Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, իրենց քաղաքացիների այցերի իրավական կարգավորման նպատակով,
առաջնորդվելով 1997 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» Պայմանագրով,
մտադրություն ունենալով նպաստել պետությունների կայուն տնտեսական զարգացմանը և հետագա ինտեգրմանը՝ հիմնված Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև խորը արմատներ ունեցող պատմական և հոգևոր կապերի վրա,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Մի Կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս Կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից։
2. Սույն Հոդվածի 1-ին կետում նշված ժամանակավորապես գտնվելու ժամկետը հաշվարկվում է մի Կողմի պետության քաղաքացու՝ մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու օրվանից, որը հաստատվում է սահմանային հսկողության մարմինների կողմից մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու պահին կատարված նշագրումը կրող միգրացիոն քարտով կամ սահմանային հսկողության մարմինների կողմից մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու պահին անձնագրում կատարված նշագրումով:
3. Մի Կողմի պետության քաղաքացու 30 օրից ավելի ժամկետով մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնել) մուտքի պետության իրավասու մարմիններում` այդ պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 2
Մի Կողմի պետության քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում պարտավոր են պահպանել մուտքի պետության օրենսդրությունը։
Հոդված 3
Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված կարգով։
Հոդված 4
1. Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 30 օրը լրանալուց հետո և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնել՝ այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին։ Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է այդ ծանուցումն ստանալու օրվանից սկսած 6 ամիսը լրանալուց հետո։
3. Յուրաքանչյուր Կողմ, պետական անվտանգությունը, հասարակական կարգը և բնակչության առողջության պահպանությունն ապահովելու նպատակով, կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը։ Ոչ ուշ, քան այդպիսի կասեցումից 72 ժամ առաջ, ընդունված որոշման մասին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է մյուս Կողմին։
4. Սույն Համաձայնագրի գործողությունը՝ սույն Հոդվածի 3-րդ կետում նշված հիմքերով կասեցնելու մասին որոշում ընդունած Կողմը նույն կարգով մյուս Կողմին տեղեկացնում է սույն Համաձայնագրի կիրառումը վերսկսելու մասին։
Կատարված է Սոչի քաղաքում 2014 թվականի հուլիսի 11-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. մարտի 20-ին
