ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագրում և առաջին պարբերությունում «ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության» բառերը փոխարինել «ոլորտի, մթնոլորտային օդի պահպանության ու ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների» բառերով։
Հոդված 2․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 87․7-րդ և 87․8-րդ հոդվածներով․
| «Հոդված 87․7․ | Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը կամ առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը |
1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով։
2. Առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։
| Հոդված 87․8․ | Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում կեղծ տվյալներ ներառելը |
1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում կեղծ տվյալներ ներառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։»։
Հոդված 3․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 201.6-րդ և 201.7-րդ հոդվածներով․
| «Հոդված 201.6․ | Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառման նպատակով «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալներ չտրամադրելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը կամ ժամկետի խախտմամբ տվյալներ տրամադրելը |
1. Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառման նպատակով «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալներ չտրամադրելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը կամ ժամկետի խախտմամբ տվյալներ տրամադրելը՝
առաջացնում է նախազգուշացում։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումները նախազգուշացումից մեկ ամիս հետո չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
| Հոդված 201.7․ | Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից «Կլիմայի մասին» օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված որակի վավերացման (վալիդացման) կամ որակի ստուգման (վերիֆիկացման) գործունեության իրականացումը առանց հավատարմագրման |
1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից «Կլիմայի մասին» օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված որակի վավերացման (վալիդացման) կամ որակի ստուգման (վերիֆիկացման) գործունեության իրականացումը առանց հավատարմագրման՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։»։
Հոդված 4․ Օրենսգրքի 242-րդ հոդվածում «201.1-201.5-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «201.1-201.7-րդ հոդվածներով» բառերով։
Հոդված 5․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-19-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական: