխում է, որ անձի՝ օրենքի խախտմամբ ազատությունից զրկվելու դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքն ուղիղ կերպով նախատեսված չէ Սահմանադրության 27-րդ հոդվածում, սակայն ամրագրված է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ մասում, իսկ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ (…) պատճառված վնասի հատուցման իրավունք (…)»:
67. Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի խնդիրն է սույն գործով նախ պարզել քննարկվող իրավունքի՝ որպես սահմանադրական (հիմնական) իրավունք լինելու փաստը՝ հաշվի առնելով Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, 62-րդ հոդվածի 1-ին մասի առավել ընդհանրական ձևակերպումը՝ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով պատճառված վնասի հատուցման իրավունքի մասով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած վերաբերելի դիրքորոշումները:
68. Սահմանադրական դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (տե՛ս կետ 4․1):
69. Սահմանադրական դատարանը 2017 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1383 որոշմամբ արձանագրել է. «Վնասի (այդ թվում` ոչ նյութական) հատուցման իրավունքն իր ամրագրումն է գտել թե՛ միջազգային, թե՛ ներպետական օրենսդրության մեջ: Մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (կից Արձանագրություններով) սահմանվում են ոչ միայն հիմնական իրավունքներն ու ազատությունները, այլև դրանց խախտման դեպքում արդարացի փոխհատուցման իրավունքը: ՀՀ Սահմանադրության` Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններն ամրագրող 2-րդ գլխում ամրագրված է նաև վնասի հատուցման իրավունքը: (…) 2013 թվականի նոյեմբերի 5-ին Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1121 որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով վերջինս բարոյական վնասը չէր դիտում որպես վնասի տարատեսակ և չէր ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը» (տե՛ս կետ 5):
70. Սահմանադրական դատարանը նույն որոշման մեջ, բացահայտելով Սահմանադրության դրույթների բովանդակությունը, արձանագրել է. «բարոյական վնասի հատուցման հնարավորությունը [Սահմանադրական դատարանը] դիտարկել է Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման տեսանկյունից և չի սահմանափակվել կոնկրետ իրավունքներ նշելով, քանի որ յուրաքանչյուր իրավունքի ամրագրումն արդեն իսկ ենթադրում է ոչ միայն այդ իրավունքի պաշտպանություն ու պատասխանատվության սահմանում դրա խախտումների դեպքում, այլև դրա խախտման արդյունքում պատճառված վնասների հատուցում: Միայն այդ պարագայում իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգը կլինի լիարժեք և արդյունավետ» (տե՛ս կետ 5):
71. Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև նշել է. «Միաժամանակ, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և դրանցով պայմանավորված` բարոյական վնասի ինստիտուտին առնչվող կանոնակարգումների լիարժեքությունն ապահովելու անհրաժեշտությունից` սահմանադրական դատարանը գտնում է, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ընդհանուր չափանիշներն ու կարգը պետք է օրենսդրորեն հստակ ամրագրվեն, որպեսզի երաշխավորվի համապատասխան դեպքերում և կարգով անձին պատճառված բարոյական վնասի ողջամիտ և արդարացի փոխհատուցումը, ապահովվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը և չխոչընդոտվի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը» (տե՛ս կետ 5):
72. Սահմանադրական դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1497 որոշման մեջ անձին պատճառված վնասի հատուցման հնարավորությունը որակել է որպես հիմնարար իրավունք և նշել, որ վնասի հատուցման հիմնական իրավունքը (տե՛ս կետ 4.1), որպես այդպիսին, որևէ սահմանափակման ենթակա չէ (տե՛ս կետ 4.4)՝ ընդգծելով, մասնավորապես, որ՝ «Սահմանադրության 3 և 62-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ վնասի, այդ թվում՝ հանրային իշխանության մարմինների կողմից իրականացված իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հնարավորությունը ոչ միայն իրավունք է, այլև` մարդու իրավունքների պաշտպանության կարևոր սահմանադրական սկզբունք, որի իրացման անմիջական պատասխանատուն, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանության մարմիններն են» (տե՛ս կետ 4․1):
73. Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1497 որոշման մեջ, բացահայտելով Սահմանադրության 62-րդ հոդվածում օգտագործված «վնաս» եզրույթի բովանդակությունը, նշել է նաև, որ՝ «Սահմանադրության 62-րդ հոդվածի բովանդակության վերլուծությունը վկայում է, որ վնասի հատուցման իրավունքի էության հիմքում «վնաս» եզրույթն ունի ընդհանրական իրավական բովանդակություն, և Սահմանադրության մակարդակում վնասի նյութական և ոչ նյութական տեսակները տարբերակված չեն»՝ ավելացնելով, որ Սահմանադրության 62-րդ հոդվածով երաշխավորված «խախտված իրավունքի վերականգնումը» ենթադրում է նաև օրենսդրորեն ամրագրված՝ կրած ոչ գույքային վնասների փոխհատուցում, առանց որի այդ իրավունքը կլինի ոչ կոնկրետ և ոչ իրական, և որ վնասի հատուցման պայմանները և կարգը՝ համաձայն Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության, սահմանվում են օրենքով, ինչը ենթադրում է, մի կողմից՝ այս հիմնական իրավունքի էության անխախտելիության (Սահմանադրության 80-րդ հոդված) երաշխավորում, ինչպես նաև որևէ պայմանի կամ կարգի համապատասխանություն Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջներին՝ հաշվի առնելով այս հիմնական իրավունքի՝ սահմանափակման ոչ ենթակա լինելը (տե՛ս կետ 4.4):
74. Վերոնշյալից բխում է, որ Սահմանադրական դատարանը բարոյական վնասի հատուցման հնարավորությունը դիտարկել է Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման տեսանկյունից և չի սահմանափակվել կոնկրետ իրավունքներ նշելով, քանի որ յուրաքանչյուր իրավունքի ամրագրումն արդեն իսկ ենթադրում է ոչ միայն այդ իրավունքի պաշտպանություն ու պատասխանատվության սահմանում դրա խախտումների դեպքում, այլև դրա խախտման արդյունքում պատճառված վնասների հատուցում:
75. Եվրոպական դատարանը Հայֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (Halford v. The United Kingdom, № 20605/92, 27.05.1997թ, կետ 64) վճռով եզրահանգել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը պահանջում է ներպետական մակարդակում պաշտպանության միջոցի ապահովում, որը ներպետական իրավասու պետական մարմիններին թույլ կտա ոչ միայն ըստ էության քննության առնել Կոնվենցիային առնչվող գանգատը, այլ նաև տրամադրել վնասի պատշաճ փոխհատուցում, (տե՛ս նաև՝ Լենա Հակոբյանը և այլք ընդդեմ Հայաստանի (դիմում թիվ 13721/23 և 34245/23) գործով 2026 թվականի մայիսի 21-ի վճիռը, ի թիվս այլնի՝ կետ 65)։
76. Վերը մեջբերված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիմնական իրավունքի խախտման դիմաց փոխհատուցումն անձի ազատության հիմնական իրավունքի նկատմամբ միջամտության ինքնուրույն, հետադարձորեն կիրառելի և նմանատիպ խախտումներն հետագայում զսպելու կարողություն ունեցող երաշխիք է։
77. Միաժամանակ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ, այսինքն՝ ոչ միայն խախտված իրավունքի վերականգնման գործնական և իրական միջոց լինի իրավունքի խախտման զոհի համար, այլ նաև զսպող և համաչափ միջոց հանդիսանա նույն իրավունքի խախտումը տվյալ և նմանատիպ վիճակում գտնվող ցանկացած այլ անձի նկատմամբ արդյունավետորեն կանխելու համար:
78. Սահմանադրական դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրության՝ անձնական ազատությունը երաշխավորող 27-րդ հոդվածը՝ ի տարբերություն Եվրոպական կոնվենցիայի՝ նույն իրավունքը երաշխավորող 5-րդ հոդվածի, այդ իրավունքի խախտմամբ, այն է՝ կալանավորումն անօրինական կիրառելու դիմաց անձի՝ փոխհատուցում ստանալու իրավունք չի նախատեսում, այնուամենայնիվ, հաշվի առնելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 81-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաև Սահմանադրության 62-րդ հոդվածի այն ընդհանրական կարգավորումը, որ «Յուրաքանչյուր ոք ունի պետական (…) մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ (…) պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով», կարևոր է համարում արձանագրել, որ անձի՝ հիմնական իրավունք հանդիսացող ազատության իրավունքի անօրինական սահմանափակման, տվյալ դեպքում՝ այդ իրավունքի խախտմամբ կալանավորվելու (ներառյալ՝ համապատասխան որոշման բողոքարկելի չլինելու) դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը անձի անձնական ազատության հիմնական իրավունքի անքակտելի մասն է:
79. Եվրոպական դատարանը Շիլբերգսն ընդդեմ Ռուսաստանի գործով 2009 թվականի դեկտեմբերի 17-ի վճռում (դիմում 20075/03) ընդգծել է. «Ներպետական դատարանները, որպես իրավունքների և ազատությունների երաշխավորներ, պետք է իրենց պարտքը համարած լինեին՝ դատապարտելու պետության ապօրինի վարքագիծը՝ ընդհուպ մինչև դիմումատուի կրած վնասի դիմաց համարժեք և բավարար փոխհատուցման տրամադրումը՝ հաշվի առնելով այն իրավունքի հիմնարար կարևորությունը, որի խախտումն իրենք արձանագրել են տվյալ գործով, անգամ եթե գտել են, որ այդ խախտումը եղել է պետության դրսևորած վարքագծի ոչ դիտավորյալ կերպով առաջացած հետևանք: Սա անմիջական ուղերձ կհանդիսանար առ այն, որ պետությունը չի կարող անտեսել անհատական իրավունքներն ու ազատությունները կամ շրջանցել դրանք անպատիժ կերպով» (տե՛ս կետ 78):
80. Եվրոպական դատարանը սահմանել է նաև, որ՝ «20. ... չկա պահանջ, որ դիմողը ներկայացնի իրեն պատճառված ոչ նյութական վնասի որևէ ապացույց: ...», (տե՛ս Գրիդին ընդդեմ Ռուսաստանի գործով 2006 թվականի հուլիսի 1-ի վճիռը, կետ 20, դիմում 4171/04, տե՛ս նաև՝ սույն դիրքորոշման վերահաստատումը, ի թիվս այլնի, Փշենիչնին ընդդեմ Ռուսաստանի (դիմում 30422/03, 07.07.2008թ, §§ 33, 35), Բելոուսովն ընդդեմ Ռուսաստանի (դիմում 1748/02, 02.10.2008թ, §§ 76, 78), Բարաբանշիկովն ընդդեմ Ռուսաստանի (դիմում 36220/02, 08.01.2009թ, §§ 69-70), Բականովան ընդդեմ Լիտվայի (դիմում 11167/12, 31.08.2016թ, §§ 78-79)։
81. Միաժամանակ, Սահմանադրական դատարանը, արձանագրելով, որ սույն գործով հիմնական իրավունքի՝ դատարանների կողմից արձանագրված խախտումն ինքնին նշանակում է, որ անձը այդ խախտման, այսինքն՝ օրենքի խախտմամբ կալանավորվելու արդյունքում կրել է բարոյական վնաս, կարևոր է համարում, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի, Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, ընդգծել նաև, որ հիմնական իրավունքի խախտման դիմաց հատուցվելու իրավունքը չարաշահման չվերածվելու համար, նշված վնասի հատուցելի չափը պետք է համադրելի լինի խախտված հիմնարար իրավունքների՝ ժողովրդավարական հասարակարգում ունեցած դերին և նշանակությանը, ինչպես նաև իրավունքի խախտման զոհի կրած ապրումներին, և լինի ողջամտորեն համաչափ, այսինքն՝ մի կողմից՝ զսպող նշանակություն ունենա հանրային իշխանության համար, իսկ մյուս կողմից՝ չդառնա խախտման զոհի հարստացման աղբյուր։
Արդարացման դատավճռի առկայությամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման՝ օրենքի խախտմամբ կայացված լինելը ինքնաշխատ և հետադարձ կերպով հաստատելու մասով
82. Եվրոպական դատարանը Նորիկ Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ընդգծել է արդարացման ուժով ինքնաշխատ (ինքնուրույն կամ ավտոմատ) կերպով նաև անձի կալանավորումը ապօրինի դիտելու հիմքերի բացակայությունը՝
«34. Դատարանը նշում է, որ եթե ներպետական իրավունքով նախատեսվում է, որ ամբաստանյալը վերջնական արդարացման դեպքում իրավունք ունի ստանալու հատուցում՝ նախորդող վարույթի ընթացքում իր կալանավորման համար, ապա չի կարելի համարել, որ հատուցման այդպիսի «ավտոմատ» իրավունքն ինքնին ենթադրում է, որ տվյալ կալանավորումը պետք է որակել որպես «անօրինական»: Ավելին, չնայած չի կարելի ասել, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով փոխհատուցման այդպիսի «ավտոմատ» իրավունք է սահմանվում բացառապես այն հիմքով, որ քրեական գործով վարույթն ավարտվել է արդարացմամբ, սակայն այդ դրույթի պահանջներին համապատասխանելու իրավական լուծումների ընտրությունը շարունակում է մնալ քաղաքականության ընտրություն, որը պետք է սահմանվի ներպետական իրավունքով: Այդ կապակցությամբ Դատարանը չի կարող չնշել, որ Հայաստանի իրավունքով դիմումատուն ոչ միայն իրավունք ուներ ստանալու փոխհատուցում իր արդարացման հետևանքով, այլ նաև որ նրա կալանավորումը նույնպես ներպետական իրավունքի իմաստով համարվել է «անօրինական» (տե՛ս 2020 թվականի հոկտեմբերի 22-ի վճիռը, կետ 34, դիմում թիվ 63106/12):
83. Անդրադառնալով սույն գործով սահմանադրաիրավական վեճի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համակցությանը՝ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ՝
- Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, 30 (երեսուն) օրվա ընթացքում չի արձագանքել Դիմողի՝ իրեն 2021 թվականի սեպտեմբերի 4-ին, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշումից 8 (ութ) օր անց, ներկայացված դիմումին (պահանջին)․
- 2022 թվականի ապրիլի 21-ին Դատարան մուտքագրված՝ Արտակ Գալստյանի հայցադիմումն ընդդեմ Ֆինանսների նախարարության հայցով ընթացող դատաքննության ընթացքում 2023 թվականի փետրվարի 15-ին Դատարան է մուտքագրվել Ֆինանսների նախարարության միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ․
- 2024 թվականի նոյեմբերի 14-ին, այսինքն՝ հայցը ներկայացնելուց հետո 2 տարի 6 ամիս անց, Դատարանի վճռով ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է՝ հայցային վաղեմությունն անցնելու հիմքով այն պատճառաբանությամբ, որ Դիմողը Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված՝ «այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի» մասին իմացել է իր արդարացման դատավճռից, այլ ոչ թե Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշումից․
- առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության որևէ դատարանի վերջնական դատական ակտով Դիմողի կալանավորումն օրենքի խախտմամբ տեղի ունեցած լինելու մասին արձանագրվել է Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ։
84. Վերոգրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի շրջանակներում ընդհանրապես, և քրեական դատավարության համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում մասնավորապես, հնարավոր է, որ արդարացման դատավճռով փաստացի «վերանայման» ենթարկվի նաև անձի նկատմամբ խափանման միջոցի, տվյալ դեպքում՝ կալանավորումը կիրառելու մասին դատարանի որոշման հիմնավորվածությունը և օրինականությունը, այլ կերպ՝ ստուգվի նաև մեղադրյալի ազատության հիմնական իրավունքի՝ մինչդատական և դատական վարույթների ընթացքում կատարված սահմանափակման օրինականությունն ու հիմնավորվածությունը։
85. Նախքան սույն որոշման նախորդ կետում ձևակերպված հարցին անդրադառնալը՝ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ արդարացման դատավճռի կայացումը տեղի է ունենում դատական իշխանության իրացման բացառապես մեկ ձևի՝ արդարադատության իրականացման, այն է՝ մեղադրանքն ըստ էության լուծելու արդյունքում, իսկ ազատության իրավունքի սահմանափակում հանդիսացող կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը՝ դատական իշխանության մեկ այլ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում (տե՛ս 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և Դիմողի քրեական գործով կիրառված Քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ գլուխը, նաև՝ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 7-ի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-11 որոշումը, կետ 23), որը 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքում կոչվում է «դատական երաշխիքների» վարույթ՝ չփոփոխելով դատական իշխանության իրացման այս ձևի էությունը, այն է՝ անձի սահմանադրական իրավունքների սահմանափակման օրինականության նկատմամբ դատական վերահսկողության իրականացումը։
86. Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ դատական իշխանության իրականացման վերը վկայակոչված երկու ձևերը տարբերվում են ինչպես դատական ճանաչողության առարկայով, այնպես էլ այդ ճանաչողության արդյունքների առկայությունը՝ որպես նյութական կամ դատավարական օրենքի կիրառման օբյեկտ փաստելու համար կիրառվող ապացուցողական չափորոշիչներով (շեմերով) և վերջապես՝ նրանով, որ դատավճռի հիմքում, ի տարբերություն կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշման, կարող են դրվել բացառապես ապացույցներ։ Նշվածը լիարժեքորեն արտացոլված է Եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի արտահայտած իրավական դիրքորոշումներում։
87. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կայուն հաստատված նախադեպային իրավունքի համաձայն (տե՛ս, ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների՝ 2009 թվականի դեկտեմբերի 18-ի՝ Գագիկ Միքայելյանի գործով և 2011 թվականի փետրվարի 24-ի՝ Վահրամ Գևորգյանի գործով որոշումները)՝ անձին կալանավորելու համար անհրաժեշտ է կալանավորման հիմնական պայմանի՝ հիմնավոր կասկածի, և կալանավորման հիմքերի՝ մեղադրյալի կողմից ազատության մեջ գտնվելու ընթացքում ոչ իրավաչափ, ընդ որում՝ օրենքով սահմանված որոշակի վարքագիծ դրսևորելու (արդարադատությունից խուսափելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ քրեական օրենքով արգելված արարք կատարելու) ռիսկերից մեկի միաժամանակ առկա լինելը, ընդ որում՝ «... եթե առկա չէ... հիմնավոր կասկած, ապա (…) կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է» (տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով որոշումը, կետ 19):
88. Նույն որոշմամբ, անդրադառնալով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս դատական ճանաչողության (իսկ կալանավորման միջնորդությունը ներկայացրած անձի համար՝ ապացուցման) առարկային և այդ ընթացքում կիրառվող ապացուցողական չափորոշչին (շեմին), Վճռաբեկ դատարանը հստակ նշել է. «21. (…) կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը՝ քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը (…): 22. (…) «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանության համաձայն՝ ողջամիտ կասկածի չափանիշը հիմնվում է «փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը: Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ՝ քրեական գործի քննության փուլում» (տե՛ս Կ.-Ֆ.-ն ընդդեմ Գերմանիայի (K.-F. v. GERMANY) գործով 1997թ. նոյեմբերի 27-ի վճիռը, կետ 57)» (տե՛ս Վահրամ Գևորգյանի գործը, կետ 21-22):
89. Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ նույնպիսի մոտեցում ամրագրված է նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից, որը նշում է, որ Եվրոպական դատարանի՝ սույն որոշման նախորդ կետում մեջբերված նախադեպային դիրքորոշումից ուղիղ բխում է, որ՝
«21. (…) թե առնչության ապացուցման անհրաժեշտությունը, և թե դրանից բխող արարքի հանցավոր լինելու ապացուցման անհրաժեշտությունը բավարարվում են առնվազն միևնույն ապացուցողական շեմով՝ հստակ նշելով, որ կասկածի հիմքում ընկած, այսինքն՝ կալանավորման հիմքում դրվելիք փաստերը պարտադիր չէ, որ բավարարեն դատապարտումը հիմնավորելու համար անհրաժեշտ սանդղակին: (…):
22. Առնչությունը՝ որպես քրեական վարույթի ընթացքում ապացուցման առարկայի մաս նախատեսելու թե՛ Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրության զարգացման պատմական փորձը և թե՛ ՄԻԵԴ վերաբերելի նախադեպային դիրքորոշումները վկայում են, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու թույլտվություն տալու մասին միջնորդություններ քննելու ընթացքում հիմնավոր կասկածի առկայությունը ուսումնասիրելիս, դատարանների առաջնային պարտականությունն է ուսումնասիրել անձի առնչությունը մեղսագրվող արարքին և միայն դրանով պայմանավորված՝ այդ արարքի հանցավոր լինելու փաստը, մասնավորապես՝ արարքի քրեորեն արգելված լինելը, իսկ քրեորեն արգելված արարքի՝ ճիշտ որակված լինելու փաստը՝ կալանավորումը բացառող հիմքերի առկայությամբ կալանավորումը թույլ չտալու նպատակով: Ընդ որում՝ նշված փաստերի հաստատումը դատարանը պետք է կատարի դատաքննությամբ պահանջվող ապացուցողական շեմի համեմատ ավելի ցածր շեմի կիրառմամբ և միայն այն դեպքում, երբ դա հնարավոր է անել առանց դատաքննության:
23. Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով դատական իշխանությունն իրականացվում է երկու ձևով՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և արդարադատության միջոցով՝ գործն ըստ էության քննելով և լուծելով: Արդեն իսկ վկայակոչված Ներսես Միսակյանի գործով և բազմաթիվ այլ գործերով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից: Սա բխում է դատական վերահսկողության իրականացման և գործի ըստ էության քննության խորքային, ճանաչողական տարբերություններից: Մասնավորապես՝ տարբեր են դատական ճանաչողության, իսկ մեղադրող կողմի համար՝ ապացուցման առարկան (համապատասխանաբար՝ հանցանքին առնչությունը և մեղքը), ապացուցման չափորոշիչները (հիմնավոր կասկած և ողջամիտ կասկածից վեր չափորոշիչներ) և դատական որոշումների հիմքում դրվելիք փաստական տվյալների կարգավիճակը (փաստերի ու տեղեկությունների ամբողջություն և ապացույցների համակցություն): Պատահական չէ, որ Եվրոպական դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարանից պահանջում է ստուգել «փաստերի և տեղեկությունների» ամբողջության առկայությունը՝ առանց օգտագործելու «ապացույցներ» եզրույթը, ինչը ենթադրում է ավելի բարձր ապացուցողական չափորոշիչը բավարարելու անհրաժեշտություն՝ թե՛ առանձին ապացույցների առկայության, թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության, թե՛ դրանց համակցության բավարարության առումով» (տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 7-ի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-11 որոշումը, կետեր 11-24, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի թիվ ԲԴԽ-33-Ո-Կ-12 որոշումը, կետ 5, էջ 16-17):
90. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ողջ վերոգրյալից ուղղակիորեն բխում է, որ անձի նկատմամբ արդարացման դատավճռի կայացումը և դրա ուժի մեջ մտնելը չեն կարող ինքնին վկայել, որ նրա նկատմամբ կալանավորումը կիրառվել է օրենքի կամ այլ կերպ՝ ազատության հիմնական իրավունքի խախտմամբ, այսինքն՝ որ կալանավորումը կիրառելիս բացակայել են դրա համար անհրաժեշտ հիմնավոր կասկածը (հանցանք կատարելու հավանականությունը) և հիմքերը (մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը), և հետևաբար՝ անձի կողմից՝ իր արդարացման փաստի մասին իմանալու պահը ինքնին չի կարող դիտվել որպես դրա ուժով նաև կալանավորման կիրառմամբ իր ազատության հիմնական իրավունքի խախտման մասին իրեն հայտնի դառնալու պահ։
91. Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ Եվրոպական դատարանի վերը մեջբերված դիրքորոշումներին համահունչ է Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը, որն օգտագործելով «այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո» ձևակերպումը, այդպիսով ուղղակիորեն փոխհատուցման համար սահմանում է տվյալ իրավունքի, այսինքն՝ տվյալ դեպքում՝ ազատության հիմնական իրավունքի խախտման, այն է՝ օրենքի խախտմամբ կալանավորվելու փաստի առկայության անհրաժեշտությունը, որի պարզումը կատարվում է, ինչպես նշվեց սույն որոշման վերոգրյալ կետերում, մեղավորության հաստատման համեմատ՝ այլ ապացուցման առարկայի շրջանակներում (առնչակցություն՝ խափանման միջոցի դեպքում և մեղավորություն՝ դատավճռի դեպքում), և ապացուցման առարկաների տարբերության բերումով՝ բոլորովին տարբեր ապացուցողական չափորոշիչների կիրառմամբ (հիմնավոր կասկած՝ խափանման միջոցի դեպքում և ողջամիտ կասկածից վեր՝ դատավճռի դեպքում), իսկ մյուս կողմից՝ անձի ազատության իրավունքը կարող է խախտված լինել նաև նրա նկատմամբ հետագայում մեղադրական դատավճիռ կայացվելու դեպքում։ Այլ կերպ՝ խափանման միջոցի կիրառմամբ կամ դրա ժամկետի երկարաձգմամբ անձի ազատության իրավունքի խախտման փաստն ինքնին չի կարող կախված լինել հետագայում նրա նկատմամբ կայացվող դատավճռի տեսակից։
92. Սահմանադրական դատարանն այսպիսով եզրահանգում է, որ ինքնին արդարացման դատավճռով կալանավորման դատական ակտերը «չեն բեկանվում», քանի որ հակառակ դեպքում, ի թիվս այլնի, արդարացման դատավճիռներն ուժի մեջ մտնելուց հետո պետք է առանց քննության թողնվեին կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները, ինչը կհակասեր թե՛ օրենսդրությանը և թե՛ դատական, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի պրակտիկային, որը մերժելով վարույթ ընդունել արդարացման դատավճիռն անփոփոխ թողած Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը, առանձին որոշմամբ կարող է մերժել վարույթ ընդունել նույն անձի նկատմամբ Վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի կողմից կիրառված կալանավորման մասին որոշման օրինականությունը հաստատած որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով միաժամանակ երկու որոշումները, այլ կերպ՝ նույն անձի արդարացման և կալանավորման մասին դատական ակտերը կարող են երկուսն էլ մնալ օրինական ուժի մեջ՝ առանց մեկը մյուսի օրինականությունը կասկածի տակ դնելու։
93. Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ թե՛ օրենսդրական, թե՛ իրավակիրառ պրակտիկան քրեական դատավարության ոլորտում հստակ առաջնորդվում է այն ճանապարհով, որ արդարացման դատավճռով հաստատվող փաստը (անձի անմեղ լինելու իրողությունը), և կալանավորումը կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու մասին դատական ակտերով հաստատող փաստերը (հանցանք կատարած լինելու հավանականությունը) տարբեր ընթացակարգերով հաստատվող և տարբեր հետևանքներ առաջացնող փաստեր են, և արդարացման դատավճիռն ուժի մեջ մտնելը կալանավորումը կիրառելու մասին դատական ակտերն ինքնին (հետադարձորեն) չի դարձնում անձի ազատության իրավունքի խախտմամբ կայացված։
94. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դիմողն իր կալանավորման անօրինական լինելու՝ այն իր ազատության հիմնական իրավունքի խախտմամբ կիրառվելու մասին (1087․2-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառման տեսակետից) իմացել է ոչ թե արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, այլ հետագայում՝ կալանավորումն ապօրինի ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի, այն է՝ Վճռաբեկ դատարանի վերջնական դատական ակտից։
95. Սույն որոշման նախորդ կետից հետևում է, որ Դիմողի կողմից հայցը Դատարանին ներկայացված է եղել օրենքով սահմանված ժամկետում, հետևաբար՝ այն ենթակա է նոր քննության գործի վարույթի՝ սույն որոշման հիման վրա նորոգման արդյունքում, այսինքն՝ դրա վերջնական լուծումը գտնվում է ընդհանուր իրավասության դատարանների իրավասության ներքո։
96. Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ սույն գործով, ըստ էության, Դիմողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց անօրինական, այլ խոսքով՝ ազատության հիմնական իրավունքի խախտմամբ կիրառված լինելու փաստի հաստատումը վերջնական կերպով կատարվել է Վճռաբեկ դատարանի կողմից, ինչից, հաշվի առնելով ցանկացած հիմնական իրավունքի բուն էությունը և նշանակությունը, և նախևառաջ Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջը և Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումն առ այն, որ «[Հ]անրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք», ուղղակիորեն բխում է Վճռաբեկ դատարանի կողմից՝ իր իսկ որոշմամբ արձանագրված խախտման վերացման կամ առնվազն դրա վերացմանն ուղղված պարտադիր կատարման ենթակա իրավական պատվիրան արձակելու պարտականությունը, ինչը տեղի չէր ունեցել սույն գործով։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ արդարացվածի՝ օրենքի խախտմամբ կալանավորված լինելու դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի իրացման համար դիմելու՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքն սկսվում է այն դատական ակտն ուժի մեջ մտնելու պահից, որով արձանագրվել է նրա տվյալ իրավունքի խախտումը։
2․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
________________
1 Գործի փաստերից (տե՛ս, ի թիվս այլնի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 26-ի որոշման 4-րդ կետը, հատոր 2, գ․թ․ 47) բխում է, որ նկատի ունի` 15․09․2020թ․-ը։
2 Դիմողի կողմից այս հատվածում թույլ է տրվել վրիպակ, մասնավորապես, Դիմողը քննարկվող համատեքստում նկատի ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասը և 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը:
3 Դիմողն իր անհատական դիմումի խնդրամասում չի վկայակոչել, սակայն դիմումի բովանդակությամբ բարձրացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նաև 17 և 340-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարց:
|
Նախագահող |
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
|
10 նոյեմբերի 2026 թվականի ՍԴՈ-1850 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2026 թվական: