Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը, այսուհետ` Կողմեր,
ելնելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունից,
հիմք ընդունելով երկու երկրների շահերը,
ցանկանալով զարգացնել մաքսային համագործակցությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Նկատի ունենալով առևտրի զարգացման կարևորությունը և Արաքս գետի վրա համատեղ կառուցված կամրջի ավարտը` Կողմերը միջոցներ կձեռնարկեն մաքսային համալիրների շինարարությունը ավարտելու և ենթակառույցները ընդլայնելու ուղղությամբ` առևտրի և ուղևորների համար ներդաշնակ պայմաններ ու մաքսային դյուրություններ ստեղծելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կփոխանակեն իրենց փորձը և տեղեկությունը երկու երկրների մաքսային օրենսդրության վերաբերյալ, հատկապես արտահանումների, ներմուծումների, տարանցիկ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնագավառը կարգավորող այդ օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը կստեղծեն անհրաժեշտ դյուրին պայմաններ` երկու երկրների տարածքով տարանցիկ փոխադրումներն իրականացնելու համար:
ՀՈԴՎԱԾ 4
Արգելվում է զենքի, զինամթերքի, թմրանյութերի, հոգեներգործող նյութերի և երկու երկրների օրենսդրություններով ներմուծման համար արգելված այլ ապրանքների տարանցիկ փոխադրումը, բացի այն դեպքերից, երբ երկու երկրների կառավարությունները համաձայնում են:
Արգելված ապրանքների ցանկը կփոխանակվի միմյանց միջև:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը համաձայնեցին հայտնաբերված զենքի, զինամթերքի, թմրանյութերի և հոգեներգործող նյութերի և այդ առարկաներն ապօրինաբար փոխադրող անձանց մասին անհրաժեշտ տեղեկություններ փոխանակել միմյանց հետ:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերի տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների համար մաքսատուրք կամ այլ հարկ չի գանձվում: Գանձվում են միայն երկու երկրների օրենսդրությանը համապատասխան դրանց մաքսային ձևակերպումների համար վճարներ:
Այդ վճարների չափի և գանձման կարգի մասին Կողմերը տեղեկություններ կփոխանակեն:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը միմյանց տարածքում գտնվող տարանցիկ փոխադրվող ապրանքների և փոխադրամիջոցների վաճառք կամ հանձնում չեն թույլատրում: Այս պայմանի խախտումն արձանագրելիս, խախտում արձանագրած երկրի օրենսդրությանը համապատասխան, գործողություններ կձեռնարկվեն, և այդ մասին տեղեկություններ կհաղորդվեն խախտում կատարած Կողմի համապատասխան կառավարական մարմիններին:
ՀՈԴՎԱԾ 8
Ապրանքների տարանցիկ փոխադրումները արագացնելու և դժվարությունները հարթելու նպատակով Կողմերը կարող են ներկայացնել ապրանքների, ուղևորների, ներքին ու արտաքին տարանցիկ բեռների և փոխադրամիջոցների անցման համար մյուս Կողմում մեկ կամ մի քանի միջազգային տրանսպորտային կազմակերպությունների` որպես իր ներկայացուցիչ, որպեսզի կարողանան օգտագործել այդ ընկերությունների հնարավորությունները:
ՀՈԴՎԱԾ 9
Ապրանքների տարանցիկ փոխադրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով Կողմերը համաձայնեցին միջոցներ ձեռնարկել, որպեսզի երկու երկրների տրանսպորտային ընկերությունները, որոնք զբաղվում են ապրանքների փոխադրմամբ, փոխադրամիջոցի վարորդին ապահովեն հետևյալ փաստաթղթերով` բեռնագիր, ապրանքագիր, փաթեթավորման թերթիկ, ապրանքի ծագման հավաստագիր և նշանակման երկիր, ապրանքատիրոջ անուն, միջազգայնորեն ճանաչված վարորդական իրավունք, ապահովագրական քարտ, փոխադրամիջոցի սեփականությունը հաստատող փաստաթուղթ:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերը համաձայնեցին, որ մի