ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0164/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0164/02/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Գայանե Նազարեթյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Գայանե Նազարեթյանից 389.505 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար և 7.790 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 23.04.2007 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 23.04.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Դատարանի 02.04.2009 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանի 24.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 02.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Նազարեթյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ 335-րդ, 337-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 777-րդ, 778-րդ, 779-րդ հոդվածները, կողմերի միջև 08.06.2000 թվականին կնքված պայմանագրի դրույթները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 54-րդ, 220.5 հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բաժանորդի պարտքի վերաբերյալ տեղեկանքը և գտնելով, որ պատասխանողը վերջին անգամ մատուցված ծառայությունների դիմաց վճարել է 2004 թվականի հունվար ամսին, այն էլ դեկտեմբեր ամսվա համար, եկել է այն հետևության, որ 01.03.2004 թվականից հայցվորը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին, քանի որ պարտավորությունների կատարման ժամկետ է համարվել մինչև հաջորդ ամսվա վերջին օրը՝ 28.02.2004թ., իսկ հայցը դատարան է ներկայացվել 02.03.2007 թվականին՝ բաց թողնելով հայցային վաղեմության ժամկետը:
Վերաքննիչ դատարանը չի նշել, թե հայցը ներկայացնելու պահը համարել է այն Դատարան մուտքագրելու, թե փոստային բաժանմունքին հանձնելու օրը:
Ավելին, Վերաքննիչ դատարանը չանդրադառնալով 2004 թվականի փետրվար և մարտ ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց առաջացած պարտքերին, առանց որևէ հիմնավորման դրանց նկատմամբ նույնպես կիրառել է հայցային վաղեմություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանը կատարելով սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն ու վերլուծություն, հանգել է ճիշտ հետևության և արձանագրել, որ Գայանե Նազարեթյանը կատարել է միայն 2003 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Ընկերության ծառայություններից օգտվելու դիմաց համապատասխան վճարումներ, հետևաբար Ընկերությունը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը։ Վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ եզրահանգման՝ նշելով, որ 2004 թվականի մարտի մեկից սկսած Ընկերությունն արդեն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, քանի որ պարտավորությունների կատարման ժամկետ է համարվել հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջը՝ 28.02.2004 թվականը։ Սակայն, հայցը Դատարան է ներկայացվել 02.03.2007 թվականին՝ հայցային վաղեմության ժամկետի բացթողմամբ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ընկերության և Գայանե Նազարեթյանի միջև 08.06.2000 թվականին կնքված թիվ 14203 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն՝ Գայանե Նազարեթյանին հատկացվել է 411153 հեռախոսահամարը (գ.թ. 105):
2. Պայմանագրի 4.2.1-րդ կետի համաձայն՝ «Ամսական վճարումները ենթակա են կատարման մինչև հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջը /10-ից 31-ը/ (գ.թ. 105):
3. Բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվարկի համաձայն՝ Գայանե Նազարեթյանի պարտքը 2003 թվականի դեկտեմբեր ամսվա համար կազմել է 22.604,80 ՀՀ դրամ, որը վճարվել է 2004 թվականի հունվար ամսին, որից հետո վճարումներ չեն կատարվել: Իսկ 2004 թվականի հունվար ամսվա համար պարտքը կազմել է 204.069 ՀՀ դրամ, փետրվար ամսվա համար՝ 123.904,1 ՀՀ դրամ և մարտ ամսվա համար՝ 61.531,7 ՀՀ դրամ, ընդամենը՝ 389.504,80 ՀՀ դրամ: Ընկերության կողմից Գայանե Նազարեթյանին մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց չկատարված պարտավորությունը 01.04.2004 թվականի դրությամբ կազմել է 389.505 ՀՀ դրամ (գ.թ. 5):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
Նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրն ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ ծագում է պարտավորության կատարում պահանջելու իրավունքը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ Գայանե Նազարեթյանը Ընկերության ծառայությունների դիմաց վճարել է 2004 թվականի հունվար ամսին՝ դեկտեմբեր ամսվա համար, հանգել է այն հետևության, որ 01.03.2004 թվականից Ընկերությունն իմացել կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, քանի որ պարտավորության կատարման ժամկետը հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջն է՝ 28.02.2004 թվականը:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Ընկերության կողմից հայցը դատարան է ներկայացվել 02.03.2007 թվականին՝ հայցային վաղեմության ժամկետի բացթողմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և Գայանե Նազարեթյանի միջև 08.06.2000 թվականին կնքված թիվ 14203 պայմանագրով Գայանե Նազարեթյանին մատուցվել է հեռախոսակապի ծառայություններ: Նշված պայմանագրի 4.2.1-րդ կետով սահմանվել է, որ ամսական վճարումները ենթակա են կատարման մինչև հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջը (10-ից 31-ը): Ըստ գործում առկա «Բաժանորդի պարտքի վերաբերյալ» տեղեկանքի Գայանե Նազարեթյանի պարտքը 2003 թվականի դեկտեմբեր ամսվա համար կազմել է 22.604,80 ՀՀ դրամ, որը վճարվել է 2004 թվականի հունվար ամսին, որից հետո վճարումներ չեն կատարվել: Իսկ 2004 թվականի հունվար ամսվա համար պարտքը կազմել է 204.069 ՀՀ դրամ, փետրվար ամսվա համար՝ 123.904,1 ՀՀ դրամ և մարտ ամսվա համար՝ 61.531,7 ՀՀ դրամ, Գայանե Նազարեթյանի չկատարված պարտավորությունը 01.04.2004 թվականի դրությամբ կազմել է 389.505 ՀՀ դրամ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաuտերը, ինչպեu նաև այն oրենքը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիu:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն այն ապացույցները, որոնց հիման վրա Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել Ընկերության կողմից հայցային վաղեմության ժամկետի բացթողումը:
Մասնավորապես, գործի նյութերից պարզ չէ, թե հայցադիմումը երբ է ներկայացվել, հետևաբար չի պարզվել 2004 թվականի հունվար ամսվա պարտավորության մասով հայցային վաղեմության երեք տարվա ժամկետի լրանալու օրը:
Ավելին, Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմություն է կիրառել նաև 2004 թվականի փետրվար և մարտ ամիսներին ձևավորված պարտավորությունների վրա այն դեպքում, երբ Գայանե Նազարեթյանի մոտ այդ ամիսների համար վճարման պարտավորությունը ծագել է հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջին, այսինքն` համապատասխանաբար մարտ և ապրիլ ամիսներին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը անհիմն է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
