ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2026 թվականի N 1687-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ու 6-րդ կետերը և 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57.1-ին կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն և 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1581-Ն որոշումներով նախատեսված օբյեկտների մասով`
1) գործող շինարարական կապալի պայմանագրերով չկատարված աշխատանքներից առանձնացնել պայմանագրով նախատեսված աշխատանքների ընդհանուր ծավալի ոչ ավելի, քան 30 տոկոսը, բացառությամբ 2025 թվականի մայիսի 7-ին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-25/1 և N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-25/2 պայմանագրերի, որոնց մասով կարող են առանձնացվել համապատասխան պայմանագրով նախատեսված աշխատանքների ընդհանուր ծավալի ոչ ավելի, քան 65 տոկոսը կազմող աշխատանքներ, և այդ մասով գործող պայմանագրերի ծավալները կողմերի փոխադարձ համաձայնությամբ նվազեցնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 9-րդ ենթակետի պահանջը, իսկ առանձնացված ծավալների կատարման համար նոր կապալառուների հետ կնքել պայմանագրեր.
2) նոր կապալառուների հետ կնքվող պայմանագրերով նախատեսել կանխավճար՝ պայմանագրի գնի մինչև 90 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության պահանջները, իսկ կանխավճարի մարումն իրականացնել արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Ընդ որում, մինչև կանխավճարի ամբողջական մարումը, պայմանագրի կողմին վճարումներ չեն կատարվում.
3) գործող շինարարական կապալի պայմանագրերի կատարման ընթացքում թույլատրել կապալառուներին ներգրավել ենթակապալառուներ նաև այն դեպքերում, երբ համապատասխան գնման ընթացակարգին մասնակցելու նպատակով ներկայացված հայտով ենթակապալի պայմանագիր և ենթակապալառուի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 6-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված՝ հայտով ենթակապալի պայմանագիր և ենթակապալառուի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու պահանջները։ Ընդ որում, ենթակապալառուի ներգրավումն իրականացվում է՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված սահմանափակումները և ենթակապալառուի վերաբերյալ փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացման պահանջները՝ դրանք կիրառելով ենթակապալառուի ներգրավման պահին։
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարը ձևավորում է աշխատանքային խումբ՝ անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, որը գնահատում է յուրաքանչյուր օբյեկտի շինարարական աշխատանքների կատարման ընթացքը, աշխատանքների փաստացի կատարման համապատասխանությունը օրացուցային գրաֆիկով նախատեսված ծավալներին, գույքագրում և արձանագրում է չկատարված մնացորդային աշխատանքների ծավալները, դրանցից առանձնացնում նոր կապալառուին հանձնման ենթակա մասը և եզրակացություն է տրամադրում պատվիրատուի ղեկավարին։ Վերջինս, հիմք ընդունելով աշխատանքային խմբի եզրակացությունը, առաջարկություն է ներկայացնում գործող պայմանագրով կապալառուին` սահմանելով առաջարկությունն ընդունելու կամ մերժելու եռօրյա ժամկետ.
2) առանձնացվող աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց պարզ փորձաքննության անցկացման, ինչպես նաև առանձնացված աշխատանքների կատարման ժամանակացույցը կազմելու համար կարող է ներգրավվել համապատասխան որակավորում ունեցող այլ կազմակերպություն.
3) մինչև գործող պայմանագրի ծավալները նվազեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը գործող կապալառուի նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները պահպանվում են և ենթակա են գանձման, իսկ համաձայնագրի կնքման հաջորդ օրվանից տույժերը հաշվարկվում են միայն գործող կապալառուի պայմանագրով պահպանված և չկատարված պարտավորությունների մասով.
4) գործող կապալառուի պայմանագրի և որակավորման ապահովումները նվազեցվում են առանձնացված աշխատանքների արժեքին համամասնորեն` հիմք ընդունելով պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման առաջարկությունը.
5) նոր կապալառուի պայմանագրի և որակավորման ապահովում չի պահանջվում` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը, 9-րդ ենթակետը և 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության պահանջները.
6) նոր կապալառուի հետ կնքվող պայմանագրի նախահաշվային արժեքը հաշվարկվում է տվյալ պահին գործող շուկայական գների հիման վրա.
7) առանձնացված աշխատանքների կատարման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ առանձնացվող աշխատանքների մասով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանք պարզ փորձաքննության ներկայացնելու համար գնման պահանջը համարվում է անհետաձգելի։
3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները կիրառվում են մինչև 2027 թվականի մայիսի 1-ը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |