ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2025 թվականի N 1240-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ կետերով և N 1․1 աղյուսակով.
«3.2. Թույլատրել կառավարչին՝
1) օտարել ֆոնդի կողմից մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերը՝ օտարման գին սահմանելով մասնավոր բաժնեմասնակցային ընկերությունում ներդրված գումարի չափի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցնելով վճարված շահութաբաժինները։ Որպես տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափ (պարզ տոկոս) սահմանել 10.2720%` 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը.
2) մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը սույն հավելվածի N 1․1 աղյուսակում ընդգրկված ընկերություններին և այդ ընկերությունների մյուս բաժնետերերին (այսուհետ՝ մասնավոր գործընկերներ) ներկայացնել սույն հավելվածի 3.2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերին համապատասխան առաջարկներ՝ մինչև 2026 թվականի մարտի 31-ը ֆոնդին պատկանող բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ, ընդ որում՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը գրավոր համաձայնություն սույն հավելվածի 3.3-րդ ու 3.4-րդ կետերով նախատեսված՝ համապատասխանաբար բանկային երաշխիք ներկայացնելու կամ կանխավճար իրականացնելու պայմանով.
3) սույն հավելվածի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրավոր համաձայնությունը և 3.3-րդ և 3.4-րդ կետերով նախատեսված՝ համապատասխանաբար բանկային երաշխիքը կամ կանխավճարն ստանալու դեպքում մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը բաժնետերերի միջև կնքված բաժնետիրական համաձայնագրերում իրականացնել համապատասխան փոփոխություններ։
3.3. Պետությունը մասնավոր գործընկերներին կարող է տրամադրել բյուջետային վարկ սույն հավելվածի 3.2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված եկամտաբերությանը համարժեք տոկոսադրույքով, մինչև 10 (տասը) տարի մարման ժամկետով՝ բաժնետոմսերի օտարման գումարի և բյուջետային վարկի առաջին տարվա հաշվարկված տոկոսավճարների հանրագումարի չափով բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում։
3.4. Մասնավոր գործընկերները սույն հավելվածի 3.3-րդ կետով նախատեսված բյուջետային վարկից չօգտվելու դեպքում սույն հավելվածի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրավոր համաձայնությունը ներկայացնելու հետ մեկտեղ պետք է իրականացնեն ֆոնդի կողմից համապատասխան ընկերությունում ներդրված գումարի չափով կանխավճար, իսկ բաժնետոմսերի վաճառքի գնի մնացած մասը վճարեն մինչև պայմանագրի կնքումը՝ 2026 թվականի մարտի 31-ը։»։
«Աղյուսակ N 1․1
«ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
|
»: |
2. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում«ներդրումային ֆոնդում» բառերը փոխարինել «բացառությամբ ներդրումային ֆոնդերում» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված ներդրումային պայմանագրում և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխությունների կատարումն ու գրանցումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում․
2) մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության կողմից որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3.2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերին համապատասխան առաջարկների ներկայացումը մասնավոր գործընկերներին՝ համաձայն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի N 1.1 աղյուսակի։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3.3-րդ կետով նախատեսված բյուջետային վարկի տրամադրման պայմանագրի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