Կողմի տարածքով դեպի երրորդ երկիր տարանցիկ փոխադրվող ապրանքի, այն տեղափոխող փոխադրամիջոցի ծածկապաստառի և կապարակնիքների անվնասության պահպանվածության դեպքում մաքսային ստուգման արարողությունը հիմնականում սահմանափակվում է փոխադրամիջոցի արտաքին զննմամբ և կրկնակի կապարակնքմամբ: Ապրանք տեղափոխող փոխադրամիջոցի ծածկապաստառի կամ կապարակնիքների վնասվածության դեպքում յուրաքանչյուր Կողմի մաքսային մարմին գործելու է ըստ իր երկրի օրենսդրության:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերը ճանաչում են միմյանց մաքսային փաստաթղթերը, մաքսային կնիքները, կապարակնիքներն ու դրոշմակնիքները և սույն Հուշագիրը ստորագրելուց հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում դրանց նմուշները ներկայացնում են միմյանց:
ՀՈԴՎԱԾ 12
Եթե ապրանքներ և ուղևորներ փոխադրող փոխադրամիջոցները չունեն միջազգային անցումի փաստաթուղթ (ԿԱՌՆԵ ԴԸ ՓԱՍԱԺ), մի Կողմի փոխադրամիջոցների համար երաշխագնի փոխարեն մյուս Կողմը բավարար հիմք կհամարի պաշտոնական թույլտվություն ունեցող միջազգային որևէ բեռնափոխադրական ընկերության պաշտոնական երաշխավորությունը:
ՀՈԴՎԱԾ 13
Կողմերը համաձայնեցին, որ միմյանց տարածքով տարանցիկ ուղևորություն կատարող քաղաքացիներից որևէ գանձում չի կատարվում: Սակայն նրանց ուղեկցող փոխադրամիջոցները, ձեռքի իրերը և առևտրային նշանակության ապրանքները ենթակա են մաքսային ընթացակարգին` Կողմերի օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 14
Կողմերը բեռնատար ավտոմեքենաների կուտակումները Արաքս գետի վրա կառուցված կամրջի մոտ բացառելու նպատակով պայմանավորվեցին այդ ավտոմեքենաների մաքսային հսկողությունն իրականացնել կամրջից բավարար հեռավորության վրա` արագ և կարճ ժամանակում:
ՀՈԴՎԱԾ 15
Կողմերի սահմանային մաքսային կետերում աշխատանքները կազմակերպվում են շուրջօրյա` ներառյալ հանգստյան և տոնական օրերը, առանց աշխատանքների ընդհատման:
ՀՈԴՎԱԾ 16
Կողմերի մաքսային ծառայությունների ղեկավար պաշտոնյաները հնարավոր դժվարությունները վերացնելու և աշխատանքների համակարգման նպատակով պարբերաբար տարին մեկ անգամ հանդիպում են Հայաստանում կամ Իրանում:
Տարածաշրջանային մաքսատների ղեկավարները հանդիպում են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, իսկ Մեղրիի և Նորադուզի մաքսային կետերի ղեկավարները` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` նախապես տեղեկացնելով միմյանց:
ՀՈԴՎԱԾ 17
Սույն Հուշագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի մաքսային ծառայությունների բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հուշագիրը կարող է լրացվել և փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 18
Սույն Հուշագրի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են Կողմերի միջև կնքված.
ա) 1992 թվականի մայիսի 6-ի (համապատասխանաբար` 1371.02.16. Հեջրի Շ.) «Տարանցիկ, արտահանվող և ներմուծվող ապրանքների և ուղևորների երթևեկության մասին» Համաձայնագիրը,
բ) 1992 թվականի հունիսի 27-ի (համապատասխանաբար` 1371.04.07. Հեջրի Շ.) Արձանագրությունը,
գ) 1995 թվականի մայիսի 6-ի (համապատասխանաբար` 1374.02.16. Հեջրի Շ.) Փոխըմբռնման հուշագիրը:
Սույն Փոխըմբռնման հուշագիրը բաղկացած է 18 հոդվածներից, ստորագրվել է 1996 թվականի դեկտեմբերի 28-ին (համապատասխանաբար` 1375.10.08. Հեջրի Շ.), Երևան քաղաքում, երկու լեզվով` հայերեն և պարսկերեն, ընդ որում երկու բնօրինակներն էլ հավասարազոր են:
Սույն Փոխըմբռնման հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հուշագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի դեկտեմբերի 28-ից:
