ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 737-Ն
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 8-րդ և 15-րդ կետերը, 2-րդ մասը և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիր»-ը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում հաստատել կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևը.
2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2027 թվականի նոյեմբերի 10-ը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 737-Ն որոշման |
ԾՐԱԳԻՐ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիր»-ով (այսուհետ՝ ծրագիր) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» գրասենյակում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (այսուհետ՝ կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատերերին աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրության խթանմանը, արտադրության կառավարման համակարգերի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով.
1) արտադրությունում ներդրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման սխեմայի (մոդուլի) հետ կապված գործընթացների իրականացման համար կատարված ծախսերը, եթե շահառուն ստանում է ծրագրով նախատեսված սերտիֆիկատը.
2) Գլոբալ Գ․Ա.Փ․ (այսուհետ՝ Global G.A.P.), «հալալ», «օրգանական», «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկացման սխեմայի (մոդուլի) և ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ»-«ժբ» պարբերություններով սահմանված սերտիֆիկատների հետ կապված գործընթացների իրականացման համար կատարված ծախսերը, եթե շահառուն ստացել է ծրագրով նախատեսված սերտիֆիկատը:
3. Ծրագրի իմաստով կիրառվող հասկացություններն ունեն հավատարմագրման ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված հասկացությունների իմաստը՝
1) շահառու՝ պետական ռեգիստրում գրանցված և Հայաստանի Հանրապետությունում փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ, բացառությամբ դիմում-հայտը ներկայացնելու կամ նախորդող օրացուցային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների, որը՝
ա. դիմում-հայտի ներկայացման տարվա և նախորդող տարվա ընթացքում, իսկ իրավաբանական անձի տվյալ տարվա ընթացքում գրանցված լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա ընթացքում, հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացրած հարկ վճարող, ինչպես նաև ընթացիկ տարում պետական գրանցում (հաշվառում) ստացած կամ գործունեությունը վերսկսած տնտեսավարող,
բ. ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում իր նկատմամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ,
գ․ չի գտնվում սնանկության, լուծարման գործընթացում,
դ․ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող և ընթացիկ տարվա, իսկ իրավաբանական անձի տվյալ տարվա ընթացքում գրանցված լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա, ավարտված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ և շրջանառության հարկի հաշվարկներով գործունեության առնվազն 80%-ը ձևավորել և իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում ներառված գործունեություն (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» դասերում ներառված գործունեության).
2) սերտիֆիկատ՝
ա. Հավատարմագրման միջազգային ֆորումի («International Accreditation Forum», այսուհետ՝ IAF) Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից կամ Հայաստանի Հանրապետության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) կողմից հավատարմագրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից ISO 22000, FSSC 22000, ISO 9001 կամ ISO 14001 ստանդարտներից որևէ մեկին համապատասխան տրամադրած սերտիֆիկատ,
բ. Օրգանական հավատարմագրման միջազգային ծառայության («International Organic Accreditation Service»՝ «IOAS»), Հավատարմագրման միջազգային ֆորումի («International Accreditation Forum»-«IAF») Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի (EU) կողմից հավատարմագրված ԵՄ օրգանական /EU Regulation 2018/848/, կամ ԱՄՆ ՆՕՊ կողմից հավատարմագրված /USDA National Organic Program, 7 CFR 205/, կամ Ճապոնիայի անտառային, գյուղատնտեսության ու ձկնային տնտեսության կողմից հավատարմագրված Ճապոնիայի (Ճապոնիայի գյուղատնտեսական ստանդարտ-Japan Agricultural Standards (JAS) JAS օրգանական (Organic) ստանդարտին համապատասխանության գնահատման մարմնի օրգանական մակնշումները ու նշանները կիրառելու իրավունք ունեցող, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ու Շվեյցարիայի Դաշնության կողմից ճանաչված ու օրգանական մակնշումները ու նշանները կիրառելու իրավունք ունեցող արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատ, IAF-ի կամ IHAF-ի («Հալալ» հավատարմագրման միջազգային ֆորում- «International Halal Accreditation Forum») բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված «Global G.A.P.», «Հալալ» արտադրանքի սերտիֆիկատ,
գ․ «Ամֆորի» (Amfori) ձեռնարկությունների ասոցիացիայի կողմից տրված բիզնես-սոցիալական համապատասխանության ապահովման «BSCI» «Business Social Compliance Initiative»՝ սերտիֆիկատ,
դ․ SAI (Social Accountability International) կազմակերպության կողմից տրված՝ ընկերության աշխատանքային պայմանների, սոցիալական պատասխանատվության համապատասխանությանն ուղղված «Social Accountability 8000»՝ «SA8000» սերտիֆիկատ,
ե․ «Համաշխարհային պատասխանատու հավատարմագրված արտադրություն» ընկերության («WRAP»՝ («Worldwide Responsible Accredited Production») կողմից տրված արտադրության սոցիալական, էթիկական, բնապահպանական չափանիշների համապատասխանությունը հավաստող «WRAP» սերտիֆիկատ,
զ․ Մատակարարների էթիկական տվյալների փոխանակում («Supplier Ethical Data Exchange»՝ «SEDEX») կազմակերպության կողմից տրված արտադրանքի մատակարարման շղթայի թափանցիկությանն ու սոցիալական, էթիկական պայմանների համապատասխանությանն ուղղված «SEDEX» սերտիֆիկատ,
է․ OEKO-TEX® կազմակերպության կողմից տրված արտադրանքի՝ մարդու առողջության համար վնասակար նյութեր չպարունակելու հավաստումը փաստող OEKO-TEX Standard 100 սերտիֆիկատ,
ը․ տեքստիլ արտադրանքի օրգանական նյութերից պատրաստված լինելու դրանց արտադրության գործընթացների բարձրագույն էկոլոգիական և սոցիալական չափանիշներին համապատասխանության ապահովման GOTS (Global Organic Textile Standard) սերտիֆիկատ,
թ․ օգտագործվող բամբակի համապատասխանությունը հավաստող BCI (Better Cotton Initiative) սերտիֆիկատ,
ժ․ Fairtrade International-ի կողմից տրվող տեքստիլ արտադրանքի ողջ արտադրական գործընթացի՝ սկսած հումքից մինչև պատրաստի արտադրանքի համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատ (այն անցնում է անկախ ստուգումներ և աուդիտներ, որոնք երաշխավորում են, որ այն ստեղծվել է սոցիալապես արդար և շրջակա միջավայրի համար պատասխանատու եղանակով),
ժա․ արտադրանքի բարձր էկոլոգիական չափանիշներին համապատասխանությունը հավաստող EU Ecolabel սերտիֆիկատ,
ժբ․ արտադրանքի կամ ծառայության բարձրագույն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական չափանիշներին համապատասխանությունը հավաստող Cradle to Cradle (C2C) սերտիֆիկատ.
3) սերտիֆիկացման ծախս` ըստ սերտիֆիկատի` սույն կետի 2-րդ ենթակետի «ա»-«ժբ» պարբերություններում նշված սերտիֆիկացման մարմնի կողմից այդ պարբերություններում նշված սերտիֆիկատի տրամադրման համար այդ մարմիններին վճարվող գումարը (վճարումները հավաստող փաստաթղթերին համաձայն):
4. Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված պահանջը բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում հարկատուի կողմից միջոցառման պայմաններով սահմանված ժամանակահատվածների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի կամ շրջանառության հարկի հարկային հաշվարկները։
3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Ծրագրով նախատեսվում է մասնակի փոխհատուցել շահառուի կողմից սերտիֆիկացման համար կատարված ծախսը՝ ծրագրի 6-րդ կետով նախատեսված չափերով, որը չի ներառում տրամադրված սերտիֆիկատի յուրաքանչյուր տարվա համապատասխանության հսկողության համար իրականացվող ծախսը:
6. Ծրագրի 5-րդ կետով նախատեսված սերտիֆիկացման ծախսերը մասնակի փոխհատուցվում են հետևյալ չափերով՝
1) ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 000 000 (մեկ միլիոն) դրամ.
2) ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.
3) «Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.
4) Ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ»-«ժբ» պարբերություններով սահմանված սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ։
7. Շահառուն իր ընտրությամբ կարող է դիմել միայն սերտիֆիկացման ծախսի հատուցման համար, որի դեպքում սերտիֆիկացման ծախսը հատուցվում է ծրագրի 6-րդ կետով սերտիֆիկացման ծախսերի մասնակի փոխհատուցման համար սահմանված չափով:
4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. Աջակցությունը տրամադրվում է, եթե՝
1) շահառուն բավարարում է ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանները.
2) շահառուն սերտիֆիկատի ստացման համար սերտիֆիկացնող մարմին է դիմել ծրագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից սկսած (մինչև ծրագրի ուժի մեջ մտնելը շահառուի կողմից կատարված ծախսերը չեն փոխհատուցվում)։
9. Ծրագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում աջակցություն ստանալու նպատակով շահառուն էլեկտրոնային եղանակով (secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին) պետք է լիազոր մարմնին ներկայացնի դիմում-հայտ՝ համաձայն N 1 ձևի, որում պետք է նշվի՝
1) շահառուի՝ պետական ռեգիստրում գրանցված կազմակերպության գրանցման համարի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարի պատճենը.
2) շահառուի կողմից տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնությունը ծրագրի շրջանակներում շահառուի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմնին տրամադրելու համար.
3) ծրագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված սերտիֆիկատը և դրա պատճենը.
4) ծրագրով նախատեսված սերտիֆիկացման ծախսը հիմնավորող փաստաթղթերը.
5) շահառուի բանկային հաշվեհամարը և շահառուի կողմից սերտիֆիկացման ծախսի վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը.
6) շահառուի գրավոր համաձայնությունը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցվող ամբողջ գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի՝
ա․ այն ստանալու համար շահառուն տրամադրել է ոչ ամբողջական, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկատվություն, որոնց դեպքում շահառուն կենթարկվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության,
բ․ այն ստանալուց հետո ծրագրի գործողության ընթացքում վերջինիս նկատմամբ հարուցվող հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակներում ընդունվել է հարկային պարտավորությունների գանձման որոշում։
10. Շահառուի կողմից հայտը պետք է ներկայացվի ծրագրի 6-րդ կետով նախատեսված սերտիֆիկատներից որևէ մեկը ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում։
11. Ծրագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում աջակցություն ստանալու նպատակով շահառուն պետք է լիազոր մարմին ներկայացնի`
1) դիմում-հայտ՝ համաձայն N 2 ձևի.
2) շահառուի՝ պետական ռեգիստրում գրանցված կազմակերպության գրանցման համարի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարի պատճենը.
3) շահառուի և համապատասխանության գնահատման մարմնի (սերտիֆիկացման մարմնի) միջև կնքված համապատասխանության գնահատման ծառայության մատուցման պայմանագիրը.
4) համապատասխանության գնահատման մարմնի կողմից շահառուին ներկայացված հաշվարկային փաստաթուղթը (հարկային հաշիվը և այլն).
5) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմանագրի հիման վրա իրականացված համապատասխանության գնահատման ծառայության մատուցման համար կատարված վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը.
6) ծրագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սերտիֆիկատը.
7) շահառուի բանկային հաշվեհամարը.
8) շահառուի կողմից տրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնությունը` ծրագրի շրջանակներում շահառուի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմնին տրամադրելու մասով.
9) շահառուի գրավոր համաձայնությունը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցվող ամբողջ գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի՝
ա․ այն ստանալու համար շահառուն տրամադրել է ոչ ամբողջական, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկատվություն, որոնց դեպքում շահառուն կենթարկվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության,
բ․ այն ստանալուց հետո ծրագրի գործողության ընթացքում վերջինիս նկատմամբ հարուցվող հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակներում ընդունվել է հարկային պարտավորությունների գանձման որոշում։
12. Դիմում-հայտում կամ դրան կից փաստաթղթերում թերությունների առկայության կամ ներկայացված տեղեկության ոչ ամբողջական լինելու դեպքում լիազոր մարմինը դիմում-հայտը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին էլեկտրոնային եղանակով (դիմում-հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին) ծանուցում է այդ մասին՝ առաջարկելով վերացնել թերությունները, ներկայացնել ծրագրի շրջանակներում պահանջվող ամբողջական տեղեկատվություն կամ ներկայացնել նոր դիմում-հայտ:
13. Շահառուին ծանուցելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն վերացնում է թերությունները և լիազոր մարմնին է ներկայացնում դիմում-հայտի և դրան կից փաստաթղթերի ուղղված տարբերակները կամ ներկայացնում է ծրագրի շրջանակներում պահանջվող ամբողջական տեղեկատվություն։
14. Շահառուն լիազոր մարմնին կարող է ներկայացնել նոր դիմում-հայտ՝
1) եթե ծրագրի 13-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան տեղեկատվություն չի ներկայացրել․
2) եթե շահառուն լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթավորված հիմնավորումներ առ այն, որ թերությունների շտկումը պայմանավորված է երրորդ անձանց կամ պետական մարմնի գործողությունների և դրանց տևողության ժամկետի հետ։
15. Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից լիազոր մարմնի secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին սահմանված կարգով ներկայացված դիմում-հայտի և կից փաստաթղթերի հիման վրա։
16. Հայտատուի ներկայացրած դիմում-հայտում և դրան կից փաստաթղթերում թերություններ չհայտնաբերվելու դեպքում լիազոր մարմինը հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` հայտատուի հարկման համակարգերի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ չունենալու, ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների գանձման որոշման բացակայության, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Հարցումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացվում պահանջվող տեղեկատվությունը:
17. Ծրագրի 16-րդ կետում նշված հարցումների պատասխանը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմում-հայտը հաստատվում կամ մերժվում է:
18. Դիմում-հայտը մերժվում է, եթե`
1) դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները կամ տվյալները կեղծ են կամ ճշգրիտ չեն կամ չեն համապատասխանում ծրագրի պահանջներին.
2) խախտվել են ծրագրի 10-րդ կամ 13-րդ կետերով սահմանված ժամկետները կամ 14-րդ կետով սահմանված պահանջները.
3) օժանդակություն ստանալու նպատակով դիմում-հայտը լիազոր մարմնին ներկայացնելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում դիմողի նկատմամբ առկա է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում կամ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ.
4) ծրագրի 19-րդ կետով սահմանված մշտադիտարկման արդյունքները բացասական են:
19. Ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով ծրագրի մշտադիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված ծրագրի մշտադիտարկման ժամանակացույցին և սահմանված պահանջներին համապատասխան։
20. Եթե տնտեսավարողը բավարարում է ծրագրով սահմանված պահանջներին և ծրագրի 19-րդ կետով սահմանված մշտադիտարկման դրական արդյունքներն ամփոփելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի և տնտեսավարողի միջև կնքվում է «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության տրամադրման մասին» պայմանագիր՝ լիազոր մարմնի կողմից հաստատված ձևին համապատասխան:
21. Հիմք ընդունելով ծրագրի 20-րդ կետով սահմանված մշտադիտարկման դրական արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը՝ աջակցության գումարը փոխանցվում է շահառուի դիմում-հայտում նշված բանկային հաշվին` նույն կետով նախատեսված պայմանագրի կնքման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
22. Շահառուին ծրագրի շրջանակներում աջակցության ֆինանսավորում կտրամադրվի տվյալ տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ ծրագրի ներառման օրվան հաջորդող 60 աշխատանքային օրվա ընթացքում։
5. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
23. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է ծրագրի 22-րդ կետով սահմանված ժամանակահատվածից մինչև 2027 թվականի նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ստացված դիմում-հայտերի համար։
Ձև N 1
----------------------------------------------------ից
Դիմողի տվյալները/անուն,ազգանուն,հայրանուն,
էլեկտրոնային փոստի հասցեն/
ՀՎՀՀ` ------------------------------
-------------------------------------------------------------------
--------
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը
---------------------------------------------------------------
Իրավաբանական հասցեն/Գտնվելու վայրը/
20 թվականի __________________
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ
Սույն դիմում-հայտով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի N -Ն որոշմամբ հաստատված «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագրի» շրջանակներում սերտիֆիկատի ստացման աջակցություն:
Աջակցությունը խնդրում եմ տրամադրել`
_______________________________________________________________________________
(ստանդարտի նշագիրը և անվանումը)
_______________________________________________________________________________
Հայտարարում եմ, որ համապատասխանում եմ ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին:
Պարտավորվում եմ կրելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն և 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու աջակցության ամբողջ գումարը՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի՝
● այն ստանալու համար իմ կողմից տրամադրվել է ոչ ամբողջական, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկատվություն, որի համար պատրաստ եմ կրելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը.
● այն ստանալուց հետո ծրագրի գործողության ընթացքում իմ նկատմամբ հարուցվող հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակներում ընդունվել է հարկային պարտավորությունների գանձման որոշում։
Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որ լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանա ----------------- (նշել կազմակերպության անվանումը) կազմակերպության հարկման համակարգերի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների գանձման որոշման բացակայության, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերա- բերյալ տեղեկատվությունը:
Կից ներկայացնում եմ`
(կցվում են ծրագրի 9-րդ կետով նշված փաստաթղթերը):
Դիմող` ------------------------------
Ձև N 2
---------------------------------------------------------------------ից
Դիմողի տվյալները/անուն,ազգանուն,հայրանուն,
էլեկտրոնային փոստի հասցեն/
ՀՎՀՀ` ------------------------------
----------------------------------------------------
--------
Կազմակերպության անվանումը
կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը
---------------------------------------------------------------
Իրավաբանական հասցեն/Գտնվելու վայրը/
20_ թվականի ________________
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ
Սույն դիմում-հայտով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի N -Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն:
Աջակցությունը խնդրում եմ տրամադրել`
____________________________________________________________________________
__________________________________________________ համապատասխանության գնահատման ծառայության («Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական», ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ.»-«ժբ.» պարբերություններով սահմանված սերտիֆիկատներ) մասով:
Հայտարարում եմ, որ համապատասխանում եմ ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին:
Պարտավորվում եմ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու աջակցության ամբողջ գումարը՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի՝
● այն ստանալու համար իմ կողմից տրամադրվել է ոչ ամբողջական, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկատվություն, որի համար պատրաստ եմ կրելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը.
● այն ստանալուց հետո ծրագրի գործողության ընթացքում իմ նկատմամբ հարուցվող հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակներում ընդունվել է հարկային պարտավորությունների գանձման որոշում։
Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանա ----------------- (նշել կազմակերպության անվանումը) կազմակերպության հարկման համակարգերի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների գանձման որոշման բացակայության, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվությունը:
Կից ներկայացնում եմ`
(կցվում են ծրագրի 11-րդ կետով նշված փաստաթղթերը):
Դիմող` ------------------------------
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2025 թվական:
