Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եվ Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեվ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, այսուհետև՝ Կողմեր,
ճանաչելով 1995թ. հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի (ՆԱՏՕ/ԳՀԽ ԶՈՒԿՀ) և դրան կից 1995թ. հունիսի 19-ի Լրացուցիչ արձանագրության դրույթները,
ցանկություն ունենալով ամրապնդել պաշտպանության նախարարությունների միջև փոխհարաբերությունները ՄԱԿ-ի Կանոնադրության ոգուն համապատասխան,
մտադիր լինելով երկու երկրների պաշտպանության նախարարությունների և զինված ուժերի միջև համագործակցության միջոցով զարգացնել փոխվստահության մթնոլորտը,
ցանկանալով ստեղծել երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսված միջոցառումների կարգավորման իրավական հիմք,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Նպատակը
Սույն Համաձայնագրի նպատակն է Կողմերի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրականացման համար ստեղծել ընդհանուր և գործնական շրջանակ, ներառյալ Կողմերի կողմից մշակված ռազմական համագործակցության ծրագրերը:
Հոդված 2
Համագործակցության ոլորտները
2.1. Կողմերի միջև համագործակցությունը ներառում է հետևյալ ոլորտները.
- ՆԱՏՕ-ի և ԳՀԽ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցության վերաբերյալ փորձի փոխանակում,
- բազմազգ զինվորական ստորաբաժանումների կազմավորման և գործունեության խնդիրների վերաբերյալ փորձի փոխանակում,
- զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն,
- զինված ուժերի համար օրենսդրական դաշտի ձևավորում,
- պաշտպանական քաղաքականություն և ռազմավարություն,
- պաշտպանական պլանավորում և բյուջետավորում,
- զինված ուժերի ղեկավարում, վերահսկում և հաղորդակցություն,
- միջազգային խաղաղապահ և մարդասիրական գործողություններ,
- շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ և աղտոտման վերահսկում,
- քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորում,
- թիկունքային ապահովում,
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:
2.2 Սույն հոդվածի 2.1 կետում նշված համագործակցությանն առնչվող կոնկրետ խնդիրները կարող են կարգավորվել սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրերով:
Հոդված 3
Համագործակցության ձևերը
Պաշտպանական հարցերին առնչվող համագործակցությունը կիրականացվի հետևյալ միջոցառումների միջոցով.
ա) Համագործակցություն պաշտպանության նախարարությունների միջև.
- պաշտպանության նախարարների փոխադարձ այցեր,
- նախարարությունների պաշտոնատար անձանց փոխադարձ այցեր և խորհրդակցություններ,
- երկկողմ քննարկումներ և խորհրդակցություններ աշխատակազմերի միջև:
բ) Համագործակցություն գլխավոր շտաբների միջև.
- շտաբների պետերի փոխադարձ այցեր,
- երկկողմ քննարկումներ և խորհրդակցություններ աշխատակազմերի միջև:
գ) Համագործակցություն այլ ռազմական հաստատությունների և ստորաբաժանումների միջև.
- մասնակցություն ուսումնական և կրթական ծրագրերին,
- ռազմակրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատում, ներառյալ ուսանողների և դասավանդողների փոխանակում,
- համատեղ գործունեության համապատասխան ոլորտներում փոխադարձ այցելություններ, խորհրդակցություններ և փորձի փոխանակում:
Հոդված 4
Պլանավորում և իրականացում
4.1. Սույն Համաձայնագրի հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը պետք է մշակվի հաջորդ տարվա համագործակցության ամենամյա պլանը:
4.2. Համագործակցության ամենամյա պլանը պետք է մշակվի Կողմերի նախապես ներկայացված առաջարկների հիման վրա:
4.3. Համագործակցության ամենամյա պլանում նախատեսված յուրաքանչյուր միջոցառման համար յուրաքանչյուր Կողմ կնշանակի շփման կետ:
Հոդված 5
Ֆինանսական կարգավորումներ
5.1. Այցելող Կողմը հոգում է դեպի հյուրընկալող Կողմի պետության տարածքը և հետադարձ ուղղությամբ ճանապարհածախսը, ինչպես նաև գործուղման և ապահովագրական ծախսերը:
5.2. Հյուրընկալող Կողմը հոգում է իր պետության տարածքում տրանսպորտային, կեցության և սննդի ծախսերը:
5.3. Հյուրընկալող Կողմը հոգում է անհետաձգելի բժշկական և ատամնաբուժական օգնության ու սպասարկման ծախսերը: Այլ բժշկական և ատամնաբուժական օգնության ու սպասարկման ծախսերը հոգում է Այցելող Կողմը:
Փոխադարձության այս հիմնական սկզբունքը չի կարող կիրառվել օժանդակ անձնակազմով (վարորդներ, թարգմանիչներ և այլն) հանդերձ, ավելի քան 10 հոգուց բաղկացած խմբերի նկատմամբ: Այս խմբերի նկատմամբ կիրառելի ֆինանսավորման ընթացակարգերը կկարգավորվեն Կողմերի միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ՝ դեպքից դեպք սկզբունքով:
ՀՈԴՎԱԾ 6
Իրավազորություն և հայցապահանջներ
6.1. Կողմերի քրեական և կարգապահական իրավազորությունն իրենց անձնակազմերի նկատմամբ կկարգավորվի ՆԱՏՕ/ԳՀԽ ԶՈՒԿՀ-ի դրույթների համաձայն:
6.2. Հայցապահանջները կբավարարվեն ՆԱՏՕ/ԳՀԽ ԶՈՒԿՀ-ի դրույթների համաձայն:
6.3. Հայցապահանջները և սույն հոդվածով նախատեսվող այլ տեղեկատվության փոխանակումը կիրականացվի 4-րդ հոդվածում նշված Կողմերի շփման կետերի միջոցով:
Հոդված 7
Տեղեկատվության փոխանակում
7.1. Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված տեղեկատվության փոխանակումը կիրականացվի դիվանագիտական ուղիներով կամ Կողմերի միջև անմիջական շփումների միջոցով:
7.2. Կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը սույն Համաձայնագրի համաձայն իրականացված համագործակցության շրջանակներում ստացված գաղտնի տեղեկատվությունը չլիազորված բացահայտումից պաշտպանելու համար: Նման տեղեկատվության բացահայտումը հնարավոր կլինի միայն տեղեկատվությունը տրամադրող Կողմի թույլտվությամբ:
Հոդված 8
Աշխատանքային լեզուն
Սույն Համաձայնագրի շրջանակներում անցկացվող միջոցառումների և իրականացվող նախագծերի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Հոդված 9
Փոփոխություններ և վեճեր
9.1. Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով՝ Կողմերը պետք է անցկացնեն խորհրդակցություններ և, անհրաժեշտության դեպքում, վերանայեն Համաձայնագիրը:
9.2. Սույն Համաձայնագրի մեջ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը համարվող գրավոր արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով:
9.3. Սույն Համաձայնագիրը չպետք է հակասի Կողմերի ազգային օրենսդրությանը կամ միջազգային իրավունքի նորմերին: Հակասության դեպքում միջազգային իրավունքի նորմերն ու ազգային օրենսդրությունը կգերակայեն: Հակասությունների առաջացման դեպքում Կողմերը կտեղեկացնեն միմյանց:
9.4. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կատարման հետ կապված տարաձայնությունները Կողմերը կլուծեն միմյանց միջև խորհրդատվությունների ու բանակցությունների միջոցով և չեն դիմի որևէ ազգային կամ միջազգային ատյանի կամ երրորդ կողմի:
Հոդված 10
Ուժի մեջ մտնելը և դադարեցումը
10.1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար Կողմերի ազգային օրենսդրությամբ պահանջվող ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:
10.2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը կամ դուրս գալ դրանից` այդ մասին մյուս Կողմին 90 օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով:
10.3. Եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցվել է կամ Կողմերից որևէ մեկը դուրս է եկել Համաձայնագրից, Կողմերը, անհրաժեշտության դեպքում, պետք է սույն Համաձայնագրից բխող երկկողմ ֆինանսական պարտավորությունները, հայցապահանջները, վեճերը և անվտանգության խնդիրները կարգավորելու նպատակով բանակցություններ վարեն:
Կատարված է Ռիգա քաղաքում, 2005թ. հունիսի 6-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը՝ հայերեն, լատիշերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 19-ից:
