Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության մշակույթի եվ երիտասարդության հարցերի նախարարության եվ Ռուսաստանի Դաշնության մշակույթի եվ զանգվածային հաղորդակցության նախարարության միջեվ մշակույթի բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը, այսուհետ` Կողմեր.
հիմնվելով այն համոզմունքի վրա, որ մշակույթի, արվեստի և զանգվածային հաղորդակցության բնագավառներում համագործակցությունը նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնմանը, բարիդրացիական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը,
նկատի ունենալով երկու պետությունների միջև երկարատև պատմական կապերը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն երաժշտարվեստի, թատերարվեստի, գեղարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանման, ժողովրդական արհեստների, դեկորատիվ-կիրառական, ինքնագործ, էստրադային և կրկեսային արվեստի, ինչպես նաև հումանիտար գործունեության այլ տեսակների բնագավառներում համագործակցության զարգացման համար:
Հոդված 2
Կողմերը կնպաստեն Կողմերի պետություններում գործող ստեղծագործական միությունների և միավորումների, ոչ կառավարական կազմակերպությունների միջև ուղիղ կապերի հաստատմանը և զարգացմանը:
Հոդված 3
Կողմերը կհամագործակցեն մշակույթի և արվեստի առանձին մասնագիտությունների գծով աշխատակիցների պատրաստման և որակավորման բարձրացման բնագավառներում, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պայմանագրերով և արձանագրություններով սահմանելով աշակերտների, ուսանողների, ասպիրանտների և մանկավարժների երկկողմ փոխանակումների սկզբունքները, ինչպես նաև կաջակցեն Կողմերի պետությունների մշակույթի և արվեստի ուսումնական հաստատությունների միջև ուղիղ համագործակցությանը:
Կողմերը կնպաստեն ուսումնական ստեղծագործական ԲՈՒՀ-երի կողմից իրականացվող մշակութային ակցիաների և միջոցառումների (կուրսեր, մրցույթներ, փառատոներ) մասին տեղեկատվության փոխանակմանը և Կողմերի ներկայացուցիչների մասնակցությանը Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպվող կոնֆերանսներին, կոլոքվիումներին, նստաշրջաններին և գիտական գիտելիքների փոխանակման այլ ձևերին:
Հոդված 4
Կողմերը միմյանց փոխադարձաբար կտեղեկացնեն մշակույթի, զանգվածային հաղորդակցության և մտավոր սեփականության բնագավառում գործունեության գերակա ուղղությունների, գիտական հետազոտությունների արդյունքների մասին, այդ նպատակով կանցկացնեն համատեղ գիտագործնական և ստեղծագործական սեմինարներ, կոնֆերանսներ և գիտաժողովներ, կաջակցեն գիտական աշխատությունների ժողովածուների հրատարակությանն ու թարգմանությանը` կիրառելով համագործակցության ձևերի բազմազանությունը:
Կողմերը կնախատեսեն սոցիալ-մշակութային և այլ բնագավառներում փոխկապակցված համալիր միջոցառումների իրականացում, ներառյալ յուրաքանչյուր Կողմի մշակութային-տեղեկատվական դաշտի տվյալների բազայի հասանելիության ապահովումը համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:
Հոդված 5
Կողմերը կապահովեն մշակութային արժեքների հասանելիությունը մյուս Կողմի պետության քաղաքացիների համար:
Հոդված 6
Կողմերն` իրենց ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իրենց իրավասությունների շրջանակներում, կհամագործակցեն մյուս Կողմի պետության տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքների հայտնաբերման և վերադարձնելու ուղղությամբ:
Հոդված 7
Կողմերը կապահովեն Կողմերի պետությունների տարածքներում ապրող ժողովուրդների ազգային, էթնիկ, կոնֆեսիոնալ մշակույթների ազատ և իրավահավասար զարգացումը, պայմաններ կստեղծեն Հայաստանի Հանրապետությունում ռուս ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց և Ռուսաստանի Դաշնությունում հայ ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց ազգային ինքնության պահպանման, զարգացման և արտահայտման համար:
Կողմերը, հնարավորության սահմաններում կաջակցեն նշված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին Կողմերի պետությունների տարածքում զանգվածային տեղեկատվության միջոցների օգտագործմանը, ինչպես նաև մեթոդական և այլ օգնություն կցուցաբերեն յուրաքանչյուր Կողմի պետության ազգային փոքրամասնությունների մշակույթի և արվեստի գործիչների միավորումների և միությունների, մշակույթի կենտրոնների հիմնադրման ժամանակ:
Հոդված 8
Կողմերը համագործակցություն կիրականացնեն կինեմատոգրաֆիայի բնագավառում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարության ենթակայության տակ գտնվող ազգային կինոարխիվների միջև:
Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն.
- կինեմատոգրաֆիայի աշխատողների ստեղծագործական միությունների և համապատասխան հաստատությունների միջև համագործակցության համար,
- երկու պետություններում կազմակերպվող գործընկեր-պետությունների կինեմատոգրաֆիստների և արվեստի գործիչների, ֆիլմերի մասնակցությանը միջազգային կինոփառատոներին` համաձայն այդ փառատոների կանոնակարգի,
- կինոնախագծերի իրացմանը և կինոարտադրության փոխանակմանը` ոչ առևտրային հիմունքներով:
Հոդված 9
Կողմերը համագործակցություն կիրականացնեն իրենց պատմամշակութային ժառանգության հուշարձանների և օբյեկտների պաշտպանության, պահպանության և վերականգնման բնագավառում:
Կողմերը կփոխգործակցեն մշակույթի բնագավառում միջազգային նախագծերի իրականացման շրջանակներում:
Համագործակցության ձևերը, փորձագետների խմբերի ձևավորումը, աշխատակարգը կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան հաստատությունների միջև առանձին պայմանագրերով և համաձայնագրերով:
Հոդված 10
Կողմերը համագործակցություն կիրականացնեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գրադարանների միջև գրափոխանակմանը, գրադարանային գործին նվիրված գրադարանավարների և մատենագիրների մասնակցությանը գիտագործնական կոնֆերանսներին, գիտաժողովներին, սեմինարներին մասնակցությանն աջակցելու ճանապարհով:
Հոդված 11
Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կաջակցեն զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցների, հրատարակչությունների, գրատարածման կազմակերպությունների և պոլիգրաֆիկ ձեռնարկությունների միջև ուղիղ համագործակցությանը, այդ թվում՝ փոխադարձ մասնակցությանը գրքի ցուցահանդեսներին և տոնավաճառներին, տպագիր արտադրանքի ցուցադրություններին և այլ համանման միջոցառումներին: Համագործակցության կոնկրետ ձևերն ու պայմանները կորոշվեն մասնակիցների կողմից:
Հոդված 12
Կողմերը կաջակցեն ժողովրդական ստեղծագործության բնագավառում կապերի ընդլայնմանը, ժողովրդական վարպետների աշխատանքների ցուցահանդեսների, ստեղծագործական սեմինարների կազմակերպմանը, Կողմերի պետությունների տարածքում անցկացվող ժողովրդական ստեղծագործության փառատոներին և երգի տոներին ազգագրական (ֆոլկլոր) համույթների մասնակցությանը:
Հոդված 13
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերի լիազորված ներկայացուցիչները կկնքեն առանձին պայմանագրեր:
Հոդված 14
Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխություններն ու լրացումները կձևակերպվեն առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կհանդիսանա դրա անբաժանելի մասը:
Հոդված 15
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ իրականացման հետ կապված բոլոր տարաձայնությունները Կողմերի միջև լուծվում են բանակցությունների և խորհրդատվությունների միջոցով:
Հոդված 16
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այս դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է այդպիսի ծանուցում ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Կատարված է Մինսկ քաղաքում, 2007 թվականի մայիսի 21-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հոկտեմբերի 12-ին:
