ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2021 թվականի N 987-Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
|
Երևան |
|
17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
1. Գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է հետևյալ դեպքերում՝
1) հատուկ պահպանվող և անտառային նշանակության տարածքների ստեղծման.
2) գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի (ճահճացած, գերխոնավացած, աղակալված, էրոզացված) հողամասերն անտառային, ջրային կամ պահուստային հողերի փոխադրման.
3) ճանապարհների, էլեկտրահաղորդման և կապի գծերի կամ ենթակայանների, գազաբաշխիչ կետերի, հենասյունների, գազատարների և այլ խողովակաշարերի, երկաթուղային գծերի, ցամաքուրդների և այլ նմանատիպ օբյեկտների (այսուհետ` գծային օբյեկտներ) կառուցման և սպասարկման.
4) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցապատման՝ ճանապարհի առանցքից մինչև 100 մ հեռավորությամբ, իսկ մարզային (տեղական) ճանապարհների դեպքում՝ 50 մ հեռավորությամբ.
5) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.
6) երկրի պաշտպանության և պետության անվտանգության օբյեկտների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության և պահպանման նպատակով ինժեներատեխնիկական կառույցների կառուցման և սպասարկման.
7) Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման.
8) ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման (օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության, լեռնահատկացման ակտի և ընդերքօգտագործման պայմանագրի առկայությամբ).
9) բնակելի տների և բնակելի շենքերի կառուցման և սպասարկման, ինչպես նաև կառուցված հասարակական նշանակության օբյեկտների ընդլայնման.
10) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների (ներառյալ գերեզմանատների) կառուցման և սպասարկման.
11) ջրամբարների, ոռոգման նպատակներով կառուցվող ջրավազանների, մաքրման կայանների, ջրօգտագործման թույլտվություն ստացած խորքային հորերի և պոմպակայանների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման ու սպասարկման.
12) Օրենքով սահմանված ժամկետներում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտեում հաշվառված ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման.
13) առողջապահական, կրթական, սպորտի և սոցիալական օբյեկտների կառուցման.
14) այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ գնահատման խմբերի հողամասերը՝ արդյունաբերական, արտադրական, էներգետիկ օբյեկտների, հասարակական նշանակության շինությունների, պահեստարանների կառուցման և սպասարկման.
15) հողամասերի նպատակային նշանակություններին առնչվող անճշտությունների ուղղման.
16) ազատ տնտեսական գոտիների ստեղծման, ընդլայնման և շահագործման.
17) արտափողոցային (ճոպանուղու, մոնոռելսի) հասարակական տրանսպորտի օբյեկտների կառուցման և սպասարկման.
18) տիեզերքի գործունեության բնագավառի օբյեկտների կառուցման.
19) օրենքով նախատեսված այլ դեպքերում։
(1-ին կետը լրաց., փոփ., խմբ. 12.03.26 N 282-Ն)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 12.03.26 N 282-Ն)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |
|
17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2021 թվական: