ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 14-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47․16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 47.16. | Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելը |
1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում արտադրողի և ներմուծողի նկատմամբ՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին։
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով։
3. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից իննհարյուրապատիկի չափով։
4․ Սույն հոդվածի 3-րդ մասի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
5․ Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացված լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տուգանքների չափերը կազմում են իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան գործունեության իրականացման ժամանակահատվածի հասույթի նկատմամբ նույն մասերով նախատեսված տոկոսները։
6. Ծխախոտային արտադրատեսակի ծխում նիկոտինի և խեժի՝ տեխնիկական կանոնակարգերով թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով։
7․ Սույն հոդվածի 6-րդ մասի խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
8․ Հայաստանի Հանրապետությունում ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով։
9․ Սույն հոդվածի 8-րդ մասի խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2․ Օրենսգրքի 47․17-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած անվտանգության տեխնիկական կանոնակարգերով» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակար-գերով» բառերով։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 30 Երևան ՀՕ-112-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2025 թվական:
