Օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ: Տես 26-րդ հոդվածը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է բնակչության պետական ռեգիստրի ձևավորման իրավական հիմքերը, բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմը, բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված լրացուցիչ տեղեկությունները, բնակչության պետական ռեգիստրի վարման կարգը, բնակչության պետական ռեգիստր տվյալների մուտքագրման, տվյալների մշակման, այդ թվում՝ թարմացման, տվյալների անվտանգության պահպանության, տեղեկություններին հասանելիության ապահովման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման և նշված գործառույթների նկատմամբ մոնիտորինգի իրականացման հետ կապված հարաբերությունները: Սույն մասով նախատեսված հարաբերությունները կարգավորելիս անձնական տվյալներն օգտագործվում կամ տրամադրվում են՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջները:
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) բնակչության պետական ռեգիստր՝ տեղեկատվական համակարգ, որն օգտագործվում է օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացմամբ ծառայություններ մատուցելու համար.
2) բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարան՝ բնակչության պետական ռեգիստրի՝ որպես տեղեկատվական համակարգի, գործունեության արդյունքով անձի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տվյալների պահպանման թվային միջավայր.
3) բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգ (այսուհետ՝ տվյալների շտեմարանի կանոնակարգ)՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման, այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձի կողմից տվյալների մշակման և բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի թարմացման, բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում հավաքագրվող տվյալների կազմի, հավաքագրման աղբյուրի, դրանք ներկայացնողների և ներկայացման, անհրաժեշտության դեպքում՝ նաև շտեմարանի կառավարման այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ դրույթներ պարունակող նորմատիվ իրավական ակտ, որն ընդունվում է Կառավարության կողմից.
4) տվյալների փոխանակման շերտ՝ ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս տեղեկատվական համակարգին միացած այլ տվյալների բազաների և բնակչության պետական ռեգիստրի միջև ապահովելու ցանցային կապ և փոխանակելու տեղեկություններ թվային անվտանգ միջավայրում.
5) բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտ՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտ են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, որոնց վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված տվյալները ներառվում են բնակչության պետական ռեգիստրում.
6) բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմ՝ համակցված և համակարգված տվյալների ամբողջություն, որը ներառվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում և հանդիսանում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի՝ անձնական, բնակության, իրավական կարգավիճակի, ազգության, ինչպես նաև իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվություն.
7) բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմիններ՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններ կամ իրավաբանական անձինք, որոնք պարտավոր են սույն օրենքով սահմանված տեղեկությունները ներկայացնել բնակչության պետական ռեգիստր.
8) բնակչության պետական ռեգիստրի վարում՝ բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ տվյալների մուտքագրման, տվյալների մշակման, այդ թվում՝ թարմացման, տվյալների անվտանգության պահպանության, տեղեկություններին հասանելիության ապահովման համակարգված թվայնացված գործընթաց.
9) տվյալների ներկայացում՝ բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինների կողմից բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ անձնական, բնակության, իրավական կարգավիճակի, ազգության, իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ տեղեկությունների մուտքագրում.
10) տվյալների թարմացում` բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինների կողմից բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ անձնական, բնակության, իրավական կարգավիճակի, ազգության, իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ տեղեկությունների թարմացում.
11) տվյալների անվտանգության պահպանություն՝ բնակչության պետական ռեգիստր մուտքագրվող, բնակչության պետական ռեգիստրում պահվող և փոխանցվող տվյալների ամբողջականությունը, իսկությունը, գաղտնիությունը և անհերքելիությունը, պաշտպանվածությունը պատահական կորստից, չարտոնված մուտքից, չարտոնված օգտագործումից և բացահայտումից, խափանումից, չարտոնված փոփոխումից, ոչնչացումից, հարձակումից, կրկնօրինակումից, ձայնագրումից, տարածումից և այլ անօրինական միջամտությունից.
12) տեղեկություններին հասանելիություն՝ բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկությունը պահանջող անձի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելը կամ թվային անվտանգ միջավայրում ծառայություններ մատուցելը, ինչպես նաև իրավաբանական անձանց վճարովի հիմունքներով, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ անվճար, օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման համար բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելը.
13) հանրային ծառայությունների համարանիշ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության կամ գտնվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին, ինչպես նաև այլ անձանց հատկացվող թվային 10 նիշերի համակցություն, որը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անձնական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ.
14 ) անձը հաստատող փաստաթղթեր՝
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, վերադարձի վկայականը` միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը,
բ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
գ. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը,
դ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը: Այն դեպքում, երբ օտարերկրացին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատել է ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագրով), ապա Հայաստանի Հանրապետության տարածքում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նաև ներքին անձնագիրը,
ե. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` «070» ծածկագրով տպագրված անձնագիրը, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը.
15) մշտական բնակություն ունեցող անձ՝ սույն օրենքի իմաստով՝ մշտական բնակություն ունեցող է համարվում այն անձը, որը ընթացիկ տարում օրինական հիմքերով Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի գտնվել է 183 և ավելի օր: Մշտական բնակություն ունեցող անձինք են համարվում նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք թեպետ ընթացիկ տարում 183 և ավելի օր փաստացի չեն գտնվել Հայաստանի Հանրապետությունում, սակայն գտնվում են դիվանագիտական ծառայության մեջ օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում.
16) բնակչության հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների և բնակության վերաբերյալ տվյալների առկայությունը բնակչության պետական ռեգիստրում.
17) հիմնական հասցե՝ այն վայրը, որտեղ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր.
18) ոչ հիմնական հասցե՝ այն վայրը, որը բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտը հայտարարում է որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ այլ մարմիններից պաշտոնական ծանուցումներ ստանալու հասցե կամ հանրային ծառայություններ մատուցելու հասցե:
Հոդված 3. | Բնակչության պետական ռեգիստրում ձևավորվող տվյալներին ներկայացվող պահանջները |
1. Բնակչության պետական ռեգիստրում ձևավորվող տվյալները պետք է լինեն պարզ, հստակ և իրենց մեջ չպարունակեն հակասություններ ու անորոշություններ:
2. Բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի վերաբերյալ բնակչության ռեգիստրում առկա տվյալները մատչելի են միայն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների (անձանց) համար:
3. Բնակչության պետական ռեգիստրում կուտակվող տվյալների հավաքագրումը պետք է իրականացվի հնարավորին չափ փոքր ռեսուրսներով և ապահովի ռեգիստրում առկա տեղեկությունների թարմացումն ու արդիականացումը:
4. Արգելվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալները սույն օրենքից բխող նպատակներով այլ միջավայրերում հավաքագրելը, օգտագործելը, մշակելը և շրջանառելը:
5. Սույն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող տվյալների մուտքագրումը մերժվում է, որի վերաբերյալ միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինն իրազեկում է տվյալը ներկայացնող մարմնին՝ նշելով մերժման պատճառը:
Հոդված 4. | Բնակչության պետական ռեգիստրում տվյալների պահպանումը |
1. Բնակչության պետական ռեգիստր մուտքագրված տվյալները պահպանվում են անժամկետ՝ ապահովելով պատմական տվյալների հասանելիությունը և հետագծելիությունը:
2. Բնակչության պետական ռեգիստր մուտքագրված տվյալների պահպանության և տվյալների արխիվացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԸ, ՌԵԳԻՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ
Հոդված 5. | Բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտը |
1. Բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտ են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված քաղաքացին.
2) օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որին տրվել է Հայաստանի Հանրապետությունում կացության որևէ կարգավիճակ կամ օրինական որևէ այլ հիմքով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք.
3) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը.
4) ապաստան հայցողը, որին տրվել է ապաստան հայցողի անձը հաստատող վկայական.
5) քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձինք.
6) անձը, որը ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և որի ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ հանդիսանում են սույն մասի 2-5-րդ կետերում նշված անձ.
7) հանրային ծառայությունների համարանիշ ստացած այլ անձինք:
Հոդված 6. | Բնակչության պետական ռեգիստրը և դրա կառուցվածքը |
1. Բնակչության պետական ռեգիստրում հավաքագրվող տվյալները հիմնարար տվյալներ են: Արգելվում է բնակչության պետական ռեգիստրում հավաքագրվող տվյալների հավաքագրման և մշակման համար առանձին տվյալների շտեմարանների ստեղծումը: Արգելվում է այլ շտեմարանների օգտագործումը որպես բնակչության պետական ռեգիստրում պարունակվող տվյալների սկզբնաղբյուր:
2. Բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքը, կառուցվածքին վերաբերող տեխնիկական պահանջները, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստր տվյալների մուտքագրման, տվյալների թարմացման, տեղեկությունների պահպանման ու պաշտպանության, ինչպես նաև տվյալների մուտքագրման մերժման և այդ մասին տվյալը ներկայացնող մարմնին ծանուցելու կարգը սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:
3. Բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինները պարտավոր են ապահովել իրենց կողմից ներկայացվող տեղեկությունների ճշգրտությունն ու արդիականությունը:
Հոդված 7. | Բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմը և բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված լրացուցիչ տեղեկությունները |
1. Բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմը բաղկացած է հետևյալ տվյալներից.
1) անձնական.
2) բնակության վերաբերյալ.
3) իրավական կարգավիճակի վերաբերյալ.
4) ազգության վերաբերյալ.
5) անձանց իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության սահմանման վերաբերյալ:
2. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է նաև այլ տվյալների շտեմարանների հետ, որի միջոցով տվյալ շտեմարաններից ստանում է հետևյալ լրացուցիչ տեղեկությունները.
1) անձի՝ զինվորական հաշվառման վերցված լինելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված լինելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած լինելու, պահեստազորում հաշվառված լինելու, օրենքով սահմանված կարգով բժշկական վերափորձաքննության ենթակա լինելու և պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ենթակա լինելու վերաբերյալ.
2) պետական սահմանի հատման վերաբերյալ.
3) անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ.
4) անձի կենսաչափական տվյալների վերաբերյալ.
5) բնակչության պետական ռեգիստր ներկայացվող տվյալները հաստատող փաստաթղթերի վերաբերյալ.
6) Կառավարության որոշմամբ սահմանված դեպքում՝ այլ տվյալների վերաբերյալ:
Հոդված 8. | Անձնական տվյալները |
1. Բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ հետևյալ անձնական տվյալները.
1) անունը, ազգանունը (առկայության դեպքում), հայրանունը (առկայության դեպքում).
2) սեռը.
3) ծննդյան տվյալները, ներառյալ ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
4) հանրային ծառայությունների համարանիշը.
5) ծնող(ներ)ի հանրային ծառայությունների համարանիշ(ներ)ը (առկայության դեպքում):
Հոդված 9. | Բնակության վերաբերյալ տվյալները |
1. Բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ հետևյալ բնակության տվյալները.
1) հիմնական հասցե.
2) ոչ հիմնական հասցե:
Հոդված 10. | Իրավական կարգավիճակի և ազգության վերաբերյալ տվյալները |
1. Բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ քաղաքացիության, իսկ մի քանի քաղաքացիություն ունենալու դեպքում՝ բոլոր քաղաքացիությունները, ազգության վերաբերյալ տվյալները՝ առկայության դեպքում, ինչպես նաև կացության վերաբերյալ տվյալները:
Հոդված 11. | Անձանց իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի վերաբերյալ տվյալները |
1. Բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի վերաբերյալ հետևյալ տվյալները.
1) հայրության ճանաչում.
2) որդեգրում.
3) ամուսնություն.
4) ամուսնալուծություն.
5) անվան փոփոխություն.
6) մահ.
7) խնամակալության սահմանում.
8) հոգաբարձության սահմանում.
9) դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելու և պատիժը կրելու վերաբերյալ տեղեկատվություն.
10) դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի կրումը ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն:
Հոդված 12. | Բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված լրացուցիչ տվյալները |
1. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է պաշտպանության բնագավառի Կառավարության լիազոր մարմնի տվյալների շտեմարանի հետ, որի միջոցով տեղեկություններ է ստանում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի՝
1) զինվորական հաշվառման վերցված լինելու վերաբերյալ.
2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված լինելու վերաբերյալ.
3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած լինելու վերաբերյալ.
4) պահեստազորում հաշվառված լինելու վերաբերյալ.
5) օրենքով սահմանված կարգով բժշկական վերափորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ.
6) պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ենթակա լինելու վերաբերյալ:
2. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի հետ, որի միջոցով տեղեկություններ է ստանում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի՝ պետական սահմանի հատման վերաբերյալ:
3. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է անձը հաստատող փաստաթղթերի տվյալների շտեմարանի հետ, որի միջոցով տեղեկություններ է ստանում բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի անձը հաստատող փաստաթղթի տեսակի, համարի, տալու տարվա, ամսվա, ամսաթվի, վավերության ժամկետի և տրամադրող մարմնի վերաբերյալ:
4. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է անձի կենսաչափական տվյալները պարունակող շտեմարանի հետ, որի միջոցով տեղեկություններ է ստանում բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի կենսաչափական տվյալների վերաբերյալ:
5. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է բնակչության պետական ռեգիստր ներկայացվող տվյալները հաստատող փաստաթղթերի գրանցամատյանի հետ:
6. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապվում է նաև Կառավարության որոշմամբ սահմանված այլ տվյալների շտեմարանների հետ:
7. Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված՝ սույն հոդվածով նախատեսված՝ այլ տվյալների շտեմարաններում բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունների որոնումն իրականացվում է սուբյեկտի հանրային ծառայությունների համարանիշի փնտրման միջոցով:
8. Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 13. | Հանրային ծառայությունների համարանիշը |
1. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված յուրաքանչյուր անձ պետք է ունենա հանրային ծառայությունների համարանիշ: Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստր անձի անձնական տվյալների կամ դրանց մի մասի մուտքագրման արդյունքով:
2. Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է և ենթակա չէ փոփոխման:
3. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տրված ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում:
4. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով իրենց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս տվյալների շտեմարաններում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված մարմիններն իրենց գործառույթներով պայմանավորված ծառայություններ մատուցելիս բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտին ծառայությունը մատուցում են հանրային ծառայությունների համարանիշով վերջինիս նույնականացնելու դեպքում: Ընդ որում, բնակչության պետական ռեգիստրում վերջինիս վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում մերժում են ծառայության տրամադրումը և անձին ուղղորդում են միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմին՝ միաժամանակ այդ մասին հայտնելով միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնին:
6. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրումն իրականացնում է արտահերթ՝ ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով և սեղմ ժամկետներում:
7. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`
1) աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.
2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ.
3) բանկային հաշիվ բացելու ժամանակ.
4) պետական աջակցության ծրագրերից օգտվելու ժամանակ.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.
6) օրենքով կամ Կառավարության որոշմամբ նախատեսված այլ դեպքերում:
8. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորվում է հետևյալ կերպ.
1) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է անձի ծննդյան ամիսը, ամսաթիվն ու սեռը և կարող է լինել`
ա. 11-41 (11` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` արական սեռի համար,
բ. 51-81 (51` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` իգական սեռի համար.
2) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ և 4-րդ նիշեր) արտացոլում է անձի ծննդյան ամիսը, ամսաթիվն ու դարը և կարող է լինել`
ա. 01-12 (01` հունվարին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 14),
բ. 21-32 (21` հունվարին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 34).
3) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ և 6-րդ նիշեր) արտացոլում է անձի ծննդյան տարեթիվը և կարող է լինել 00-99.
4) թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ և 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի քաղաքացիների` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը և կարող է լինել 001-999.
5) վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը:
9. Հանրային ծառայությունների համարանիշին բնակչության պետական ռեգիստրում կարող է տրվել ակտիվ կամ պասիվ կարգավիճակ:
10. Բնակչության պետական ռեգիստրում ակտիվ կարգավիճակ ունեցող հանրային ծառայությունների համարանիշների հիման վրա ձևավորվում է բնակչության հիմնական կազմը:
11. Հանրային ծառայությունների համարանիշին ակտիվ կամ պասիվ կարգավիճակ տրամադրելու կարգը և պահանջները սահմանում է Կառավարությունը:
12. Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցումն իրականացվում է միայն հանրային ծառայությունների համարանիշի ակտիվ կարգավիճակ ունենալու պարագայում:
Գ Լ ՈՒ Խ 3
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 14. | Բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինները |
1. Բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմիններն են՝
1) բժշկական կազմակերպությունները՝ ծննդի ընդունման կամ ծննդի ժամանակ բժշկական օգնություն ցույց տալու դեպքերի, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում տեղի ունեցող մահվան դեպքերի մասով.
2) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինը՝ ծննդի, մահվան, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, անվան փոփոխման դեպքերի պետական գրանցման մասով.
3) խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվելու դեպքերի մասով.
4) դիվանագիտական ծառայության մարմինները՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով, ինչպես նաև սույն մասի 1-3-րդ կետերով նախատեսված այն դեպքերի մասով, որոնք տեղի են ունենում օտարերկրյա պետություններում.
5) դատական դեպարտամենտը՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքերի մասով.
6) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը՝ դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձանց մասով.
7) բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմում ներառված և սույն մասի 1-6-րդ կետերում չնշված տեղեկությունների մասով տվյալներ ներկայացնող մարմին է հանդիսանում նաև միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը:
Հոդված 15. | Բժշկական կազմակերպությունները |
1. Բժշկական կազմակերպությունները ծննդի ընդունման կամ ծննդի ժամանակ բժշկական օգնություն ցույց տալու դեպքում պարտավոր են մինչև ծննդյան օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը բնակչության պետական ռեգիստր մուտքագրել անձի ծննդյան վերաբերյալ հետևյալ տվյալները.
1) ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) սեռը.
3) ծնող(ներ)ի հանրային ծառայությունների համարանիշները (առկայության դեպքում), իսկ օտարերկրացի ծնողների դեպքում՝ ծնողների անունը, ազգանունը, ազգությունը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները: Ընդ որում, ծնող(ներ)ի՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու դեպքում բժշկական կազմակերպությունը լրացնում է ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները և նշում է կատարում հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ:
2. Բժշկական կազմակերպությունները բժշկական կազմակերպությունում անձի մահվան դեպքում պարտավոր են մինչև մահվան օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը բնակչության պետական ռեգիստրում՝ մահացած անձի հանրային ծառայությունների համարանիշի փնտրման միջոցով նշում կատարել անձի մահվան վերաբերյալ՝ մուտքագրելով մահվան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը:
3. Բժշկական կազմակերպությունների կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվելուց հետո որոշվում է անձի կարգավիճակը և ձևավորվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը, որի մասին բժշկական կազմակերպությունը տեղեկացնում է անձի ծնողին կամ օրինական ներկայացուցչին: Հանրային ծառայությունների համարանիշը հիմք է հանդիսանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից անձի ծննդյան վկայականը ծնողին կամ օրինական ներկայացուցչին տրամադրելու համար:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տվյալները բնակչության պետական ռեգիստր ներկայացնող բժշկական կազմակերպությունների ցանկը միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնին տրամադրում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տվյալները բժշկական կազմակերպությունների կողմից բնակչության պետական ռեգիստր ներկայացնելու կարգը և պահանջները սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:
Հոդված 16. | Քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինը |
1. Քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինը բնակչության պետական ռեգիստրում իրականացնում է անձի ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, անվան փոփոխման դեպքերի պետական գրանցում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով:
Հոդված 17. | Խնամակալության և հոգաբարձության մարմինները |
1. Խնամակալության և հոգաբարձության մարմինն անձի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան տվյալը մուտքագրում է բնակչության պետական ռեգիստր:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը բնակչության պետական ռեգիստր մուտքագրում է հետևյալ տվյալները.
1) այն անձի հանրային ծառայությունների համարանիշը, որի նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն.
2) խնամակալի կամ հոգաբարձուի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
3) խնամակալության կամ հոգաբարձության սահմանման տարին, ամիսը, ամսաթիվը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից բնակչության պետական ռեգիստրում գրանցելու կարգը և պահանջները սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:
Հոդված 18. | Դիվանագիտական ծառայության մարմինները |
1. Դիվանագիտական ծառայության մարմինները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով համապատասխան տվյալը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում են բնակչության պետական ռեգիստր:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դիվանագիտական ծառայության մարմինը անձի որոնումը բնակչության պետական ռեգիստրում իրականացնում է հանրային ծառայությունների համարանիշի որոնման միջոցով:
3. Դիվանագիտական ծառայության մարմինները բնակչության պետական ռեգիստր մուտքագրում են նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը այն դեպքերի մասով, որոնք տեղի են ունենում օտարերկրյա պետություններում: Նշված տեղեկատվության մուտքագրումը բնակչության պետական ռեգիստր տեղի է ունենում սույն գլխով բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մյուս մարմինների համար սահմանված նույն կարգով:
Հոդված 19. | Դատական դեպարտամենտը |
1. Դատական դեպարտամենտն օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը մուտքագրում է բնակչության պետական ռեգիստր:
2. Դատական դեպարտամենտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում բնակչության պետական ռեգիստրում անձի որոնումն իրականացնում է հանրային ծառայությունների համարանիշի որոնման միջոցով և բնակչության պետական ռեգիստրում նշում է կատարում անձի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված լինելու և վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելու տարվա, ամսվա, ամսաթվի վերաբերյալ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը դատական դեպարտամենտի կողմից բնակչության պետական ռեգիստրում գրանցելու կարգը և պահանջները սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:
Հոդված 20. | Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը |
1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձանց, ինչպես նաև նշված անձանց՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի կրումը ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը քրեակատարողական մարմնին հայտնի դառնալու նույն օրը մուտքագրում է բնակչության պետական ռեգիստր:
2. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը մուտքագրելու նպատակով բնակչության պետական ռեգիստրում անձի որոնումն իրականացնում է հանրային ծառայությունների համարանիշի որոնման միջոցով և բնակչության պետական ռեգիստրում նշում է կատարում անձի՝ դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելու և պատիժը կրելու կամ նշված անձանց՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի կրումը ավարտելու վերաբերյալ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից բնակչության պետական ռեգիստրում գրանցելու կարգը և պահանջները սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:
Հոդված 21. | Միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը |
1. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը բնակչության պետական ռեգիստր մուտքագրում է սույն օրենքով բնակչության պետական ռեգիստրի կազմի այն տվյալները, որոնք ենթակա չեն մուտքագրման բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող այլ մարմինների կողմից և բխում են միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի լիազորություններից:
2. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրում է ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ անձանց դիմումի հիման վրա:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրելու կարգը և պահանջները սահմանում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 22. | Միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի խնդիրներն ու լիազորությունները |
1. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի խնդիրներն են՝
1) բնակչության պետական ռեգիստրի ստեղծման, ներդրման և կառավարման կազմակերպումը.
2) բնակչության պետական ռեգիստրի անվտանգության և օրինականության ապահովումը.
3) բնակչության պետական ռեգիստրի զարգացման և կատարելագործման ապահովումը.
4) բնակչության պետական ռեգիստրի տվյալների թարմացման, տեխնիկական սպասարկման և անվտանգության ապահովումը:
2. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի լիազորություններն են՝
1) բնակչության պետական ռեգիստրի կառավարումը.
2) բնակչության պետական ռեգիստրի ներդրման, տվյալների մշակման, բնակչության պետական ռեգիստրի թարմացման, տեխնիկական սպասարկման և անվտանգության ապահովման աշխատանքները օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի լիազորելը.
3) բնակչության պետական ռեգիստրի կենտրոնացված տեխնոլոգիական միջավայրի ստեղծումն ու կառավարումը՝ օրենքով կամ տվյալների շտեմարանի կանոնակարգով նախատեսված դեպքերում ապահովելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների սեփական կամ պատվիրակված լիազորությունների իրականացման համար բնակչության պետական ռեգիստրի օգտագործումը.
4) բնակչության պետական ռեգիստրի վարումը.
5) բնակչության հաշվառման իրականացումը.
6) անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը.
7) հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումը.
8) սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ մոնիտորինգի իրականացումը և իրավասու մարմինների կողմից բնակչության պետական ռեգիստր պարտադիր մուտքագրման ենթակա տվյալների չմուտքագրման կամ թերի կամ սխալ մուտքագրման դեպքերը հայտնաբերելու դեպքում իրավասու մարմիններին տվյալները մուտքագրելու մասով ուղղորդումների ներկայացումը.
9) սույն օրենքով կամ այլ օրենքներով միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի իրավասությանը վերապահված այլ գործառույթների իրականացումը:
3. Խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս անձնական տվյալներն օգտագործվում կամ տրամադրվում են՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջները:
4. Բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինների կողմից տվյալների ներկայացման աշխատանքների իրականացման շրջանակներում միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի լիազորություններն են՝
1) տվյալներ ներկայացնող մարմինների աշխատանքի մոնիտորինգը.
2) տվյալներ ներկայացնող մարմինների աշխատանքի հետ կապված խնդիրների լուծումը.
3) տվյալներ ներկայացնող մարմիններին խորհրդատվական բնույթի ցուցումների կամ պարզաբանումների կամ օգնության տրամադրումը:
Գ Լ ՈՒ Խ 5
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. | Բնակչության պետական ռեգիստրի տեղեկություններին հասանելիության ապահովման եղանակները |
1. Բնակչության պետական ռեգիստրի տեղեկություններին հասանելիությունն ապահովում է ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմինը հետևյալ եղանակներով.
1) բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից իր վերաբերյալ տեղեկությունների հարցմանը, իսկ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի կամ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու դեպքում՝ նաև այլ սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունների հարցմանը պատասխանելու միջոցով.
2) բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտին բնակչության պետական ռեգիստրում իր մասին առկա տեղեկություններին թվային ձևաչափով հասանելիություն տրամադրելու միջոցով: Սույն կետում նշված դեպքում տեղեկություններին հասանելիությունն ապահովվում է տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով Կառավարության սահմանած կարգով.
3) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման համար բնակչության պետական ռեգիստրում առկա այն տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու միջոցով, որը բխում է տեղեկատվություն հայցող մարմնի օրենսդրությամբ վերապահված լիազորություններից: Տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մուտքի տեղեկատվական հարթակում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտը մուտքագրում է իր հիմնական և ոչ հիմնական հասցեները, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն:
3. Հիմնական հասցեն մուտքագրելը պարտադիր է: Հիմնական հասցեն անձի մշտական բնակության վայրն է: Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է այդ մասին նշել տեղեկատվական մուտքի հարթակում: Անձը կարող է հաշվառվել միայն մեկ հիմնական հասցեում: Անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից: Հիմնական հասցեն հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելու և ընտրողների ցուցակը կազմելու համար:
4. Բնակչության հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Ոչ հիմնական հասցեն օգտագործվում է պաշտոնական ծանուցումների ստացման համար: Ոչ հիմնական և հիմնական հասցեները կարող են համընկնել: Անձը ցանկացած ժամանակ կարող է փոփոխել իր ոչ հիմնական հասցեն:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մուտքի տեղեկատվական հարթակում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից իր էլեկտրոնային փոստի հասցեն մուտքագրելուց հետո համակարգը հնարավորություն է տալիս բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտին նշում կատարելու պաշտոնական ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու համաձայնություն տալու մասին: Սույն մասով նախատեսված համաձայնությունը տալու դեպքում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցումները համարվում են պատշաճ ծանուցում, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:
7. Բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվության հասանելիության տեխնիկական, անվտանգության պահանջները, տեղեկատվությանը հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, վերջիններիս համար բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվության հասանելիության ծավալները և տեղեկատվության հասանելիության կարգը սահմանվում են Կառավարության կողմից՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի սկզբունքներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 6
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 24. | Բնակչության պետական ռեգիստրի պահպանումը և ֆինանսավորումը |
1. Բնակչության պետական ռեգիստրի պահպանումն իրականացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը՝ ապահովելով բնակչության պետական ռեգիստրի տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը և արդիականությունը:
2. Բնակչության պետական ռեգիստրի վարման և պահպանման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
3. Բնակչության պետական ռեգիստրի վարման և պահպանման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեով՝ համապատասխան ֆինանսական տարվա համար:
Գ Լ ՈՒ Խ 7
ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
Հոդված 25. | Սույն օրենքի կատարման նկատմամբ մոնիտորինգը |
1. Սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգն իրականացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը:
2. Սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման շրջանակներում բնակչության պետական ռեգիստրի միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը՝
1) իրականացնում է պարբերական ուսումնասիրություններ բնակչության պետական ռեգիստր տվյալների մուտքագրման, տեղեկությունների թարմացման, պահպանման ու պաշտպանության գործընթացների նկատմամբ.
2) ապահովում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների անվտանգությունը՝ պաշտպանելով դրանք չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից և ոչնչացումից.
3) ուսումնասիրում է բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինների աշխատանքը՝ ապահովելու համար տվյալների ներկայացման ձևաչափին վերաբերող պահանջների պահպանվածությունը.
4) ապահովում է տվյալների սուբյեկտների վերաբերյալ տվյալների ուղղումը, հեռացումը և դրանց հասանելիության սահմանափակումը, եթե առկա է տվյալներին հասանելիության չարտոնված դեպք.
5) ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմին պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ բնակչության պետական ռեգիստրի գործունեության վերաբերյալ, ներառյալ տվյալների մուտքագրման, թարմացման և անվտանգության վերաբերյալ տեղեկությունները.
6) ապահովում է աուդիտի իրականացումը՝ բացահայտելու համար համակարգի խնդիրները և ապահովելու դրանց վերացումը.
7) հայտնաբերում է բնակչության պետական ռեգիստրի գործունեության հետ կապված խախտումները և տվյալներ ներկայացնող մարմիններ առաջարկներ է ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ.
8) հետևում է բնակչության պետական ռեգիստրի և այլ տվյալների շտեմարանների միջև տվյալների փոխանակման գործընթացների պատշաճ իրականացմանը՝ ապահովելով դրանց օրինականությունն ու անվտանգությունը.
9) ապահովում է բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինների համար սույն օրենքով նախատեսված գործառույթների իրականացման հետ կապված վերապատրաստումների կազմակերպումն ու իրականացումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մոնիտորինգի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 26. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 1-ը: Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանը գործարկվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-288-Ն օրենքները:
3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի:
4. Բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքին վերաբերող տեխնիկական պահանջները, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստր տվյալների մուտքագրման, տվյալների թարմացման, տեղեկությունների պահպանման ու պաշտպանության, տեղեկատվության հասանելիության տեխնիկական, անվտանգության պահանջները և կարգը սահմանող տվյալների շտեմարանի կանոնակարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-233-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական:
