Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Կուբայի Հանրապետության Կառավարության միջԵՎ առԵՎտրատնտեսական համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Կուբայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,
ձգտելով հավասարության և փոխշահավետության հիման վրա զարգացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները,
ցանկանալով առևտրատնտեսական փոխադարձ հարաբերությունների զարգացման համար ստեղծել պայմանագրաիրավական հիմք և բարենպաստ պայմաններ,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը` խթանել և զարգացնել ապրանքների և ծառայությունների փոխանակումը, ինչպես նաև հայկական և կուբայական ձեռնարկությունների միջև տնտեսական համագործակցությունը՝ երկու երկրների գործող օրենսդրություններին և համաշխարհային առևտրում ընդունված սկզբունքներին և փորձին համաձայն:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը ապրանքների և ծառայությունների փոխանակման, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների այլ ձևերին առնչվող բոլոր հարցերում հաշվի կառնեն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերը և սկզբունքները, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթները և, համաձայն դրանց, փոխադարձ առևտրում միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ազգի ռեժիմ խտրականության բացառման և հավասար հնարավորությունների պայմաններում:
Առավել բարենպաստ ազգի ռեժիմը կկիրառվի բոլոր այն դեպքերում, որոնք կվերաբերեն ներմուծման և արտահանման թույլտվությանը, մաքսատուրքերին և վճարումներին, հյուպատոսական գանձումներին և այլ գանձումներին ու հարկերին, որոնք կիրառվում են կամ կարող են կիրառվել ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցման, պահեստավորման, դրանց գրանցման, ինչպես նաև մաքսային կանոնների և ընթացակարգերի նկատմամբ:
Պայմանավորվող կողմերը համաձայնում են միմյանց տրամադրել առավել բարենպաստ ազգի ռեժիմ նաև ապրանքների փոխադրման հետ կապված բոլոր հարցերում և, իրենց երկրների օրենսդրություններին և կարգավորումներին համապատասխան, կաջակցեն իրենց տարածքներով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում արտադրված ապրանքները երրորդ երկրներ և երրորդ երկրների տարածքում արտադրված ապրանքները որևէ Պայմանավորվող կողմի տարածք ազատ տարանցելուն:
Հոդված 3
Առավել բարենպաստ ազգի ռեժիմը չի տարածվում այն արտոնությունների և առավելությունների վրա, որոնք`
● բխում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի մաքսային միություններում, ազատ առևտրի գոտիներում կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի այլ ձևերում մասնակցությունից,
● Պայմանավորվող կողմերից որևէ մեկը տրամադրել է կամ կտրամադրի հարևան երկրներին` սահմանամերձ առևտուրը դյուրացնելու նպատակով,
● Պայմանավորվող կողմերը միջազգային պայմանագրերի հիման վրա տրամադրել են կամ կտրամադրեն զարգացող երկրներին:
Հոդված 4
Հայաստանի Հանրապետության և Կուբայի Հանրապետության կազմակերպությունների միջև ապրանքաշրջանառությունը և ծառայությունների մատուցումը իրականացվում է կոնտրակտների կամ այլ յուրահատուկ փաստաթղթերի հիման վրա՝ երկու երկրներում գործող օրենսդրությունների և համաշխարհային պրակտիկայում ընդունված առևտրի ձևերի համաձայն:
Եթե կոնտրակտներում ակնհայտ նշված չլինի այլ բան, Պայմանավորվող կողմերի կազմակերպությունները երկկողմ առևտրում կկիրառեն ÈÍÊÎÒÅÐÌÑ-ում ընդգրկված գնման և փոխադրման պայմանները:
Հոդված 5
Առքուվաճառքի կոնտրակտներում, որոնք կկնքվեն Պայմանավորվող կողմերի կազմակերպությունների միջև ապրանքների մատակարարման և ծառայությունների ցուցաբերման համար, գների սահմանումը կիրականացվի համապատասխան տեխնիկական մակարդակի և որակի ապրանքների ու ծառայությունների հիմնական համաշխարհային շուկաների գործող գներին համապատասխան:
Հոդված 6
Հայկական և կուբայական կազմակերպությունների միջև ապրանքների կամ ծառայությունների մատակարարման կոնտրակտներից բխող վճարումները կիրականացվեն ազատ փոխարկելի արտարժույթով, որի վերաբերյալ կպայմանավորվեն Կողմերը, իսկ վճարման պայմանները կնշվեն համապատասխան պայմանագրերում:
Կողմերի լիազոր բանկերը անհրաժեշտության դեպքում կհաստատեն տեխնիկական բանկային ընթացակարգ՝ սույն Համաձայնագրից բխող գործարքները ապահովելու համար:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը, իրենց երկրների օրենսդրություններին համապատասխան, կաջակցեն փոխադարձ առևտրի տարբեր ձևերի, արդյունաբերական կոոպերացիայի, տնտեսական միությունների և համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը:
Պայմանավորվող կողմերը կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն յուրաքանչյուր Կողմի տարածքում ծագող արտոնագրերը, առևտրային դրոշմանիշները, կոմերցիոն անվանումների ձևակերպումը պաշտպանող և իրենց երկրում արդյունաբերական սեփականության համապատասխան ռեգիստրում գրանցելու համար:
Հոդված 8
Պայմանավորվող կողմերը կօժանդակեն իրենց տարածքներում կառավարական առևտրային ներկայացուցչությունների, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող ֆիրմաների, ընկերությունների, բանկային և այլ հաստատությունների ներկայացուցչությունների և մասնաճյուղերի բացմանը և գործունեությանը՝ համաձայն երկու երկրների գործող օրենսդրությունների:
Հոդված 9
Պայմանավորվող կողմերը կցուցաբերեն փոխադարձ անհրաժեշտ աջակցություն իրենց երկրներում տոնավաճառների, ցուցահանդեսների, համաժողովների և երկկողմ առևտուրը խթանող այլ միջոցառումների կազմակերպման համար՝ երկու երկրների օրենսդրությունների համաձայն:
Հոդված 10
Պայմանավորվող կողմերը, իրենց երկրներում գործող օրենսդրությունների համաձայն, թույլ կտան հետևյալ ապրանքների ներմուծումն ու արտահանումը առանց հարկերի ու մաքսավճարի և այլ տեսակի գանձումների.
● նմուշային առարկաներ և պրակներ, գովազդային տեղեկագրեր և ուրվագրեր,
● պարտավուրությունների և երաշխիքների կատարման նպատակով անվճար առաքվող մասեր,
● ժամանակավոր կամ մշտական գործող տոնավաճառներում և ցուցահանդեսներում ոչ վաճառքի նպատակով ներկայացվող ապրանքներ,
● ուրիշ ապրանքի փոխարեն ներմուծված ապրանքը` փոխարինված ապրանքը երկրից արտահանելու պայմանով,
● միջազգային առևտրում օգտագործվող հատուկ բեռնարկղեր և փաթեթավորումներ, որոնք ներմուծվում են բեռնավորման և երկրից արտահանվելու նպատակով,
● ապրանքներ, գործիքներ, նյութեր և այլ գործիքակազմ` ժամանակավոր ներմուծված, փորձերի, փորձարկումների, վերանորոգման աշխատանքների, մշակման և պատրաստման համար՝ վերադարձի պայմանով,
● առարկաներ, գործիքներ և հաստոցներ` նախատեսված մոնտաժային աշխատանքների և առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության համար՝ վերադարձման պայմանով:
Նման բնույթի արտահանման և ներմուծման ժամկետները կսահմանվեն` կախված այն նպատակներից, որոնց համար նախատեսված են վերոհիշյալ ապրանքները և առարկաները:
Հոդված 11
Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` խուսափելու համար իրենց տարածքներ ներմուծելու մյուս Պայմանավորվող կողմի բնական ծագում ունեցող ապրանքները կամ արդյունաբերական արտադրանքը, որոնք, չնայած ապրանքային նշանի, անվանման և դրոշմանիշների և այլ նշումների, կեղծված են կամ չեն համապատասխանում ծագմանը կամ ապրանքի որակին՝ Պայմանավորվող կողմերի օրենսդրությունների և վերոհիշյալի վերաբերյալ կնքված միջազգային համաձայնագրերի համաձայն:
Հոդված 12
Սույն Համաձայնագրի համաձայն հայկական և կուբայական տնտեսավարող կազմակերպությունների ներմուծած ապրանքները չեն կարող վերաարտահանվել երրորդ երկրներ առանց ներմուծողի գրավոր համաձայնության:
Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովեն ապրանքաշրջանառության պաշտպանությունը իրենց տարածքներում ցանկացած տեսակի անբարեխիղճ մրցակցությունից` իրենց երկրների օրենսդրությունների և վերոհիշյալի վերաբերյալ իրենց միջև կնքված միջազգային համաձայնագրերի պահպանմամբ:
Հոդված 13
Պայմանավորվող կողմերը սույն համաձայնագրի գործունեությունը ապահովելու, անհրաժեշտ հանձնարարականների մշակման, խորհրդակցությունների անցկացման և փոխադարձ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման նպատակով կստեղծեն հայ-կուբայական առևտրատնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողով, որը հաջորդաբար կգումարվի Երևանում կամ Հավանայում:
Հանձնաժողովի լիազորությունները, գործառույթները, կազմակերպչական մանրամասները և հստակ խնդիրները կսահմանվեն համատեղ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ` համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 14
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման, կիրառման և կատարման ընթացքում ծագած վեճերը կլուծվեն Պայմանավորվող կողմերի միջև` բանակցությունների միջոցով:
Հոդված 15
Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոխոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն համապատասխան փաստաթղթով, որը ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված ընթացակարգով:
Հոդված 16
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական իրավական ընթացակարգերի ավարտման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կգործի 5 տարի ժամկետով և այդ ժամկետի ավարտից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի մեկամյա ժամանակահատվածներով, եթե Համաձայնագրի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով չտեղեկացնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում, սույն Համաձայնագրի բոլոր դրույթները կշարունակեն գործել մինչև այդ գործարքների ավարտը:
Կատարված է Երևան քաղաքում 2003թ. մարտի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իսպաներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տարբերակին:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի սեպտեմբերի 20-ից:
